Գումարների բացահայտ շորթմամբ ուղեկցվող գործընթացի ժամանակ
Պարզվում է, որ անկախ նրանիցՙ ուրախալի իրադարձություն է հետդ կատարվում, թե ցավալի, ստիպված ես բախվել որոշ պետական կառույցների բացահայտ կաշառակերության փաստերին: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում, գերեզմանոցներում նման վիճակի անթույլատրելիության մասին մի քանի ամիս առաջ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ խնդիր դրեց արմատական փոփոխություններ կատարել այս ոլորտներում: Կառավարության վերջին նիստում վարչապետը վերստին անդրադարձավ այս հարցերինՙ փաստելով, որ թեեւ խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն, բայց բարելավվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Սակայն, եթե դա կարելի է ասել, անձնագրերի ու վիզաների վարչության կամ գերեզմանոցներում մատուցվող ծառայությունների մասին, ապա նույնը չի կարելի ասել ոստիկանության մեկ այլ ստորաբաժանմանՙ ճանապարհային ոստիկանության մեքենաների գրանցմամբ զբաղվող բաժնում: Այստեղ ոչ թե ծառայություններ են մատուցվում, այլ զբաղված են ծառայությունների ապօրինի վաճառքով:
Այն, ինչ պատմեց ավտոմեքենան գրանցած քաղաքացին, այցելելով մեր խմբագրություն, ապշեցուցիչ էր իր բացահայտ լկտիությամբ, եւ այլ կերպ, քան ծաղրուծանակ մեր քաղաքացիների նկատմամբ, անվանել չես կարող: Ընդ որում, այդ վիճակի մասին գիտեն բոլոր ավտոմեքենա գնած մարդիկՙ սեփական, գերատեսչական, թե մասնավոր ընկերության համար:
Ինչպիսի՞ն է գումարի շորթման շղթան, երբ ստիպված ես լինում անցնել «գայիչնիկների» թրի տակով: Մեքենան ձեռք բերելուց եւ առքուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացումից հետո դիմում ես ճանապարհային ոստիկանության համապատասխան տարածքային բաժնին: Նախ պետք է դիմում գրես: Թեեւ դիմում գրելու համար բլանկով թուղթը դրված է, բայց ոչ ոք չի համարձակվի նման քայլի դիմել: Դիմում գրելու մենաշնորհն ունի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «ինչ-որ տղա, որը տեղի աշխատակից է», եւ յուրաքանչյուր դիմումի համար նրան պետք է վճարել... 2 հազար դրամ:
«Ի՞նչ կլինի, եթե ինքդ գրես դիմումը եւ հանձնես» հարցին մեքենա գնած մեր զրուցակիցը, որն, ի դեպ, ուներ բարձրագույն կրթություն եւ դիմում գրելու որեւէ դժվարություն չուներ, պատասխանեց, որ դա հնարավոր չէ: Այդ դեպքում անպայման ինչ-որ թերություն կգտնեն ու կհրաժարվեն ընդունել: «Ընդունված է, որ դիմումը պետք է գրի այդ տղան եւ առձեռն ստանա 2 հազար դրամ», ասաց նա ու շարունակեց, որ այդ դիմումը, օրինականորեն մուծված պետական տուրքերի կտրոնների հետ գնորդը (եւ ոչ թե դիմում գրող տղան) տանում է տվյալ բաժնի «ԳԱԻ պետի մոտ»: Պետը մակագրում է, որպեսզի տեսուչներից մեկը զբաղվի գրանցմամբ: Այստեղից սկսվում է մեքենայի գրանցման առավել ծախսատար մասը, որից ոչ մի տեղ փախչել չես կարող: Թեթեւ բեռնատարների համար պետք է վճարես 25-30 հազար դրամ, բեռնատարների համարՙ 30-35 հազար դրամ: Միամիտներին ասենք, որ սա նույնպես կապ չունի պետական, օրինական վճարների հետ: Սա կաշառք է, որը տրվում է տվյալ տեսուչինՙ առձեռն, որպեսզի ինքը մակագրի եւ գրանցման գործընթացը շարունակվի: «Եթե չտանք, գրանցումը կձգձգեն: Սկզբից կասենՙ դեղատուփ եւ կրակմարիչ չկա: Դրանք կբերենք, բայց այդ դեպքում արդեն իրենք ժամանակ չեն ունենա մեզ ընդունելու: Ասում ենՙ վաղը եկեք, ընդմիջումից հետո, բայց կաշառքը տվողներին անմիջապես ընդունում են»:
Գրանցման գործընթացի ամենամեծ կաշառքը մուծելով, սակայն, գումարի շորթման մեքենան չի դադարում գործելուց: Վճարեցիր, հետո իջնում ես ներքեւ, որտեղ մեկ այլ պատուհանից մեքենայի տեխանձնագիրն են տալիս: Այդտեղ էլ 3 հազար դրամ ես տալիս: Ընդ որում, տալիս են ժամանակավոր տեխանձնագիրՙ թղթի վրա տպած: Միայն 1 տարի հետո են տալիս պլաստիկ անձնագիր, որը նույնպես իր գինն ունիՙ 5-6 հազար դրամ: Դա շորթում են 1 տարի հետո: Ի դեպ, 1 տարվա ժամկետի մասին: Զավեշտ է, բայց մեր երկրում կարելի է, օրինակ, 3 օրում անշարժ գույք գրանցել, իսկ մեքենայի անձնագիրը պատրաստել... 1 տարում: Երեւակայությունը չի բավարարում անգամ պատկերացնելու, թե ինչպես է 365 օր շարունակ մեքենայի տեխանձանգիր պատրաստվում: Թվում է, թե սրանով վերջապես ավարտվում է գումարներ բաժանելու եւ սրա-նրա առջեւ ստորանալու շղթան, բայց ոչ...
Ինչպես հայտնեց խմբագրության մեր այցելուն, 2 հազար դրամ կաշառք էլ տալիս ես, որպեսզի պարզապես համակարգչով ստուգենՙ մեքենան Ինտերպոլով հետախուզման մե՞ջ է, թե՞ ոչ: Վերջում էլ 1000 դրամ տալիս ես «քաղաքացիական հագուստով մի տղայի», որը նայում է շարժիչի եւ թափքի համարները ու գրում էՙ դրանք համապատասխանում են չափանիշներին:
Ամփոփենք, ավտոմեքենա ձեռք բերելու ուրախությունդ մթագնվում է 35-40 հազար դրամ կաշառքների վճարմամբ (պետական վճարումները կազմում են մոտ 25 հազար դրամ): Յուրաքանչյուր մեքենայից այդքան գումար է մուտք գործում ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ բաժնի աշխատակիցների գրպանը: Մնում է հաշվել, թե տարեկան մեքենաների առքուվաճառքի քանի հազար գործարք է գրանցվում Հայաստանում, որքան ապօրինի գումարներ են խժռում մեր փառապանծ «գայիչնիկները» եւ որքան են տուժում ավտոմեքենա ձեռք բերած մեր քաղաքացիները եւ ընկերությունները այդ մակաբույծների պատճառով: Անհաշվելի են միայն քաղաքացիների նյարդերի ու ժամանակի կորուստը, բացի նյութականից, նրանց նաեւ բարոյական վնասը եւ նույն «գայիչնիկների» հասցեին ուղղված հայհոյանքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ