Վենեսուելան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ տվյալներ: Վերջիններիս համաձայն, սեպտեմբերի 15-ին Վենեսուելա այցելած աբխազական պատվիրակությանը հանձնվել է համապատասխան նոտա: Մոտ ժամանակներս երկու երկրները համաձայնագիր կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Դեռ սեպտեմբերի 10-ին Մոսկվայում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր ռուս պաշտոնակցին հայտարարել էր, որ Վենեսուելան կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Առայժմ լատինամերիկյան երկիրը պաշտոնապես ճանաչել է միայն Աբխազիայի Հանրապետության անկախ կարգավիճակը:
Մոսկվայում Մեդվեդեւը Չավեսին շնորհակալություն է հայտնել այդ որոշման համար, ասելով, որ «ճանաչումը յուրաքանչյուր պետության սուվերեն գործն է»: Հարավային Օսիայում Չավեսի որոշումն անվանել էին «շատ կարեւոր», «պատմական», «պատասխանատու», «համարձակ», մինչդեռ Վրաստանում թերահավատորեն էին վերաբերվել Չավեսի խոսքերինՙ նրան անվանելով «երկրորդական» գործիչ:
Սեպտեմբերի 11-ին Աբխազիայի ԱԳՆ պատվիրակությունը Նիկարագուայում համաձայնագիր է ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Աբխազիայի անկախությունն առայժմ ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան եւ Վենեսուելան: