ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետաքրքրական ու լարված քաղաքական շաբաթ ենք մուտք գործում. նախ` հայ-թուրքական արձանագրությունների 6-շաբաթյա քննարկման երրորդ շաբաթն է մեկնարկում, եւ ըստ էության քննարկումներ, որպես այդպիսին, չեն եղել, սա հենց սկզբից փաստենք: Անգամ Դաշնակցության սկսած հացադուլն ու նստացույցը ոչ թե քննարկում են ըստ էության, այլ սնելու են մարդկանց զգայական մակարդակը, իսկ միջին հայաստանցուն, մեկ անգամ արդեն գրել ենք, հարկավոր են փաստեր եւ փաստարկներ` եթե սահմանը բացվի, ի՞նչ է հետեւելու, եթե դեմ ենք` ինչո՞ւ: Եվ էլի փաստել ենք, որ իշխանական շրջանակների մասնագետներն են կարծես ավելի շատ խուսափում կարծիք հայտնելուց` սակավաթիվ արտահայտվածներից էլ մասնագիտական վերլուծություն ներկայացրածները քիչ են: Եթե այսպես շարունակվի` ուրեմն իրականությանը մոտ է իշխանական աղբյուրներից մեզ հասած այն տեղեկությունը, որ վերեւներում այնքան էլ չեն ուզում սրել քննարկումները կամ թույլ տալ այս հողի վրա ներքին դիմակայության մեծ ալիք բարձրանա, որովհետեւ ինչ-որ պատճառով վստահ են, թե Հայաստանի ավելի պասիվ դիրքն է շահեկան այս պահին. Թուրքիայում թող տան-առնեն եւ խորհրդարանում վիժեցնեն արձանագրությունները, իսկ Հայաստանը դրական լույսի ներքո կլինի իբր ասելու` տեսաք, Թուրքիան չի ուզում սահման բացել: Իսկ Դաշնակցության սկսած հացադուլն ու գործադուլը, վառ ելույթներն ու այս թեմայով գոնե իրենց ավանդական գծին հարիր պահվածքն ավելի շատ այս կուսակցության կերպարին դրական շեշտեր կբերեն, քան իրական քննարկումներին, քանի որ իշխանական շրջանակները նրանց փոխանցած պասը չեն վերցնում:
«Ժառանգության» խմորումների թեման դեռ սպառված չէ, ու եթե կամա թե ակամա այս թեման հասարակության ուշադրությունը շեղում էր օրակարգում այս շաբաթներին ամենաառաջնային` հայ-թուրքական թեմայից, այդպիսով` ձեռնտու էր նրանց, ում հայ-թուրքական իրական քննարկումներ պետք չեն, բայց այս թեման էլ շատ-շատ իր սրությունը պահի եւս մի շաբաթ` մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պարզաբանումները ու դրանից հետո եւս 1-2 օր, ինչը հավանաբար տեղի կունենա խորհրդարանում, քանի որ այսպես թե այնպես Րաֆֆին գալու է խորհրդարան: Իսկ այն շրջանակներին, ում ձեռնտու էր սկանդալը որպես հասարակության ուշադրությունը շեղելու միջոց, հարկ կլինի մտմտալ Աստծո ընծա այս սկանդալի բնույթի մի քանի այլ սկանդալ եւս: Ամեն դեպքում ճիշտ է, որ ուժեղ կուսակցությունը կարող է դիմագրավել ամեն տեսակ ճնշումներին, այնպես որ «Ժառանգությունը», եթե կա դեռ այդպիսի կուսակցությունն, դա կարող է անել: Իսկ այն կառույցում, ուր նախկին համախոհները միմյանց ուղղված ատելությամբ լի ուղերձներ են հղում, մնում ես զարմացած, թե էլ ինչի շուրջն էին նրանք համախոհ, չէ՞ որ որեւէ կուսակցություն պիտի որ համախոհների ակումբ լինի: Այժմ արդեն սկանդալը տեղափոխվելու է խորհրդարան, քանի որ խորհրդարանական, կարելի է ասել, կայացած խմբակցությունը, որը համալրված է, ինչպես ասում են, «խոսող» պատգամավորներով, բավական յուղոտ պատառ է, որ կուզեին ամբողջովին կամ մաս-մաս կուլ տալ մյուս խմբակցությունները, մանավանդ այլ խմբակցությունների «քոքված» եւ կուսակցական ինտրիգների ու խարդավանքների երկարատեւ ճանապարհն անցած հնաբնակների փորձի առկայության պարագայում. այնպես որ այս խմբակցության` այժմ ղեկավար դարձած երիտասարդ կուսակցականներին պետք կլինեն եւ իրենց կողքին մնացած ավագների խորհուրդները, եւ առավել շրջահայացություն ու սառը դատողություն` չուտվելու համար:
ՀԱԿ-ի մասով եւս այս շաբաթն ազդարարելու է նրանց աշնանային հրապարակային գործունեության սկիզբը` հանրահավաքով, շաբաթվա վերջին: Մինչ այդ ՀԱԿ-ականների վատ թաքցրած ուրախությունը սպրդում է ամեն անկյունից` «Ժառանգությունը», որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից ի վեր ՀԱԿ-ի անդուր մրցակիցն էր, այդպիսով կարող է տարածք ազատել ՀԱԿ-ի համար: Մնում է հասկանալ, թե դա ի՞նչ կավելացնի ՀԱԿ-ի վարկանիշին, որը թեեւ պատրաստ է հասարակության աչքին դիվիդենտներ շահել` հայ-թուրքական թեմայով, բայց դա նրան հազիվ թե հաջողվի, քանի որ 5 հոգով 7 երգ են երգում այդ թեմայով` մենակ ինչ արժեն անցած ուրբաթ օրվա ՀԱԿ-ի 2 տարբեր հայտարարությունները, որոնց հայ-թուրքական մասերը իրարից բավականին տարբերվում էին` մեկը տանելի մեղմ էր, մյուսն անհանդուրժողական, վերջինս էլ մեկ երեւում, մեկ անհետանում էր կայքերից: Դե իսկ Սուրեն Սուրենյանցի, Վահան Շիրխանյանի, Դավիթ Շահնազարյանի, Լեւոն Զուրաբյանի եւ այլ կարկառուն (մի ընկեր ունեի, ասում էր` կռկռուն) կոնգրեսականների` իրարից էականորեն տարբեր կարծիքներն այս թեմայով արդեն հուշում են, որՙ չէ, սա այն թեման չէ ՀԱԿ-ի համար, որով իշխանություններին հեռացնելու իրենց սովորական կոչերին միասնական առաջարկ կցեն:
Չի կարելի անտեսել նաեւ այն, ինչ տեղի կունենա այս շաբաթ խորհրդարանում: Միայն ինչ արժե մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի խոստումը` վերջնական զեկույց ներկայացնելու: Եթե այդ վերջնական զեկույցը հաջողվի ներկայացնել, պատկերացնո՞ւմ եք` ինչ կրքեր են թեժանալու երկուստեք: Սակայն իսկապես զարմանալի են ՀԱԿ-ական շրջանակներից արդեն երկրորդ թե երրորդ անգամ մաս-մաս հրապարակ նետվող փաստերը հենց այն պահին, երբ թվում էՙ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը. այդ փաստերին (թեկուզ վերջին լուսանակարը) ՀԱԿ-ն իր լուսանկարիչների եւ մարտի 1-ին բավականին շատ տեսախցիկ ունեցողների առկայության պարագայում պետք է որ տիրապետեր հենց ամենասկզբից եւ անգամ ոստիկանությունից ավելի շատ փաստեր ունենար իր ձեռքին: Եվ հաստատ այդպես էլ կա: Սակայն ինչ-որ պատճառով կամ հավանաբար այն պատճառով, որ ճշմարտության բացահայտումը ՀԱԿ-ի լիդերներից մի քանիսին եւս ձեռնտու չէ, դրանք այդպես էլ հասարակության սեփականությունը չեն դառնում, եւ դրանց մեկ-երկու կադր (հիշո՞ւմ եք արյան մեջ ընկած ծնոտի պատմությունը) հայտնվում են այն պահին, երբ ինչ-որ հանգուցալուծում է երեւում, ասենք` ԺՀ-ի հանգրվանային զեկույց, այժմ էլ` ավարտական զեկույց): Կարծես ինչ-որ մարդիկ սպասում են, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենալու, եւ դրանցից առաջ չեն ուզում ավարտական զեկույց, քանի որ այդ դեպքում իրենց եւս մեղադրանքներ կուղղվեն, իրենք էլ ստիպված կլինեն բացահայտել մի ճշմարտություն, որը ոչ մի կողմին ձեռնտու չէ:
Ամեն դեպքում` մուտք ենք գործում քաղաքական հագեցած առօրյա, որ սակայն հայտնի չէ, թե ի՞նչ է բերելու մեր քաղաքական դաշտին: