«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐՆԵՐԻՆ

Հայաստանի քաղաքական գործիչները եւ կուսակցությունները բաժանվել են երկու խմբի, մի մասն ասում է, որ հրապարակված արձանագրությունների նախագծերում նախապայմաններ կան (Թուրքիայի կողմից), մյուս մասը պնդում է, թե դրանք չկան, ու հիշում են եզան տակի հորթին: Ու փոխադարձաբար մեղադրում են միմյանց:

Վեճը սխալ առարկայի մասին է: Նախապայմաններ կան երկու կողմից էլ ու չեն կարող չլինել: Խնդիրն այն է, թե ինչ ռիսկերի պետք է գնան երկու կողմերն ու ինչ նպատակների են ձգտում: Արժե՞ն ռիսկերը այդ նպատակներին:

Ամեն մեկնՙ իր շահի հետեւից

Թուրքիան 16 տարի առաջ փակված Հայաստանի սահմանը բացելու ցանկություն է հայտնել իր կամքով, այսինքնՙ նա այդ սահմանի բացման գործում շահագրգռված է: Եվ զարմանալի կլիներ, եթե Թուրքիան ընդսմին չձգտեր այդ գործում էլ ավելի հասնել իր շահերի բավարարության, ինչպես որեւէ այլ պետություն: Ո՞վ կարող է պնդել, թե Հայաստանին վարկ տալով կամ Հայաստանի սահմանամերձ տարածքը գրավելովՙ Ռուսաստանը եւ, համապատասխանաբար, Վրաստանը, առաջին հերթին իրենց շահերին հետամուտ չեն:

Եվ այսպես, Թուրքիան համարո՞ւմ է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը իր շահերին հակասում է: Անշուշտ: Որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացումը իր շահերին հակասում է: Անկասկած: Հետեւաբար նա շարունակելու է իր շահերը պաշտպանելուն մղված գործողություններ անել (այսինքնՙ խոչընդոտել Ցեղասպանության ճանաչմանն ու օգնել Ադրբեջանին) նաեւ հիշյալ արձանագրությունները ստորագրելուց ու վավերացնելուց հետո: Թուրքիան կշարունակի փորձել պաշտպանել Ադրբեջանի շահերը, նույնիսկ եթե հիշյալ արձանագրությունները պարունակեին, համաձայն իմ կողմից շատ հարգված պրն Վարդան Օսկանյանի ցանկության, հետեւյալ նախադասությունը. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա անկախ ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքից»:

Եվ նմանապես, Հայաստանը համարո՞ւմ է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը իր շահերին համապատախանում է: Անշուշտ: Որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի նկրտումներից պաշտպանելը իր շահերին համապատասխանում է: Անկասկած: Հետեւաբար նա ձգտելու է այդ նպատակներին հասնել նաեւ այդ արձանագրությունները ստորագրելուց ու վավերացնելուց հետո:

Ամրագրենք այս ակնհայտ հանգամանքները եւ առաջ գնանք:

Հայաստանի շահըՙ ա, բ եւ գ

Հիմաՙ թերեւս ամեակարեւոր գործոնի մասին: Այն էՙ Հայաստանն իրոք խիստ շահագրգռված է սահմնները վերաբացելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու: Այնքան խիստ, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում դրա կարեւորությունը: Իրոք, եթե հայ-թուրքական սահմանը բաց լինի, ապաՙ

ա) Հայաստանը մի հզոր հաղթանակ կտանի Ղարաբաղի համար պայքարում: Ադրբեջանի հզորությունը առնվազն կկիսվի: Հիմա մենք Ադրբեջանի դեմ կռվի երկու ֆիզիկական ճակատ ունենք, կմնա մեկը: Եկեք չմոռանանք, որ մենք ղարաբաղյան դիվանագիտական պայքարում դեռ չենք հաղթել:

բ) Հայաստանը կազատվի Վրաստանից ունեցած միակողմանի կախվածությունից: Սովորաբար նշվում է այս կախվածության միայն տնտեսական կողմը, այն, որ կունենանք այլընտրանքային երկաթուղի, հուսալի ու էժան մատակարարում եւ այլն: Ու բոլորովին չի հիշատակվում այս կախվածության քաղաքական գինը. չէ՞ որ դրա պատճառով մենք ստիպված աչք ենք փակում Վրաստանի կառավարության ու վրացիների, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, ամեն տեսակի հակահայկական գործողությունների վրա: Ստիպվա՛ծ ենք: Կազատվենք:

գ) Տնտեսական արդյունքը իրականում որոշվում է ոչ այնքան եւ նույնիսկ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմամբ, որքան նրանով, որ Հայաստանի առջեւ կբացվի Թուրքիայի շուկան: Մոռանում ենք, որ մենք գտնվում ենք աշխարհում նմանը չունեցող իրավիճակում, Թուրքիայից Հայաստան է գալիս տարեկան 200 միլիոն դոլարի ապրանք, հակառակ ուղղությամբ ճանապարհը փակ է: Երկյուղ են արտահայտում, որ մեր շուկան կբացվի նրանց առաջ, թեեւ մերը երբեք էլ փակ չի եղել: Բայց համարյա չեն խոսում, թե ինչ կլինի, երբ Հայաստանի ապրանքների շուկան 3 միլիոն սպառողի փոխարեն ունենա 70 միլիոն, այն էլ հենց իր կողքին, ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչպես օրինակՙ Ռուսաստանը: Սա կլինի արդեն մի բոլորովին ուրիշ Հայաստան: Թե ինչ ներդրումներ ու ներդնողներ կհոսեն դեպի այդ Հայաստանը, ոչ մի կերպ հնարավոր չէ կանխատեսել: Կարելի է միայն հիշել այն ներդնողների ոչ փոքր քանակը, ովքեր հրաժարվել են Հայաստան գալու մտքից նրա շուկայի փոքրության պատճառով:

Ու նորից շեշտենք. սահմանի բացմամբ շահագրռված է նաեւ Թուրքիան: Նա ունի դրա համար իր պատճառները, որոնց վրա հիմա չենք ծանրանա:

Կշեռքի մյուս նժարը

Այսքանն ամրագրելուց հետո դառնանք այն «անընդունելի նախապայմաններին», որոնց մասին խոսում են արձանագրությունների քննադատները:

Առաջին «նախպայման». պատմական հարցերով հանձնաժողովը: Ասվում է, որ նրա առկայությունը (իսկ ըստ նույն Վարդան Օսկանյանի, արդեն իսկ արձանագրությունների նախաստորագրման փաստը) առիթ կլինի, որ Թուրքիան աջուձախ հայտարարի, թե պետք չէ, որ այլ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ իրենք հայերի հետ պարզում են այդ հարցը: Ենթադրենք, թե կասի: Հայաստանըՙ հանձին Սերժ Սարգսյանի, հայտարարել է, որ Ցեղասպանությունը սակարկման խնդիր չէ, բայց Թուրքիան, իհարկե, կասի, ինչպես մինչեւ հիմա է ասել, որ Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին: Ո՞ւմ կհամոզի Թուրքիան եւ ո՞ւմՙ Հայաստանը:

«Կհամոզվեն», ինչպես միշտ, նրանք, ովքեր ցանկանում են համոզվել: Իմիջիայլոց, շա՞տ են այսօր նրանք, ովքեր «ցանկանում են համոզվել», որ 1915 թվականին եղել է Ցեղասպանություն: Այլ կերպ ասած, շա՞տ են այն խորհրդարանները, որոնցում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Որքան ես գիտեմ, հիմա կա միայն մեկ այդպիսի խորհրդարանՙ ԱՄՆ-ի Կոնգրեսը: Վերջին հինգ տարում ոչ մի ուրիշ երկիր մեր օգտին «համոզվելու» մղումներ չի ունեցել: Եվ այդ մեկ խորհրդարանըՙ ԱՄՆ-ի Կոնգրեսը եւս, «կհամոզվի», որ Ցեղասպանություն իրոք տեղի ունեցել է, միայն այն դեպքում, երբ դա բխի իր շահերից: Ոչ շուտ ու ոչ ուշ: Ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները դրանում ոչ մի դեր չեն խաղալու:

Լա՜վ, ենթադրենք, թե խաղալու են: Բայց եկեք կշեռքի մի նժարին դնենք վերը հիշված ա, բ, եւ գ կետերը, մյուսինՙ ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչումը: Ո՞րն է ավելի պետք այսօրվա Հայաստանի Հանրապետությանը:

Հիշենք, որ Ցեղասպանության ճանաչման այնպիսի մի ջատագով, ինչպիսին ամերիկահայ հայտնի խմբագիր Հարութ Սասունյանն է, բազմիցս ասել է, որ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը ոչ մի նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ը վաղուց արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նախագահ Ռոնալդ Ռեյգանի շուրթերով:

Վերջապես, առավել պարզեցնեք մեր խնդիրըՙ հիշեցնելով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինի մի մասն է կազմում: Հիմաՙ ի՞նչն է ավելի կարեւոր մեր ազգային անվտանգության համար: Եվս մեկ (կամ թեկուզՙ հինգ) օտարերկրյա խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչման անորոշ հեռանկա՞րը, թե՞ դարձյալ վերը հիշված ա, բ եւ գ կետերը, որոնց հասնելու իրական շանս է առաջացել:

Երկրորդ «անընդունելի նախապայմանն» է այն, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ձգձգել արձանագրությունների վավերացումըՙ պահանջելով, որ Հայաստանը զիջումների անի Ղարաբաղի հարցում, թեեւ այդ հարցը ամենեւին չկա արձանագրություններում: Իրոք կարող է: Ու ոչ միայն Ղարաբաղի հարցում, կարող է դնել նաեւ այլ պահանջներ, որոնք հիմա մեր մտքով չեն անցնում: Հետո՞ ինչ: Հիմա էլ է Թուրքիան փորձում հարկադրել մեզ կատարել Ադրբեջանի պահանջները: Հիմա էլ են Մինսկի խմբի եռանախագահները ճնշում գործադրում: Ի՞նչ կփոխվի, եթե ստորագրենք արձանագրությունները: Եթե մի փորձ անենք հասնելու վերը հիշված ա, բ եւ գ նպատակներին: Ոչինչ էլ չի փոխվի: Միայն շանս կառաջանաՙ հասնելու այդ ա, բ եւ գ նպատակներին: Շանս, որ կարող է եւ չիրականանալ: Այսինքն, իրերը կարող են մնալ այսօրվա վիճակում, երբ չունենք հարաբերութուններ Թուրքիայի հետ: Կարող են մնալ, բայց կարծես թե չեն մնալու, որովհետեւ Թուրքիան, ինչպես երեւում է, իրոք շահագրգռված է վիճակը փոխելու (թե չէՙ չէր նախաստորագրի այս թղթերը): Ուրեմնՙ շանս ունենք հասնելու վերը հիշված ա, բ եւ գ նպատակներին: Ուրեմնՙ արժե փորձել:

Այս հարցի կապակցությամբ Վարդան Օսկայանը գրում է. «... եթե այս արձանագրությունների վավերացումը տեղի ունենա... նախքան Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի ժամկետը... կարելի է վստահ լինել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստացել են բավարար երաշխիքներ Ղարաբաղին հարող տարածքների վերադարձի եւ ԼՂՀ կարգավիճակի շուրջը»: («168 ժամ», սեպտեմբերի 10): Լավ, այդ ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ Հայաստանից (Հայաստանի ղեկավարությունից) հիմա չի կարելի ստանալ, բայց արձանագրությունների վավերացումից հետո կարելի է: Անհասկանալի է: Ի՞նչ է փոխվելու այդ վավերացումից հետո: Ինչո՞ւ պետք է Հայաստանի իշխանությունները հակված լինեն տարածքները հանձնելու վավերացման դիմաց: Գուցե օտարները կփորձեն օգտվել Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդրի՞ց, ինչպես որոշ արտասահմանյան ատյաններ ակնարկում են: Բայց այդ խնդիրը նույնպես կա նաեւ այսօր: Դժվար է հասկանալ հարգելի նախկին արտգործնախարարին:

Եվ վերջինըՙ սահմանների հարցը: Անկասկած, ամենացավոտ հարցն է, ինձ թույլ կտամ ասելՙ ավելի ցավոտ, քան Ցեղասպանության հարցը: Այն պարզ պատճառով, որ Ցեղասպանության զոհերին վերադարձնել հնարավոր չէ, իսկ կոմունիստների ու Մուստաֆա Քեմալի գծած սահմանի փոփոխության, այն էՙ պատմական մեր հողերը գոնե մասամբ վերագտնելու հույսը մնում է ու միշտ կմնա: Արդՙ սույն արձանագրությունները ամրագրո՞ւմ են այդ սահմանները, թե՞ ոչ: Դիվանագետներն ասում են, թե վիճելի տարածքների հարցը միշտ էլ կարելի է բարձրացնել, հարաբերությունների հաստատումը պարտադիր չէ, որ նշանակի սահմանների մեկընդմիշտ ու վերջնական ճանաչում: Վերջ ի վերջո, արձանագրությունների վավերացման պարագայում էլ Հայաստանը միշտ ազատ է դրանց այս կամ այն դրույթը չեղյալ հայտարարելու (իսկ կարո՞ղ է որեւէ մեկը երաշխիք տալ, որ սահմանը բացելուց որոշ ժամանակ անց Թուրքիան նորից չի փակի այն): Չգիտեմ: Մի բան պարզ է, որ մեր հողերին որեւէ կերպ տիրություն անելու համար մենք պետք է մեր կեղեւում փակված չմնանք, այլ գոնե ունենանք բաց սահման ու նորմալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ: Հակառակ տեսակետի կողմնակիցները կարո՞ղ են ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է արել պատմական հողերը վերադարձնելու համար այս վիճակում: Ու ի՞նչ կարող է անել: Սահմանի վրա պլակա՞տ դնելՙ «Տվե՛ք մեր հողերը»: Թե՞ բանակը շարժել դեպի Արեւմտյան Հայաստան: Եթե շատ ցանկություն կա այս վերջին տարբերակով գործելու, ապա դրան էլ արձանագրությունները թերեւս չեն խանգարի:

Դարձյալ պետք է արձագանքեմ Վարդան Օսկանյանի արտահայտած կարծիքին: Սահմանների կետի մասին նա գրում է. «Տարածքային ամբողջականության շեշտադրումը միջազգայնորեն ընդունված այն ձեւակերպումն է, որը լուծում է սահմանների հետ կապված մտահոգության խնդիրը, միեւնույն ժամանակ չզրկելով մեզ պատմական արդարությանը հետամուտ լինելու մեր իրավունքից: Մինչդեռ փաստաթղթում այնուհետեւ արձանագրված «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում» ձեւակերպումից պետք էր խուսափել ամեն գնով:» Ակնհայտորեն, նա իրավացի է: Բայց որքանո՞վ էր իրական խուսափել այս արձանագրություններում «ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում» ձեւակերպումից: Չէ՞ որ թուրքական կողմում էլ անփորձ մանկիկներ չեն նստած ու գիտեն, թե ինչ են ուզում հայերն իրենցից: Չափազանց տարբեր «քաշային կատեգորիաներ» ունեն բանակցող երկրները, բավական է հիշել միայն բնակչության տարբերությունները: Ըստ երեւույթին, սա իրոք այն նախապայմանն է, որի ընդունումից հայկական կողմը չէր կարող խուսափել, եթե ուզում էր ունենալ վերոհիշյալ ա, բ եւ գ կետերը:

Փորձե՞լ, թե՞ ոչ

Կա եւս մի պատճառ, որ կասկած է հարուցում այս գործերի առթիվ, դա այն է, թե ովքեր են դրանք իրականացնողները: Առաջին անգամ չէ, որ ասել եմ, թե ներկայիս իշխող քաղաքական վերնախավը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Նրա բնութագրերն ենՙ անվճռական ու քինախնդիր, եւ նա, այդ վերնախավը, իր այս բացասական հատկանիշներով ամեն քայլափոխին վարակում է հասարակությանը: Նման քաղաքական վերնախավի պարագայում միշտ երկյուղ կա, որ նա կարող է չլինել բավականաչափ հուսալի: Սակայն ինչ վերաբերում է այս արձանագրություններին, ապա, որքան ցույց է տալիս վերն արված վերլուծությունը, առ այսօր երկրի առկա քաղաքական ղեկավարությունը արել է լավագույն հնարավորը: Հույս կա, որ ապագայում էլ այդպես կլինի: Առավել եւս, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանական վերնախավի ու նրա ամենազորեղ հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները խորքում բավական նման են, ու Տեր-Պետրոսյանը հետագայում եւս կջանա աջակցել այս հարցում Սերժ Սարգսյանին:

Պետք է հնարավորություն տալ, որ փորձ անենք սահմանը բացել տալու: Այս պատեհությունը եթե կորցնենք, նորը կարող է չլինել երկար ժամանակ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4