«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ադրբեջանցի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլի Յունուսի կարծիքով` Ադրբեջանում խախտվում են ժողովրդավարական ազատության եւ մարդու իրավունքների բոլոր դրսեւորումները:

2009-ի օգոստոսի 17-ին բանտում մահացավ քաղբանտարկյալ Ն. Մամեդովը: Նրան, ինչպես նաեւ 2007-ի նոյեմբերին նույնպես բանտում մահացած Ֆ. Կունգուրովային, Յունուսի կարծիքով, պետք է անվանել «խղճի զոհեր», քանի որ նրանք որեւէ հանցանք չեն գործել: Բայց ո՛չ նախնական հետաքննության, ո՛չ էլ դատական նիստի ժամանակ դա ապացուցել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ Կունգուրովան եղել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ: Նրան քաղաքական նպատակներով ձերբակալելուց հետո ազատ են արձակել, սակայն մոտը «գտնելով» վաղօրոք պահված թմրանյութը` նորից ձերբակալել են: Կան նաեւ մի շարք այլ ապացույցներ Ադրբեջանում տիրող անարդարությունների վերաբերյալ:

Տիկին Յունուսի խոսքերով, իրենց ջանքերով այս տարվա մարտին Եվրոխորհուրդը քաղբանտարկյալների գծով նոր զեկուցող է նշանակել Բաքվում: 2005-ից իշխանությունների հարատեւ ջանքերով այս պաշտոնը երկրում հանվել էր:

Այսօր, Յունուսի կարծիքով, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը թեեւ նվազել է, բայց մնում է շատ բարձր:

Մեկ այլ խնդիր է մնում հարցաքննության ժամանակ տեղի ունեցող ծեծը: Իրավապաշտպանը նշել է, որ 2006-ի իրենց ուսումնասիրությունները պարզել են ծեծելուց մահանալու 13 դեպք: «Այս տարվա առաջին կիսամյակում նույնպես եղել են մի քանի նման դեպքեր», շարունակել է Յունուսը: Որպես օրինակ նա բերեց 2005-ին ձերբակալված Ս. Ջալալօղլուն, որը ծեծի ենթարկվելուց հետո դիմել է Եվրոպական դատարան եւ, չնայած ստացած դրամական փոխհատուցմանը, նրան ծեծի ենթարկածներից որեւէ մեկը չի դատապարտվել: Առհասարակ ծեծի ենթարկելու համար Ադրբեջանում ոչ մի իրավապաշտպանական համակարգի աշխատող չի դատապարտվել:

Փաստորեն Ադրբեջանի շարքային քաղաքացին չի կարող դատարանում պաշտպանել իր իրավունքները, եթե, մանավանդ, դրանք «դիպչում են պետական շահերին»:

Այս տարվա հուլիսի 8-ին Բաքվի սրճարաններից մեկում դաժան ծեծի են ենթարկվել քաղաքացիներ Ա. Հաջիզադեն եւ Է. Միլին: Երբ նրանք դիմել են մոտակա ոստիկանության բաժանմունք, տեղի ոստիկանապետը նրանց է ձերբակալել` խուլիգանության համար:

Սրանով, փաստորեն, խախտվել են մի շարք դրույթներ. նախ երիտասարդները հնարավորություն չեն ստացել զրույցելու իրենց փաստաբանի հետ, բացի այդ, նրանց չեն ապահովել բժշկական օգնությամբ:

Տիկին Յունուսը շեշտել է, որ քաղաքացիների համար հնարավոր չէ դատարանում հասնել հաջողության, եթե հակառակ կողմում պետությունն է` անկախ քննվող հարցից:

«Ադրբեջանում չկա եւ չի եղել անկախ դատական համակարգ: Երկրում շատ քիչ են փաստաբանները: 8,5 մլն ադրբեջանցիների համար աշխատում են ընդամենը 700 փաստաբաններ:

Եվրոպացի դատավորների հաճախակի ստուգումների մասին տիկին Յունուսը ասել է. «Նրանք ինձ հիշեցնում են սովետական անցյալը: Այդ ժամանակ Մոսկվայից գալիս էր պատվիրակություն եւ ասում, թե ինչպես կառուցենք կոմունիզմ: Իսկ դրանից հետո` շքեղ սեղան, շամպայն, սեւ ձկնկիթ...»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4