«Ակադեմիա» պատկերասրահը 15 օր արդեն հյուրընկալում է Վահե Գաբրիելյանի լուսանկարչական աշխատանքները, որոնցում Մեծ Բրիտանիան ներկայացվում է նույնքան հարուստ ու բազմազան, որպիսին այդ երկիրն է: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը բավական ուշադիր է ապրել եվրոպական քաղաքակրթության տարաշերտերը կրող, միաժամանակ եւ տարբերվող հյուսիսի այս` խորհրդավորության քողով պատված երկրում: Նրա լուսանկարչական օբյեկտիվը արձանագրել է լոնդոնյան, շոտլանդական, օքսֆորդյան եւ բազմաթիվ այլ տեսարաններ: Այս ցուցահանդեսում Բրիտանիայի պատմության ու մշակույթի սիրահարները կորոնեն իրենց հարազատ վայրերի, ինչպես այս երկրի պատմական անցյալի, նաեւ ժամանակակից կյանքի պատկերներ եւ հուսախաբ չեն լինի. լուսանկարչական համայնապատկերը ընդգրկել է Միացյալ Թագավորությունը զանազան շերտերով` արված խնամքով եւ պրոֆեսիոնալ մակարդակով: Տեսարանների մեծ մասը, իհարկե, հանրահայտ վայրեր են` հոգեւոր ճարտարապետության սքանչելի նմուշներ` միջնադարյան ամրոցներ, տաճարներ, հնավայրեր: Պատմական անցյալը ներկայացված է բավականին հարուստ, որին բնավ չի զիջում ժամանակակից Բրիտանիան, նորաոճ ճարտարապետությամբ եւ կյանքի շարժով: Լուսանկարներն ուղեկցող համապատասխան տեքստերը հակիրճ, բայց հիմնական տեղեկություններ են փոխանցում դիտողին` հընթացս պատկերացում տալով այս երկրի անցյալի ու ներկայի մասին: Ահա «Սըր Վինսթոն Չերչիլը Բիգ Բենի առաջ» արձանը, որ ինչպես տեղեկանում ենք լուսանկարի մակագրությունիցՙ կառուցված է 1973-ին, Խորհրդարանի հրապարակում: Չերչիլի անվանն առնչվող բնապատկերային մի լուսանկար ներկայացնում է Չարթվել Հաուսը` Չերչիլի տունը եւ կալվածքը Քենթ կոմսությունում, ճարտարապետական պարզ կառույց` մենավոր ծառի հարեւանությամբ. ահա եւ բարրոկո ոճի Քլենըմ պալատը`Օքսֆորդի մոտ, որտեղ ծնվել է Չերչիլը: Իսկ Թաուեր բացվող կամուրջը, ի նշան հարգանքի բացվել է նաեւ «Կիլիկիա» առագաստանավի համար:
Մեծ Բրիտանիայի հոգեւոր ճարտարապետությունը ներկայացված են անգլիական եկեղեցու կենտրոն Քենտերբերի տաճարով, 11-13-րդ դարերի մի շարք կառույցներով, Լինքոլնի, Սենտ Էնդրույզի, Նորիչի կաթոլիկ տաճարներով, Եվրոպայի` մեծությամբ 2-րդ` Սբ. Պողոս տաճարով:
Իհարկե, այստեղ են հռչակավոր Բիգ Բենը, Վեստմինստրյան պալատը` որ 15-րդ դարից Անգլիայի խորհրդարանի շենքն է, թագուհու պաշտոնական կեցության վայրը` Վինձորի ամրոցը, Բաքինգեմյան պալատը, որ 775 սենյակ ունի եւ տարեկան 50.000 հյուր է ընդունում, եւ Արունդել ամրոցի հրաշալի տեսարանը, Վեստմինստրյան աբբայությունը, որտեղ միջնադարից սկսած թագադրվում են Անգլիայի միապետները, եւ որոնցից 17-ը թաղված է այդտեղ: Գեղեցիկ միջնադարյան մի տեսարան բացում է ժայռեղեն բարձունքին Էդինբուրգի ամրոցը (Շոտլանդիա): Ահա եւ հռչակավոր Սթոունհենջի հինավուրց ժայռակոթողները: Իհարկե, տպավորիչ են Թեմզա գետը եւ նրա վրա բացվող տեսարանները, նաեւ Համլետի արձանը Շեքսպիրի ծննդավայրում. Սա Ստեթֆորդ օն Էյվոն բնակավայրում շեքսպիրյան հերոսների արձանախմբերից մեկն է:
Լուսանկարաշարում ներկայացված ժամանակակից կյանքի տարբեր հանդիսություններից, պաշտոնական արարողություններից, առօրեական տեսարաններից մի քանիսում ակնհայտ է գեղարվեստական հայացքը: Այս շարքից տպավորիչ են փողոցային լուսանկարիչը Թրաֆալգար հրապարակում, լուսացույց ծառը, գարնանային զեղումները Քենզինգտոնյան այգիներում, գեղանկար հիշեցնող մի սքանչելի մերկ ծառՙ Հայդ պարկում, որ կենտրոնական Լոնդոնի ամենամեծ պուրակն է, եւ որտեղ 4000 ծառ է աճում: Գեղանկարի հմայք ունի «Աշնանային փողոցը» Լոնդոնի Քենզինգտոն եւ Չելսի թաղամասերում:
Լուսանկարներում քաղաքային, կյանքային տեսարաններից, հոգեւոր շինություններից, հնավայրերից, բնապատկերներից բացի տեղ է հատկացված նաեւ կենդանական աշխարհին: Մի գեղեցիկ եղջերու լուսանկարվել է Հայդ պարկում, իսկ Սենտ Ջեյմս պարկումՙ հանցանքի մեջ բռնված սկյուռիկը (նա ինչ-որ բան է կրծում): Լուսանկարը «տեղեկացնում» է, որ Լոնդոնի այգիներում ու փողոցներում թռչուններից բացի սկյուռիկներ, անգամ աղվեսներ կան: Շատ քնքուշ է, մարդկայնորեն ջերմ, կնոջ համբույրը պոնիի դնչիկին: Հետաքրքրական լուսապատկեր է «Ճառասացը». փողոցային «ամբիոնի» մոտ կանգնած այս մարդուն առայժմ ունկնդիր ունենալ չի հաջողվում:
Վահե Գաբրիելյանի «Բրիտանիա» լուսանկարչական աշխատանքներում մեր պատկերացրած անձրեւային Լոնդոնից կամ մառախլապատ Ալբիոնից հետք իսկ չկա. միայն ապակեպատ մի տանիքինՙ անձրեւի թաց կաթիլներ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ