«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ «ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՎԵՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ օրվա համարում «Ազգ» -ը տեղեկացրել է արդեն Իսրայելի ներքին գործերի նախարարության որոշման մասին, համաձայն որի կասեցվել է երկու հայ ճեմարանականների` Նարեկ Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի երկրից արտաքսումը: Լուրը խմբագրությանը հաղորդող Երուսաղեմի հայոց պատրիարքարանի նախկին մամլո քարտուղար Արթուր Հակոբյանը հավելում է, որ պատրիարքարանը որոշման վերանայման առթիվ իր երախտագիտությունն է հայտնել ներքին գործերի նախարարությանըՙ միաժամանակ նշելով, որ վերոնշյալ ճեմարանականների հետ կատարվածը միակը չի եղել: Անցյալում շատ նման դեպքեր են եղել, երբ հրեաները թքել են քրիստոնյա հոգեւորականների կամ նույնիսկ խաչ կրող քաղաքացիների վրա: Ճիշտ է, իսրայելական ոստիկանությունը կանոնավորապես հսկողություն է սահմանում կրոնական ծիսակատարությունների ժամանակ` ապահովելու մարդկանց անվտանգությունը, սակայն քրիստոնեական աղբյուրները պնդում են, որ ոստիկանությունը բավական ջանքեր չի գործադրում սադրանքների դեմն առնելու համար: Փոխարենը, ըստ նույն աղբյուրների, երբեմն ոստիկանությունն այնքան շատ ներքին զորքեր է տեղակայում, որ հարյուրավոր հավատացյալներ չեն կարողանում եկեղեցի մտնել:

Ոստիկանությունը փորձում է արդարանալ` ասելով, որ ստիպված է այդպես վարվել խռովություններից խուսափելու նպատակով (դրանք, ճիշտ է, տեղի ունենում են), բայց ի գին հսկայական ծախսերիՙ հեռավոր վայրերից ժամանած ուխտավորները, որոնք ցանկանում են ականատես լինել «Սուրբ լույսի» արարողությանը, զրկվում են այդ հաճույքից եւ հայտնվում անմխիթար վիճակում:

Ոստիկանությունը` ձերբակալելով երկու ճեմարանականներին, ազատազրկման էր ենթարկել նրանց մինչեւ դատարանում գործի քննությունը, բայց, հաջորդ օրը մտափոխվելով, հայտնել էր պատրիարքարանին, որ ներքին գործերի նախարարությունն է զբաղվելու այդ հարցով: Վերջինս որոշում էր ընդունել արտաքսել նրանց:

Հայոց պատրիարքարանը սովորաբար հոգեւորականների հավաքագրում է հարեւան արաբական երկրներից, մասնավորապես` Լիբանանից, բայց Մերձավոր Արեւելքի անորոշ քաղաքական իրավիճակը փակել է այժմ այդ ճանապարհը:

Վերոնշյալ դեպքը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ հայոց պատրիարքարանը հայտնվել է դժվարին կացության մեջ: Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը Սուրբ Հակոբյանց պատրիարքական աթոռի գահակալ էր դարձել համընդհանուր համաձայնությամբ` մարմնավորելով իրականացումը նոր, թարմ հույսերի ու երազների: Նա բազմաթիվ երազանքներ ու կարեւոր ծրագրեր իրականություն դարձրեց, նշանակալի բարեփոխումների հեղինակ դարձավ: Սակայն, դժբախտաբար, որոշ ծրագրեր էլ մնացին չիրականացված: Դրանց թվում են բնակելի համալիրի ու ծերանոցի կառուցումը: Պատճառներից մեկը քայքայիչ տարաձայնություններն են եղել, որոնք թուլացրել են Երուսաղեմի հայ համայնքին: Մյուսը` իր առաջացած տարիքը, որն իրեն ստիպել է որոշ պարտականություններ փոխանցել լուսարարապետ Նուրհան արքեպիկոպոս Մանուկյանին, որին նա նշանակել է պատրիարքական տեղապահ:

Նա վստահեցրեց մեզ, որ իր ամենաշատ փայփայած երազանքն է հրատարակել Հայկական եկեղեցու միջնադարյան արժեքավոր գլուխգործոցներից` «Կեռան թագուհու Ավետարանի» ֆաքսիմիլե վերատպությունը: 1272-ին Թորոս Ռոսլինի պատկերազարդած այս ձեռագիրը գուցե ամենանրբագեղն է, որ կատարվել է միջնադարում: Բացի կանոնական աղյուսակներից եւ չքնաղ գլխազարդերից, դրանում ներառված են 13 ամբողջական էջեր, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի կյանքի կարեւորագույն իրադարձությունները, ինչպես նաեւ 103 եզրային դրվագազարդեր: Բայց ամենից նշանակալի հատկանիշն այն է, որ դրանում ընդգրկված են արքայական ընտանիքի անդամների` Կեռան թագուհու, նրա ամուսնու` Լեւոն 3-րդ թագավորի եւ նրանց հինգ երեխաների դիմանկարները` շրջապատված Մարիամ Աստվածածնի եւ Հովհաննես Մկրտչի նկարներով, որոնք բարեխոսում են հօգուտ նրանց: Գիտնականները մեծ կարեւորություն են տալիս այդ նկարներին, որովհետեւ դրանք լույս են սփռում այդ ժամանակաշրջանի արքայական ընտանիքի ապրելակերպի վրա:

Նուրհան սրբազանը գիտակցում է, որ նման գործի ձեռնարկումը չափազանց թանկ հաճույք է, սակայն նա նաեւ մխիթարական է գտնում այն հանգամանքը, որ հավաքորդների եւ թանգարանների կողմից դրա պահանջարկը մեծ է լինելու: Մասնագետները չեն կասկածում, որ համապատասխան ամենաարդիական տեխնոլոգիաները կգտնվեն Իսրայելում գործը գլուխ բերելու համար, բայց հավատացած են նաեւ, որ այլ երկրներում շատ ավելի էժան կարող է լինել այդ ամբողջ ծրագրի իրականացումը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


Նկար 1. Մի էջ «Կեռան թագուհու Ավետարանից»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4