«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Իսրայելում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցելույթները շարունակեցին հայ ծանրորդները: Մինչեւ 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը երկամարտի 303 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջող բարձրացրեց 130 եւ 135 կգ-անոց ծանրաձողերը, իսկ 3-րդ փորձի ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 138 կգ ծանրությունը: Համլետը պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց:

Հրում վարժությունում պատմությունը կրկնվեց: Առաջին երկու մոտեցումները հաջող էին (160+168 կգ), իսկ 3-րդ փորձի ժամանակ Համլետը չբարձրացրեց 172 կգ-ը: Այս վարժությունում հայ ծանրորդն արժանացավ արծաթե մեդալի` 2-րդ մրցանակակիր դառնալով նաեւ երկամարտում: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հունաստանը ներկայացնող Վիլիամինի Ալեքսիձեն` 307 կգ (135+172): Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Թիմուր Նանիեւը` 297 կգ (136+161):

94 կգ-ից բարձր քաշ ունեցող ծանրորդների մրցավեճում Հրաչ Ղարիբյանը երկամարտի 329 կգ (148+181) արդյունքով ճանաչվեց 2-րդը: Այստեղ մրցակցությունից դուրս էր լատվիացի Արթուրս Պլեսնիեկսը, որը երկամարտի արդյունքով (367 կգ) զգալիորեն առաջ անցավ մյուս մրցանակակիրներից: Բրոնզե մեդալը ստացավ Բելառուսի ներկայացուցիչ Վասիլի Պատապենկան` 326 կգ (145+181):

Հրաչ Ղարիբյանն անթերի կատարեց բոլոր 6 մոտեցումներն էլ` բարձրացնելով պատվիրած կգ-ները: Երկու վարժություններում էլ մոտ 118 կգ անձնական քաշ ունեցող հայ պատանին արժանացավ փոքր արծաթե մեդալների:

Անհաջողության մատնվեց մինչեւ 85 կգ քաշային Ազատ Սայդյանը: Նա չկարողացավ բարձրացնել պատվիրած նախնական քաշն ու 0 ստացավ: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Եգոր Կլիմովը` 319 կգ (136+183): Արծաթե մեդալը բաժին հասավ ալբանացի Խուլիո Պրոնիին` 311 կգ (141+170): Բրոնզե մրցանակակիր դարձավ բելառուսցի Վլադիմիր Յակուտան` 307 կգ (140+167):

Այսպիսով, Իսրայելից մեր ծանրորդները վերադառնում են մեդալների հարուստ ավարով: Հայաստանի 10 պատվիրակներից 6-ը դարձան մրցանակակիրներ: Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Սմբատ Մարգարյանը (56 կգ), փոխչեմպիոններ` Իզաբելա Յաիլյանն (48 կգ) ու Րաֆֆի Մելիքյանը (69 կգ), իսկ Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մրցանակակիր: Ընդհանուր առմամբ, երկամարտում եւ առանձին վարժություններում հայ ծանրորդները նվաճեցին 3 ոսկե, 11 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ, ինչը վկայում է, որ ծանրամարտում հուսալի հերթափոխ է աճում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4