«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2009-09-12 | #165, 2009-09-15 | #166, 2009-09-16


ԵՐԿՈՒ ՏԱՐԻ Է ՀԱՐԿԱՎՈՐ, ՈՐ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՆ ԱԶԱՏՎԻ ԱՂԲԻՑ

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երկու տարի ժամանակ է խնդրում Հանրայինի եթերը աղբից մաքրելու համար: Նա մեծ առաջընթաց է համարում, որ Հ1-ը հրաժարվել է ցուցադրել լատինամերիկյան սերիալներ: «Կգա ժանանակը, որ կհրաժարվենք նաեւ էժանագին հայկական սերիալների ցուցադրությունից», նկատում է նա:

Հ1-ի նոր եթերաշրջանը, որ կմեկնարկի սեպտեբերի 21-ին, խոստանում է լինել ավելի հետաքրքրական եւ դիտարժան: «Կցուցադրենք բարձրորակ գեղարվեստական ֆիլմեր, մինի սերիալներ: Ծրագրված են մի շարք հաղորդումներ, որոնք կշոշափեն հանրային բնույթի խնդիրներ: Կլինեն պատմամշակութային հարցեր առաջադրող, բանավիճային հաղորդումներ: Սեպտեմբերի 28-ից եթերում կլինի Ռեմարկի «Երեք ընկեր» ֆիլմը: Շուտով կսկսվեն «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Հանրայինի եթերում կլինի «Սպեցնազ» ֆիլմը, բանակի հատուկ նշանակության ջոկատի մասին»:

Ալեքսան Հարությունյանը նկատում է, որ հաջորդ տարվա համար էլ կան բազմաթիվ ծրագրեր: Դրանցից է «Եղիշե Չարենց» 8-մասանոց սերիալը: Կշարունակեն էկրանավորել գրական գործեր: Այս տարի Հ1-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է նաեւ վավերագրական ֆիլմերի նկարահանման վրա: Հեռուստադիտողի դատին կհնաձնվեն «Կիլիկիայի հայկական թագավորների ֆենոմենը» 5-մասանոց ֆիլմը, «Արամ Մանուկյան» ֆիլմաշարն ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Ջուղայի խաչքարերը» ֆիլմը:

Փոփոխություններ կան նաեւ «Արարատ» հեռուստաալիքում: Կլինեն նոր հաղորդումներ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր: Հանրային ռադիոյի առաջին ալիքում փոփոխություններ չկան: Հարությունյանի խոսքերովՙ շարունակելու են պահպանել «հին դասական ոճը»:

Մանկական հաղորդումներից կշարունակի գործել «Հայ ասպետը» հեռուստանախագիծը: «Մանուկները կտեսնեն Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի շարքը»:

Հարությունյանի խոսքերովՙ ուսումնասիրել են հասարակության պահանջարկը, հետեւաբար կենցաղային հաղորդումներն ու սերիալները, օրինակՙ «Հանուն սիրո», շարունակեն ցուցադրվել:

Հանրայինը կանդրադառնա նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նոր եթերաշրջանում կլինեն նաեւ բուռն քաղաքական քննարկումներ, բանավեճեր ու թոք-շոուներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4