Այսօրվանից Հայ հեղափոխական դաշնակցությունը մի շարք միջոցառումներով իր անհամաձայնությունը կարտահայտի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մասնավորապես դաշնակցական մի շարք գործիչներ իրենց բողոքը կարտահայտեն հացադուլով եւ նստացույցով: Դրանք կմեկնարկեն ժամը երկուսին արտգործնախարարության եւ կառավարության շենքերի դիմաց: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հացադուլը համարում է ճիշտ ակցիա: «Ցուցադրական նշանակություն ունի եւ քաղաքակիրթ ազդեցության մեթոդ է»: Նրա խոսքերովՙ բողոքի ակցիաները կշարունակվեն առաջիկա 4-5 շաբաթվա ընթացքում, քանի որ հասարակությունն ու առաջին հերթին ՀՅԴ-ն բավարարված չեն քննարկումների ընթացքով: Դաշնակցական գործչին մտահոգում է, որ արձանագրության հրապարակումից անցել է երկու շաբաթ, սակայն լիարժեք քննարկումներ տեղի չեն ունեցել:
«Հասարակության մեջ կան խմորումներ, առավել ակտիվ կուսակցությունները հայտնում են իրենց տեսակետները, մտահոգությունները, բայց արձագանք չկա: Քննարկում տեղի չի ունենում ի տարբերություն Թուրքիայի, որտեղ արտգործնախարար Դավութօղլուն լայն միջոցառումներ է անցկացնում եւ հանդիպում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ»:
Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանում նմանօրինակ միջոցառումներ տեղի չեն ունենում, որովհետեւ իշխանությունները հասկանում են, թե որքան թույլ են իրենց փաստարկները բանավիճելու համար: Դաշնակցականներն առաջարկում են խորհրդարանական լսումներ անցկացնել փորձագետների ու արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ: Առաջարկն արդեն արժանացել է «Ժառանգության» հավանությանը, սակայն ԱԺ մնացած երեք կուսակցություններն այդ կապակցությամբ շարունակում են լռել: «Խորհրդարանական քննարկումը պարտադրանք է փաստաթղթում ամրագրված պահանջի, որովհետեւ, համաձայն սահմանադրության, խորհրդարանը քննարկում ու քվեարկում է միայն պայմանագրեր: Արձանագրությունը պայմանագիր չէ: Թեպետ շատ լավ տեսնում ենք, որ դրա տակ խցկված են պայմանագրային դրույթներ»:
Թե ինչի համար է վեցշաբաթյա ժամկետը, երբ հայտնի չէ` հնարավոր կլինի՞ արձանագրությունները ենթարկել փոփոխության, Հովհաննիսյանն առաջարկում է դիմել արտգործնախարար Նալբանդյանին, «ով, կարծում եմ, գյուղատնտեսական գիտելիքներից բացի, կունենա նաեւ այս հարցի պատասխանը»:
Դաշնակցական գործիչը համոզված է, որ արձանագրությունը քարացած չէ, եւ անպայման կլինեն փոփոխության հնարավորություններ: Այլ հարց է, որ փոփոխողները, այսինքնՙ փաստաթղթի տակ ստորագրողները, պետք է տրամադրված լինեն փոփոխությունների մասին լսել: «Չեմ կարծում, որ փոփոխության մեխանիզմ չկա, բայց մեզ այդ մեխանիզմի մասին ոչինչ չեն ասում: Որովհետեւ եթե մեխանիզմ չկա եւ պետք է ստորագրվի արձանագրությունն առանց որեւէ բառի փոփոխման, ապա ինչի՞ համար են խորհրդարանական քննարկումները կամ տրամադրված վեցշաբաթյա ժամանակահատվածը»:
Քանի որ հարցերի պատասխանը իշխանությունից չեն ստանում, դաշնակցականներն առաջարկում են հասարակությանը շահերի համար կռիվ տալ, պարտադրել փոխել արձանագրությունները:
Դաշնակցությունը կտարածի նաեւ փաստաթուղթՙ ներկայացնելուՙ որ կետերում ինչպիսի փոփոխություններ է առաջարկում ու պահանջում:
Ըստ լուրերի, սեպտեմբերի 17-ին նախագահ Սարգսյանը կհրավիրի կլոր սեղան` մի քանի տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Երկրի նախագահն արդեն երկու անգամ այդպիսի միջոցառում է կազմակերպել, նախՙ ղարաբաղյան հարցի կապակցությամբ, այնուհետեւՙ տնտեսական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանը ողջունում է նախագահի քայլը, սակայն բավարար չի համարում: «Որովհետեւ հավաքվածների հնարավորությունները` ազդելու հասարակական կարծիքի վրա, հավասար չեն լինի: Հետեւաբար այդ դժգոհությունները չեն հասնի հասարակությանը: Խորհրդարանական լսումներն այլ բնույթի են, դրանց արդյունքում հնարավոր է, որ ծնվի ԱԺ-ի կողմից այլ առաջարկ»:
Դաշնակցական գործիչը եւս մեկ անգամ հաստատեց, որ շարունակում են պահանջել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ արտգործնախարարի հրաժարականը: Իսկ վերջերս Գալուստ Սահակյանի արած այն արտահայտությանը, թե «պետք է աղոթենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չտա», Հովհաննիսյանը պատասխանեց. «Աղոթողներ շատ կան եւ հավանաբար նրանց տեսակետն է արտահայտում պարոն Սահակյանը, բայց այնքան շատ չեն, որ Աստված պարտավորված լինի»:
Թե ինչու իրեն արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ը կտրուկ չի արտահայտվում արձանագրությունների վերաբերյալ, դաշնակցականն ասաց. «Որովհետեւ կատարվում է նրանց ուզածը: Մոտավորապես հին ծրագրով, որ մեջտեղ էր եկել 90-ականների կեսերին, պարզապես այն ժամանակ չկարողացան իրականացնել, որովհետեւ պատերազմ էր եւ պատերազմում շատ ուժեղ էր այն թեւը, որ թույլ չտվեց, եւ նա հրաժարական տվեց (նկատի ունի Լեւոն Տեր Պետրոսյանին-Հ.Հ.): Սակայն հիմա, մեր երկրի սխալ ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ Թուրքիային եւ նրա հովանավորողներին թվում է, թե ճգնաժամի կամ ռուս-վրացական պատերազմի ֆոնի վրա Հայաստանին հնարավոր կլինի պարտադրել այն, ինչ չհաջողվեց 15 տարի առաջ», նկատեց Հովհաննիսյանը:
«Կհաջողվի՞ Դաշնակցությանը, որ Սերժ Սարգսյանի գործընթացը չիրականանա» հարցին ՀՅԴ բյուրոյի անդամն ասաց. «Ամեն ինչ կանենք դրա համար: Շատ վտանագավոր ընթացք է, եւ հասարակությունը պետք է ողջ ուժով կարծրանա դրա վրա»:
«Ժառանգությանը» հարվածում են ու չարախնդում
«Հուսով եմՙ «Ժառանգությունը» հաջողությամբ եւ առողջ ուժերով դուրս կգա ստեղծված իրավիճակից: Բայց պարզ է, թե ինչ է տեղի ունեցել: Մի կողմից անընդհատ ճնշում Հայ ազգային կոնգրեսի, մյուս կողմից` իշխանության: Երկուսին էլ ձեռնտու է, որ «Ժառանգությունը» կոտրվի ու թուլանա: Մեկը հարվածում է, մյուսը` չարախնդում», նկատում է Վահան Հովհաննիսյանը: Նա վստահեցնում է, որ այդպիսի ճնշումներ գործադրվում են նաեւ ՀՅԴ-ի վրա: Բայց ի տարբերություն «Ժառանգության», Դաշնակցությունն ավելի պինդ է եւ սովոր նման ճնշումների: «Նման ճնշում մենք էլ ենք զգումՙ թե՛ ծայրահեղ ընդդիմադիր ուժերի եւ թե՛ նրանցից առանձնապես չտարբերվող ծայրահեղ իշխանամետ ուժերի ու նրանց սպասարկող լրատվամիջոցների: Անընդհատ տեսնում ես մի կողմից Դաշնակցությանը ծայրահեղության դրդելու միտում, մյուս կողմիցՙ ձեւական հիասթափություն եւ հուսալքություն սերմանելու փորձ հենց մեր մեջ: Երկուսն էլ չեն հաջողվի, բայց ճնշումներ կան»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ