Թեմատիկ եւ ոճային բազմազանությունն է բնորոշը Ղարիբ Եղիազարյանի այն ցուցադրությանը, որ այս օրերին ընթանում է նկարիչների միության 2-րդ հարկի սրահում: Տարիների աշխատանքի հունձք, ակնհայտորեն մեկը մյուսից տարբերվողՙ հիմնականում գրաֆիկական գործեր: Դեռ հայացքդ չընտելացած մեկինՙ միտքդ տեղափոխվում է մեկ այլ նկարչական արտահայտություն, եւ այս բազմազանությունը դիտումն ավելի աշխույժ է դարձնում, նկարչի ստեղծագործության տարբեր շերտեր բացելով, որոնցում ի հայտ են գալիս ոչ միայն շրջապատող աշխարհի գեղագիտական վերարտադրություններ, նաեւ արվեստագետի ներքին զգացողական երեւույթներ: Թեմատիկ զարգացումները հիմնականում ներկայանում են նկարաշարերով, ժանրային տարբեր ձեւերումՙ բնապատկեր, դիմանկար, կոմպոզիցիա: Գործերի գերակշիռ մասումՙ կրոնական եւ հեքիաթային մոտիվներով, օգտագործված են ծանոթ սյուժեներ ու պատկերներ: Առանձին տեղ է գրավում «Մեր մեծերը» շարքը (Թորոս Ռոսլին, Նաղաշ Հովնաթան, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Նարեկացի):
Մատիտանկար այս աշխատանքներում օգտագործված են միջնադարյան հայ մանրանկարչությանը բնորոշ էլեմենտներ, պատկերի ստեղծման կառուցվածք, արտահայտչաձեւեր: Հոգեւոր-կրոնական մոտիվներով մեկ այլ շարքում նկատելի են սրբապատկերներին բնորոշ նկարչական սկզբունքներ եւ տարրեր: Հեքիաթի մոտիվներով աշխատանքներում գյուղաշխարհի նախնական անաղարտ մթնոլորտը ներկայացված է ազգային կոլորիտ ստեղծող առարկաներով, զարդանախշերով: Երկու պարագայում էլ նկարների սյուժետային (տեքստային) մասը պարզ եւ հանրածանոթ է, նկարչական տեքստըՙ եւս, մնում է կատարողական անհատականությունը:
Որոշակի տրամադրություն եւ միջավայր ապահովում են բնապատկերային եւ գյուղական վայրերի տեսարանները: Այս շարքից առանձնանում է «Հացատունը». գյուղական պարզ իրերի, կենցաղի առարկաների ու դրանց բնորոշ «բուրմունքի» միջոցով հացատան ճիշտ զգացողական վիճակ, մթնոլորտ է ստեղծված: Նման տրամադրությունների արտահայտություններ են այս շարքի մի քանի այլ գործեր, գունային նույն գամմայով, գրաֆիկային հատուկ միջոցներով, զուսպ, թույլ երանգներով: Օրինակ, անտարբերության կամ լքվածության վիճակ ստեղծում են գյուղական խեղճ տների կամ մենավոր ծառերի պատկերները: Փայտաշեն անորոշ շինվածք ու չորացած մի թուփ շուրջը տարածված ձնածածկույթով կյանքի ամայացման ու մեռնող բնության մասին են հիշեցնում:
Քնարական տրամադրությունները աշխատանքների հիմնական մասի լեյտմոտիվն են («Տպավորություն», «Վերջալույս», «Քնքուշ մեղեդի», «Տերյանական մոտիվ»), բանաստեղծական աշխարհը խորհրդանշվում է կապույտ աղջկա երազկոտ կերպարով («Պոեզիա»):
Նկարչական մեկնաբանությունը ապրումներն ու զգացողական վիճակները իրականացնում է գունային սահմանափակումներով, հիմնականում գծաշարերի, բծերի, գծապատկերների միջոցով, որոնք հաճախ ստեղծում են հեքիաթային միջավայրի ներդաշնակություն («Անդորր»): Այս վերջիններից միանգամայն տարբեր են դիմանկարներըՙ ընդգծված վառ, ակտիվ գունամտածողությամբ:
Նկարչի գործածած նյութի տեսակները բազմազան ենՙ թուղթ, մատիտ, տեմպերա, ջրաներկ, բավականին շատ են խառը տեխնիկայով արված մեծածավալ աբլիկացիոն եւ կոլաժային աշխատանքներըՙ թեմայի արտահայտման ամենատարբեր հնարքներով: Այս շարքի գործերից են «Ձոն Արշիլ Գորկուն», «Ձոն մանրանկարիչներին», «Խաչելություն», որոնք բացահայտում են արվեստագետի գեղագիտական ու հոգեւոր ազդեցություններն ու դավանանքը: Ցուցահանդեսը հոբելյանական էՙ նկարչի ծննդյան 60-ամյակին նվիրված:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ