Հուլիսի 30-ին բազմաժանր երաժշտության գալահամերգով բացվեց «Բաց երաժշտություն» փառատոնը, որի կազմակերպիչներն ի սկզբանե խոստացան երաժշտական հրավառություն եւ անակնկալների շարք: Ու թեեւ փառատոնի 23 համերգների մի մասը դեռ տեղի չի ունեցել, սակայն արդեն կարելի է ասել, որ երկու խոստումներն էլ կատարված ենՙ դատելով ունկնդիր-հանդիսատեսի ակտիվությունից եւ յուրաքանչյուր համերգում առկա անակնկալից: Այս անգամ անակնկալն ամերիկյան «Այստեղ» ֆիլմի նկարահանման ընթացքը պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունն է լինելու: Ռեժիսոր Բրադեն Քինգի «Այստեղ» ֆիլմը, որն առաջին ամերիկյան գեղարվեստական ֆիլմն է ամբողջությամբ նկարահանված Հայաստանում եւ Արցախում, պատմում է արբանյակային քարտեզագրման մասնագետի եւ Հայաստանում ծնված ու Կանադա տեղափոխված երիտասարդ տիկնոջ ծանոթության հենքով զարգացող մերօրյա իրականությունը:
«Տարին մեկ Հայաստան եմ գալիս սկսած 2004 թվականիցՙ ընտրելու ֆիլմի նկարահանման վայրերը, որոնք եղան Երեւանը, Գորիսը, Ստեփանակերտը, Շուշին, Կապանը, Ջերմուկը եւ իրենց գեղեցկությամբ ու բնության անասելի հարստությամբ զարմանք հարուցող տեղերը: Նկարահանումները տեւեցին 2 ամիս, կինոդիտողին ֆիլմը կներկայացնենք եկող տարիՙ 2010 թվականին», երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողներին տեղեկացրեց ռեժիսոր Բրադեն Քինգը: Նա նաեւ վստահեցրեց, որ մինչեւ ֆիլմը վերջնականապես հանդիսատեսին ներկայացնելը չի կարող կարծիք հայտնելՙ այն Հայաստանի մասին պատմություն է, թե ոչ: Ներկայումս ընթանում են ֆիլմի երաժշտության ստեղծման աշխատանքները: Կոմպոզիտոր Մայքլ Բրայսենն այն կհեղինակի եւ հենց այդ նպատակով էլ Հայաստանում է ու մասնակիցը «Բաց երաժշտություն» փառատոնի. «Կարեւոր էր լինել այն երկրում, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումներն ու գործողություններըՙ երաժշտությունն համապատասխանաբար ստեղծելու համար»: Ի դեպ, երաժշտության ձայնագրությունը կատարվելու է 3 ստուդիայում, իսկ մինչ այդ «Բրոքսեդ» ամերիկյան համույթը, որ ներառում է 5 երաժիշտ, հանդես կգա «Բաց երաժշտություն» փառատոնում: Բրադեն Քինգը, որը նաեւ համույթի պրոդյուսերն է, վստահեցրեց, որ երաժիշտներն հայկական երաժշտությունը ոչ թե իմպրովիզի ենթարկելու, այլ դրան զուգահեռ ու համահունչ իրենց կատարումները ներկայացնելու սկզբունքով են համագործակցում:
Ինչեւէ, փառատոնը արդեն իսկ կարող է ամերիկյան ֆիլմի հաջողության սկիզբը ապահովել, քանի որ կարճ ժամանակում հասցրել է որոշակի համարում ձեռք բերել մասնագիտական ու հանդիսատեսի շրջանում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ