«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


«ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՄՏՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ»

Ի՞նչ ազդեցություն կունենա օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունը Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա: Այս հարցի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը :

Ալեքսանդր Թոփչյանը համոզված է, որ արձանագրությունը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ անպայման խնդիրներ կառաջացնի: Պատճառներից մեկն, ըստ Թոփչյանի, այն է, որ սփյուռքահայերը միատարր չեն` կան բրազիլահայեր, ամերիկահայեր, որոնք տարբեր կրոնական, քաղաքական, տնտեսական միջավայրում են ապրում, որն իր հերթին նրանց մտայնության, նկարագրի վրա է իր դրոշմը դնում:

Գրականագետի կարծիքով, օրինակ, Եվրոպայում ապրող հայերը պետք է ավելի լավ գիտակցեն այդ փաստաթղթի եւ հարաբերությունների լավացման անխուսափելիությունը, անհրաժեշտությունը եւ նույնիսկ օգտակարությունը. «Կա մի իրողություն. բնական բան չէ, որ մի հարեւանի հետ ապրում ես եւ չունես հարաբերություն, անգամ եթե այդ հարեւանը, մեր խորին համոզմամբ, ոճրագործ է: Որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին, մեր խնդիրների լուծմանը, պետք է սկսենք ինչ-որ հարաբերություններից: Չենք կարող ինչ-որ պատնեշի երկու կողմում կանգնածՙ փորձել հարաբերություն հաստատել առանց երկխոսության: Դա պետք է ընդունվի, որ հարաբերությունները կարգավորվեն, նորմալացվեն»:

Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա Ալեքսանդր Թոփչյանը նկատում է, որ մենք հիմա էլ լուրջ խնդիրներ ունենք սփյուռքի հետ. «Եվ տարօրինակ կերպով մեր մամուլը դրան կեսբերան է անդրադառնում կամ ընդհանրապես չի անդրադառնում»;

Սփյուռքի հետ մեր ունեցած խնդիրներից մեկն, ըստ բանախոսի, ուղղագրությունն է, որը շատ ծանր հետեւանքներ է թողել սփյուռքում եւ մշակութային աղետ է դարձել նրա համար. «Այնտեղ հիմա բոյկոտ են անում Հայաստանում տպագրված բոլոր գրքերը, բոյկոտ են անում տխմարավարի եւ առանց որեւէ բացատրության: Այդ մենաշնորհը թողել են մի քանի հիվանդ ուղեղների ձեռքին, եւ նրանք կարողանում են շատ վատ եղանակ ստեղծել սփյուռքում, որն էլ լեզվական, մշակութային լուրջ պառակտում է մտցրել Հայաստան-սփյուռք հարաբերություններում»:

Նույն կարծիքին է նաեւ Հակոբ Ավետիքյանը, որ իրոք, մենք խնդիրներ կունենանք սփյուռքի հետ եւ արդեն իսկ ունենք: Առավել եւս հիմա, երբ արձանագրությունները կազմվել են եւՙ առավել եւս, երբ դրանք վավերացվեն: Սակայն, ըստ նրա, «Տարբերակում պետք է մտնի պետական մոտեցման եւ հասարակական, ազգային մոտեցումների միջեւ: Պետություններին չի թուլատրված այն բաներն անել, որը կարելի է կուսակցական կամ հասարակական մակարդակով անել: Այլ խոսքով, եթե պետությունը հող է պահանջում այլ երկրից` պետք է պատրաստի ունենա թնդանոթները, «ոչ»-ի դեպքում` պետք է դրանք կրակեն»: «Հետեւաբար, ավելացրեց նա, պետությունից չպետք է պահանջել ավելին, քան հնարավոր է: Իսկ այս դեպքում, իրոք, ստեղծվել է հնարավորություն միջպետական հարաբերությունների նորմալացման»:

Հակոբ Ավետիքյանի մատուցմամբ` պետությունից պահանջվում է կատարել Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի բարելավում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, պահանջել, որ բացվեն Թուրքիայի փակած սահմանները, սահմանադռները եւ լուծվեն այն խնդիրները, որոնք գոյություն ունեն:

«Մենք գիտենք, որ չենք կարող զանց առնել Ցեղասպանությունը, ընդհակառակը` պետք է շարունակենք դրա հետապնդումը, դրա ճանաչումը եւ ամենագլխավորը` Թուրքիայի կողմից իր հանցանքի ընդունումը», ընդգծեց Հակոբ Ավետիքյանը:

Ի՞նչ պետք է անել դուրս գալու համար այս վիճակից հարցին ի պատասխան, Հակոբ Ավետիքյանը նշեց. «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է նախ համակարգում, ապա դերաբաշխում կատարել: Քանի որ ազգային գերագույն արժեքը պետականությունն է, ապա մենք պետք է ընդունենք նրաՙ պետական շահերից ու հնարավորություններից բխող դերակատարումը, իսկ նաՙ կառավարությունը, պետք է հաշվի առնի քաղաքացիների ազգային ձգտումների անկեղծությունը: Բայց առավել վտանգավոր է, երբ մենք ունենք այսպիսի փակ սահմաններ եւ չունենք դիվանագիտական, պաշտոնական հարաբերություն այդ երկրի հետ»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4