«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների «Խալիջ» թերթը հաշտեցումը ողջունում է եւ ցեղասպանության համար ներողություն խնդրելու կոչ է անում Թուրքիային

Սեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները հարմարեցված են թուրքական երկաթուղու ռելսերին եւ նախատեսվում են Գյումրի-Կարս երթուղու համար»:

Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր այս տեղեկությանը, գիտակցելով դրա կարեւորությունը հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այլ կերպ` անկախ ընդդիմության հակազդեցությունից, իշխանությանը հասցեագրած մեղադրանքներից կամ նստացույցից ու հացադուլից, Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը շարունակում է ծավալվել, դրա արդյունքները կարծես կանխորոշվում են:

Թերեւս այդ առումով պատահական չէ «Եվրոնյուզի» թուրքական ծառայության` «Աբհաբեր» կայքէջի երեկա հրապարակումը, թե Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» արձանագրությունները երկու երկրների ֆուտբոլային ազգային հավաքականների հանդիպման նախօրյակին` այսինքն հոկտեմբերի 13-ին կստորագրեն նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Ի դեպ, 1921 թ. Կարսի պայմանագիրը նույնպես հոկտեմբերի 13-ին է ստորագրվել:

Կանխորոշման գրավականը, թերեւս, «հաշտեցման» գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության շահագրգռություններն են, ինչպես նաեւ ի դեմս Սիրիայի, ինչու չէ, Արաբական Միացյալ Էմիրությունների դրական վերաբերմունքը: Սիրիայի պարագայում նկատի ենք առնում հաշտեցման առնչությամբ նախագահ Բաշար Ասադի ողջույնի հայտարարությունը, որ նա սեպտեմբերի 14-ին Դամասկոսում արել էր թուրք լրագրողներին, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում` «Խալիջ» թերթի սեպտեմբերի 12-ի համարը, որտեղ հոդվածագիր Մուհամմեդ Նորադդինը հայերից պաշտոնապես ներողություն խնդրելու կոչ է անում Թուրքիային:

Նա ընդգծում է. «1915-ի իրադարձությունների հետեւանքով Անատոլիայի ազգագրությունը փոխվեց հօգուտ թուրքերի եւ քրդերի: Հայերը տարածաշրջանում կորցրեցին իրենց կենսագործունեության ոլորտը` Արեւելյան Անատոլիան, որը նրանք Արեւմտյան Հայաստան են անվանում: Հայերը Թուրքիայից ոչ միայն ցեղասպանության ճանաչումն են պահանջում, այլեւ փոխհատուցում` զոհերի համար եւ Անատոլիայում իրենց թողած ունեցվածքի վերադարձը: Ներողություն խնդրելը բացասաբար չի անդրադառնա Թուրքիայի վարկանիշի վրա, ընդհակառակը, նրան կդարձնի ազատություններն ու մարդու իրավունքները հարգող պետություն»:

Այս պահանջը, ինչ խոսք, ենթադրում է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստը: Քանի որ առանց հարցի քննարկման անիմաստ է ճանաչում ակնկալելը, ուստի քննարկումից խուսափել` կնշանակի թերագնահատել ցեղասպանության միջազգային ճանաչման ձեռքբերումները, կասկածի տակ դնել ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ այդ հարցում հայկական կողմի իրավացիությունը, առիթ տալ թուրքական կողմին ի լուր աշխարհի մատնացույց անել հայերի խուսափողական կեցվածքը եւ նախադրյալներ ստեղծել, որ Թուրքիան ճշտի հայ-թուրքական հաշտեցման երկրորդ արձանագրությամբ նախատեսվող պատմական հարցերի ենթահանձնաժողովի օրակարգը:

Եթե Թուրքիային արաբական թերթի ներկայացրածՙ «հայերից ներողություն խնդրելու» պահանջը համադրենք Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան եւ պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանի սեպտեմբերի 6-ի հայտարարության հետ. «Հայաստան-Թուրքիա հաշտեցումը չի կարող վերջակետ դնել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին», ապա ակնհայտ կդառնա ենթահանձնաժողովում ոչ թե 1915-ի իրադարձությունների, այլ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա թուրքական ժխտողականության հարցերի քննարկման նպատակահարմարությունը:

Ի վերջո, ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, քաղաքականության խնդիրն է, պահանջում է քաղաքական գնահատական: Իսկ պատմաբանների խնդիրը 1915-ի իրադարձությունների ուսումնասիրությունն է, այլ ոչ թե դրանք բնութագրելը կամ դրանց առնչությամբ վճիռ կայացնելը: Հատկապես այն դեպքում, երբ 1915-ի իրադարձությունները 22 երկրներում խորհրդարանների կամ պետության մակարդակով արդեն բնութագրվել եւ ճանաչվել են որպես ցեղասպանություն: Հետեւաբար, ելնելով ենթահանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հավանականությունից, չի կարելի ենթադրություն անել, թե այդ հարցում իշխանությունները պատրաստ են ընդունել Թուրքիայի տեսակետը եւ սեփական ենթադրությամբ հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ կամա թե ակամա ամրապնդել զիջումների անխուսափելիությունը Հայ դատի եւ պահանջատիրության հարցերում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4