Աջակցությունը ցուցաբերում է Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ եւ փոխվարչապետ Ռասուլ Գուլիեւը
Այդ մասին երեկ նշել է Նյու Յորքի TurkishNY կայքէջը: Ըստ տեղեկության, Միլլի Մեջլիսի նախկին նախագահ եւ փոխվարչապետ Ռասուլ Գուլիեւը, ելույթ ունենալով Այլընտրանքային քաղաքականությունների կենտրոնում, արձանագրությունների լույսի տակ գնահատել է Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը:
Ըստ կայքէջի, նա հետահայաց վերլուծել է հայ-թուրքական հարաբերությունների 18-ամյա պատմությունը, ասելով. «Երբ հայերը գրավում էին Ադրբեջանի տարածքները, Թուրքիան ի վիճակի չեղավ դիմել ուժի կիրառմանն ու չկարողացավ դառնալ (հայ-ադրբեջանական) բանակցությունների ակտիվ մասնակիցը, որովհետեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մերժելու պատճառով զրկվել էր անկողմնակալ երկրի կարգավիճակից: Այս ամենի հետեւանքով Իրանը որպես տնտեսական ուժ ներթափանցեց Հայաստան եւ տարածաշրջանում Ռուսաստանից հետո դարձավ հայկական պետության երկրորդ դաշնակիցը: Դրան հետեւեցին հայկական լոբբիի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները, եւ Թուրքիան դարձավ թիրախ հայերի աննախադեպ ամբարտավանությամբ իրականացրած հարձակումների համար»:
Այնուհետեւ Գուլիեւը շարունակել է. «Չնայած ընդդիմադիր կուսակցությունների հակազդեցությանը, Թուրքիան հանուն ապագայի պետք է կատարի Հայաստանի հետ «հաշտեցման» այս անհրաժեշտ քայլը: Դա ոչ այնքան միջազգային ուժերի, որքան ժամանակի եւ պայմանների պահանջն է: Որքան էլ վայելի Ռուսաստանի եւ Իրանի հովանավորությունը, Հայաստանը մեկուսացված է, զրկված Եվրոպայի հետ կապից, նրա դաշնակիցներից Իրանը լիարժեք, իսկ Ռուսաստանըՙ մասնակի օտարված են Եվրոպայից, ուստի Հայաստանը չի կարողանում դաշնակիցների միջոցով կապ հաստատել Եվրոպայի հետ: Այդ առումով Թուրքիան Հայաստանի համար Եվրոպա տանող պատուհան է: Այս պատուհանը կարելի է բացել կամ փակ պահել: Սակայն երբ սովորում են ներթափանցող լույսին (ակնարկը Հայաստանի մասին է), ապա պատուհանը, խելք ունենալու դեպքում, չեն փակում: Ավելին, զգալով, որ նոր ժամանակներ են սկսել, մշակում են համապատասխան քաղաքականություն»:
Վերջում Գուլիեւը ասել է, որ Թուրքիան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ մյուս հարցերում եւս առաջնայնություն է տալիս իր քաղաքականությանը, սակայն չի կարող դավաճանել Ադրբեջանի ժողովրդին, որովհետեւ թուրք ժողովուրդը դա չի հանդուրժի:
Հ. Չ.111