«Արմատ» ակումբում հյուրընկալվել էին իտալական Ֆերմո քաղաքում մինչեւ 18 տարեկանների շախմատի Եվրոպայի չեմպիոն հռչակված Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ միայն վերջին տուրում մեդալներից զրկված Վահե Բաղդասարյանն (16 տ.) ու Միքայել Մկրտչյանը (10 տ.): Սամվելի համար սա առաջին հաջողությունը չէր: Մինչ այդ նա 2003-ին հռչակվել էր մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի չեմպիոն եւ մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր: Չնայած Սամվելը դեռ 16 տարեկան է, սակայն գրոսմայստեր է եւ զգալի փորձ ունի արդեն: Նա օրական 4-5 ժամ է նվիրում շախմատին, զբաղվում է նաեւ ֆուտբոլով, թենիսով, մեծ տեղ է հատկացնում ֆիզիկական որակների բարելավմանը: Նա իրեն ավելի հոգեհարազատ է համարում Միխայիլ Տալի խաղաոճը: Շուտով Սամվելը Թուրքիայում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու է պատանեկան օլիմպիադային: Իսկ ահա Վահե Բաղդասարյանին շախմատի լեգենդներից դուր է գալիս Ալեքսանդր Ալյոխինի խաղաոճը, իսկ ժամանակակիցներից ցանկանում է նմանվել Լեւոն Արոնյանին:
10-ամյա Միքայելն ընդամենը մի քանի տարի է շախմատով զբաղվում: Իր իսկ խոսքերով, շատ էր հուզվել, երբ ավարտական տուրում պարտվեց եւ զրկվեց չեմպիոնի տիտղոսից: Նույնիսկ անհաջողությունից արտասվել էր: Նա սովորում է 5-րդ դասարանում, սիրում է նաեւ թենիս խաղալ, անգլերեն է պարապում: Երեք պատանիներն էլ նշեցին, որ մրցաշարն իրենց համար շատ օգտակար էր փորձի ձեռքբերման, խաղը կատարելագործելու առումով: