«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրոմիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի զարգացումներին:

«Երկիր» միության ներկայացմամբ, նամակում Սիլվի Գիյոմն ահազանգում է, որ Վրաստանում «հայ փոքրամասնությունը ենթարկվում է լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության, իսկ տարածաշրջանը, որտեղ նա մեծամասնություն է կազմում, գրեթե զուրկ է տարանցիկ ճանապարհներից, էներգետիկ, առողջապահական եւ սոցիալական ծառայություններից»:

Տիկին Գիյոմը նամակում նաեւ նշել է, որ վրացահայերի քաղաքական առաջնորդներից մեկը` Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008-ի հուլիսին եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման հույժ կասկածելի մեղադրանքներով: Ընդգծելով, որ Չախալյանի ղեկավարած շարժման պահանջները խաղաղ բնույթի են եւ ուղղված չեն ինքնավարության հաստատմանը, տիկին Գիյոմը տեղեկացրել է, որ Չախալյանի «ձերբակալությունը, գործի նախաքննության եւ առաջին ատյանում դատաքննության ընթացքը ուղեկցվել են լուրջ օրինախախտումներով»:

«Մենք իրավունք չունենք հանդուրժելու վրացական իշխանություններիՙ արդար դատաքննության իրավունքի միջազգային նորմերի ոտնահարման գործելաոճը, նամանավանդ որ Վրաստանը Եվրոմիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարեւանության ծրագրով ստացել է 15 մլն եվրո` դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով»:

Եվրոպայի խորհրդարանի պատգամավորը Բենիտա Ֆեռերո-Վալդներին խնդրել է Թբիլիսիում Եվրոմիության ներկայացչությանը հանձնարարել հետեւել Չախալյանի դատավարությանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4