Հայաստան-Թուրքիա արձանագրությունների արձագանքը վտանգներ է մատնանշում Հայաստանի, նաեւ Ղարաբաղի համար
Օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Վերաբերմունքն ու գնահատականները, մոտեցումներն ու եզրահանգումները տարբեր եղան: Ընդհանրության մեջ, սակայն, տպավորություն կարող էր մնալ, թե որեւէ մեկը կարող էր անել ավելին, բայց չարվեց` անհասկանալի պատճառներով:
Քաղաքականությունը եղել է, կա եւ մնում է հնարավորի արվեստ, բանակցության ու յուրօրինակ շախմատային պարտիայի իրականություն, որտեղ ֆիգուրներն ունեն իրենց դերակատարումն, ու դրանցով է խաղը հասնում (կամ չի հասնում) հաղթական հանգրվանի, ընդ որում` ընդհանուր ռազմավարության ու մարտավարության դեպքում միայն:
Սփյուռքյան կառույցները, որ տարիներ շարունակ հետամուտ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի իրագործմանն ու պայքարել հանուն պատմական ճշմարտության, մեծամասամբ առավել զուսպ եղան հայ-թուրքական հավանական «ջերմացման» հանդեպՙ մտավախություն արտահայտելով թուրքական կողմի խոստմնազանց լինելու բազամթիվ օրինակներով, քան Հայաստանի ներսում: Ու թերեւս դրա համար յուրաքանչյուրը, որ դիրքորոշում ու կարծիք արտահայտեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանն ուղղված ստորագրելիք փաստաթղթերի առնչությամբ, ունի իր մոտիվացիան:
Ամերիկայի հայկական համագումարը, մասնավորապես, հայտարարեց, որ սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի նորմալ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Հայկական համագումարը հիշեցնում է, թե ինչպես է Թուրքիան անցյալում բազմիցս դրժել իր խոստումները, մտահոգությամբ, որ օգոստոսի 31-ի հաղորդագրության նույն օրը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն արեց իրարամերժ հայտարարություններ, թե սահմանի բացումը «երկար գործընթաց է լինելու», եւ «Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը»: Մինչդեռ, ըստ ԱՀՀ-ի, «արձանագրությունները նշում են ստույգ ժամկետներ, եւ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր խոստումներին` ցուցադրելով զգալի արդյունքներ եւ անկեղծորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ»:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը եւս հայտարարություն տարածեցՙ նշելով. «Մեր ժողովուրդը, հայրենիքի եւ սփյուռքի մեջ, սպասումով եւ մտահոգությամբ է հետեւում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոն զարգացման շուրջը տեղի ունեցող բանակցություններին»:
«Հայաստանը, իր աշխարհաքաղաքական մարտահրավերներից ելնելով, պարտավոր է դրական եւ անկեղծ կեցվածք ընդունել Թուրքիայի հետ բանակցություններ նախաձեռնելու ուղղությամբ», նշել է ՀԲԸՄ-ն, ընդգծելով, որ այս ամենը բխում է ազգային անվտանգության պահանջներից, նաեւՙ հաղորդակցության միջոցների ապահովումից: ՀԲԸՄ-ի հայտարարության մեջ շեշտված է. «Այս քաղաքականությունը, սակայն, չի կարող իրականացվել ի հաշիվ հայ ժողովրդի պատմական իրավունքների», քանի որ, ըստ ՀԲԸՄ-ի, «մշակված նախագծերը ուղղակի թե անուղղակի անդրադառնալու են Ցեղասպանությանը եւ հողային պահանջներին»: Մյուս կողմից, ՀԲԸՄ-ն հիշեցնում է «թուրքական անկեղծության հանդեպ կասկածները» չմոռանալու անհրաժեշտությունը:
«Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որ հղի է բազմաթիվ վտանգներով», սեպտեմբերի 1-ին հայտարարեց ՀՅ Դաշնակցությունը: Ըստ ՀՅԴ-ի, հարաբերությունները պետք է նորմալացվեն, սակայն «երկու երկրները բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն»: ՀՅԴ-ի մոտեցմամբ, ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում էր: Բացի այդ, «անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին»:
«Հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել»: ՀՅԴ-ն ընդգծում է այն հանգամանքը, որ Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնեց «երրորդ նախապայմանը երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:
Արմենական-ՌԱԿ-ի հանրապետական վարչությունը սեպտեմբերի 3-ին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: «Համատեղ հայտարարության մեջ ներկայացված գործընթացի իրականացումը, Հայաստանին դուրս բերելով շրջափակումից, կնպաստի տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի բարձրացմանը, որն իր հերթին Հայ դատի հետապնդման իրատեսական ճանապարհ կբացի», նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ, մասնավորապեսՙ «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» կետը իր ձեւի մեջ Կարսի պայմանագրով ստեղծված սահմանագծումը նվիրականացնելու փորձ է, իսկ հաջորդՙ «Կարեւորելով իրենց որոշումը բացելու ընդհանուր սահմանը» նախադասությունը խեղաթյուրում է ողջ իրականությունը սահմանի միակողմանի փակման եւ Հայաստանը շրջափակելու փաստի վերաբերյալ:
Բացի դրանից, Արմենական-ՌԱԿ-ի հանրապետական վարչության գնահատմամբ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը խորհրդարանների վավերացմամբ անցնելը հուշում է, որ «Թուրքիայի խորհրդարանը կփորձի ձգձգել վավերացման գործընթացը, ինչը պաշտոնական Անկարային նոր չարաշահումների եւ խարդավանքների հնարավորություն կտա»:
«Ժառանգություն» կուսակցությունը եւս սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ, հաշվի առնելով դրական պահերը, այդուհանդերձ անթույլատրելի ու անընդունելի է համարում հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու արատավոր գործելաոճը, երբ ապրիլին ձեռք բերված համաձայնությունները «հանրությանը ներկայացվեցին ոչ թե Հայաստանի իշխանությունների կողմից ու կամոք, այլ գաղտնի պահվեցին, մինչ միջազգային հանրությունը գործընթացը շարունակելու շահախնդրությամբ նպատակահարմար համարեց դրանցից մի մասի գաղտնազերծումը»:
«Ժառանգության» մոտեցմամբ, արձանագրությունները վկայում են, որ 1991-ից հայ եւ միջազգային հանրությանը քաջ հայտնի թուրքական նախապայմաններն ուղղակիորեն տեղ են գտել դրանցում` հեռահար նպատակով «պարտադրել Հայաստանին հետահայաց վավերացնել 20-րդ դարասկզբի թուրք-բոլշեւիկյան համաձայնագրերը, միակողմանի հաշտվել 1915թ. Ցեղասպանության եւ Հայրենասպանության, Հայոց Մեծ Հայրենազրկման իրողությունների ու հետեւանքների հետ, հրաժարվել անհատական ու հավաքական փոխհատուցման միջազգային իր իրավունքներից, վիժեցնել պատմական ճշմարտության միջազգային ճանաչման գործընթացը»:
Կուսակցությունն ահազանգում է, թե արձանագրությունների այս տեսքով վավերացումը կործանարար ազդեցություն եւ անդառնալի հետեւանքների է հանգեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ Հայաստանը Թուրքիային նվիրաբերում է «ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում նրա հողերի բռնազավթումից խոսելու» իրավունքը, մինչդեռ իրեն զրկում է իր հայրենիքը Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատմական փաստերից խոսելու իրավունքից:
Հայ ազգային կոնգրեսն, իր հերթին, մեկնաբանություններում սեփական մոտեցումներն առավելապես բոլոր խնդիրների պատճառ ներկայացնելով հանդերձ, հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական պահերով հանդերձ, անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման դրույթը, որ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: ՀԱԿ-ի համար մտահոգություն է հարուցում նաեւ երկու երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսելու խորհրդարանի հետ, իսկ Թուրքիայինՙ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգելու վավերացման հարցը եւ դրանով հետաձգելու հայ-թուրքական սահմանի բացումը:
«Սիվիլիթաս» հիմնադրամի մոտեցմամբ, որի նախագահը Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր են երկու տարբեր տեսությունների հիման վրա: Եթե մոտեցումն այնպիսին է, որ Թուրքիան չի բանակցի Հայաստանի հետ առանց ղարաբաղյան կարգավորման կամ տվյալ հարցում առաջընթացի, ապա, ըստ «Սիվիլիթասի», օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: «Այս տեսանկյունից, այս փաստաթղթերով Թուրքիան Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, բայց չէր կարողանումՙ Հայաստանի անկախությունից սկսած: Իսկ Հայաստանի սպասածը` սահմանի բացումը, տեսանելի եւ շոշափելի իրողություն, Հայաստանը դեռ չի ստացել»:
Հաշվի առնելով Թուրքիայի հայտարարությունները հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո հնարավոր լինելու մասին, դիվանագիտական հաջողություն կարելի կլիներ, ըստ «Սիվիլիթասի», եթե Ղարաբաղը ընդգրկվեր հայ-թուրքական համատեղ այս փաստաթղթում հստակ ձեւակերպմամբ, որ ղարաբաղյան խնդիրը որեւէ կերպ չի առնչվելու հայ-թուրքական կարգավորմանը:
Հիմնադրամը արձանագրությունների խորհրդարանական վավերացման առնչությամբ համակարծիք է Արմենական-ՌԱԿ-ի հանրապետական վարչության հետ առ այն, որ Թուրքիայի խորհրդարանում այս փաստաթղթի շուրջը աղմուկը մեծ է լինելու: «Թուրքիայի գործադիր իշխանությունն էլ հեշտությամբ կարող է միջազգային հանրությանը բացատրել, որ խորհրդարանում փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը գոնե որոշ զիջումների գնա Ղարաբաղի հարցում եւ դուրս գա Ղարաբաղին հարող տարածքներից»:
Ըստ «Սիվիլիթասի», երկրորդ տեսությամբ Թուրքիան պատրաստ է նույնիսկ Ադրբեջանի հետ ժամանակավորապես կամ արտաքուստ հակադրվելու գնով գնալ սահմանի բացմանը, հետեւաբար Հայաստանը նույնպես ամեն ջանք պետք է գործադրի դրան հասնելու համար: Այս մոտեցման որեւէ դիտարկման դեպքում անգամ պետք է հստակ լինի, որ, ըստ «Սիվիլիթասի», ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվելու: «Եթե Թուրքիան համաձայնի բացել Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանին ձեռնտու առաջընթացի, որեւէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հստակ խոստումներ է ստացել միջազգային հանրությունից, թե Ղարաբաղին հարող բոլոր տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնականացման երաշխիքի»:
Ընդհանրությունը գրեթե բոլոր հայտարարություններում ակնհայտ է, սակայն թերեւս առավել կարեւոր է, որ իրապես հաշվի առնվեն բոլոր վտանգներն ու զգուշացումները, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել այն հնարավոր իրավիճակներից, որոնց առնչությամբ այսօր արդեն մեղադրվում է իշխանությունը: Երկու երկրների խորհրդարաններում փաստաթղթերի քննարկումներն ու դրանց առնչությամբ վճռորոշ որոշումների կայացումը իրական հնարավորություն ենՙ հարցերը խորապես ընկալելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ