Եթե հետագայում լսեք, որ Միշել Լեգրանն ու իր տիկինը հայերի եւ ընդհանրապես Հայաստանի մասին բացասական վերաբերմունք ունենան ու հայերին դասեն աշխարհի ամենաանքաղաքակիրթ, աննրբանկատ եւ անշնորհք ժողովուրդների շարքը, չզարմանաք, դրա պատճառը նրանք լիովին ունեն: Ապացույցը երեկ «Երեւան» հյուրանոցում կայացած «ասուլիսն» էր (ցավոք, հանդիպման իրական արտացոլանքը բառերով հնարավոր չէ արատահայտել):
Որ Միշել Լեգրանը մեծություն է եւ նրան պետք է դիմավորել համաշխարհային երաժշտին վայել, փաստ էր, որ հասկանում էին երեւի միայն ասուլիս ժամանած մի քանի տասնյակ լրագրողներ: Որ Լեգրանի համերգը պետք է հովանավորեին տեղական ու միջազգային ամենահայտնի ընկերությունները, որեւէ մեկին չզարմացրեց, սակայն զարմանալին, ապշեցուցիչն այն էր, որ այդ նույն կազմակերպիչ-հովանավորները, որ նստած էին Լեգրանի կողքին ու գոհունակությամբ ժպտում էին տեսախցիկիներին, չէին կարողացել գտնել ֆրանսերենի մասնագետի, որը կկարողանար արժանավայել անցկացնել ասուլիսը: Այստեղ պետք է ընդհանրական ու հաստատ պատասխան չունեցող հարց հնչեցնել, թե հովանավորչական գումարները, որոնց մասին այդքան սիրում են բարձրաձայնել, ինչի վրա են ծախսվել, երբ անգամ թարգմանչի չեն կարողացել գտնել:
Մինչ ասուլիսի մեկնարկը ՎՏԲ բանկի ներկայացուցիչը հայտարարեց, որ թարգամանիչ չունենՙ եւ ասուլիսի ժամանակ հարցերը ֆրանսերեն կթարգմանի ԱՊՀ տարածքում Միշել Լեգրանի եւ Շառլ Ազնավուրի պրոդյուսերներից հայազգի Սուրեն Ապիկյանը: Վերջինս, չգիտես ինչու, խոսում ու «թարգմանում» էր ռուսերեն: Մինչ մեկնարկը լրագրողներին արհամարհական ու հանդիմանական տոնով ասաց, որ հարցերը լինեն կարճ ու տեղին: Երեւի Ապիկյանը ենթադրել է, որ կարճ հարցերի համար պետք է հնչեն կարճ պատասախաններ եւ Լեգրանին էլ հորդորում էր հարցերին կարճ պատասխանել: Օրինակՙ «Ո՛չ, նա Հայաստանում որեւէ նախագիծ չունի, դե որ առաջարկենՙ կանի», ու այսպես շարունակ ու անպայման նախադասությունների մեջտեղում հովանավորների երեսին իրավացիորեն շպրտում էր, որ թարգմանությունն իր գործը չէ. «Չեք կարողանում ասուլիս կազմակերպել»: Կամՙ «Խի, ասուլիսը ըսե՞նց են կազմակերպում, թարգմանիչ էլ չկա»:
Միշել Լեգրանին հարց ուղղելու հնարավորություն ընձեռվեց նաեւ «Ազգ» օրաթերթին, սակայն թարգմանվեց սխալ: «Ձեր առաջին մենահամերգն է Հայաստանում, ինչպիսի՞ն են զգացողությունները, ի՞նչ եք ակնկալում հայ հանդիսատեսից» հարցն ամենայն հավանակնությամբ թարգմանվեցՙ «Արդյոք առաջին անգա՞մ եք Հայաստանում: Ինչպիսի՞ն են զգացողությունները», որովհետեւ Լեգրանը զարմացական ու մի քիչ էլ վիրավորված տոնով պատասխանեց, որ Հայաստան է եկել 1984-ին: Բառերով անհնար է ներկայացնել Լեգրանի դեմքի արտահայտությունը, երբ նա պատասխանում էր սխալ թարգմանված հարցին ու երեւի մտածում. «Այս ո՞ւր եմ ընկել»:
Լրագրողների բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չէին գտնում, կամ էլՙ մի երկու տողով ու առանց որոշակի բովանադակության: Ի վերջո տիկին Լեգրանի համբերության բաժակը լցվեց ու ասուլիսի վերջում նա կարողացավ հյուրանոցում գտնել երիտասարդ աղջկա, որ կիսաֆրանսերեն, կիսաանգլերեն, մի քանի լրագրողների միջամատությամբ կարողացավ թարգմանել Լեգրանի մտքերը:
Հայ լրագրողների համար պարզ դարձավ, որ ներկայումս կոմպոզիտորը բավական ծրագրեր ունի: Գրում է մյուզիքլներ, շուտով Լոնդոնում կկայանա միանգամից երկու օպերայի պրեմիերա: Վերջին շրջանում պատրաստել է 3 մյուզիքլ կոմեդիայի ժանրում: Մյուս տարի տեղի կունենա «Կույր սերը» ֆիլմի պրեմիերան, որտեղ Լեգրանը ներկայանում է որպես ռեժիսոր:
Մինչ ասուլիսի մեկնարկը լրագրողների խանդավառությունը ասուլիսի կեսից արդեն կորավ, իսկ վերջում նպատակը մեկն էր` հնարավորության սահմաններում շուտ փախչել այդ խայտառակությունից: Երեւի Լեգրանն էլ էր նույնը երազում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ