«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

«Միտք» վերլուծականի կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին ներկա դրությամբ մտահոգում է, թե որ պայմանագրի հիման վրա է գծվելու հայ-վրացական սահմանը: Սարգսյանն առաջակում է փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել` հասկանալու խնդրի լրջությունը: «1921-ի նոյեմբերի 6-ի պայմանագիրը չի կարելի հիմք ընդունել, որովհետեւ կնքողները միջազգային կողմերի սուբյեկտներ չեն, իսկ սահմանը միջազգային ուժերի կողմից չի ճանաչվել: Բացի այդ, 1990-ին Վրաստանը հրաժարվեց խորհրդային շրջանում կնքած բոլոր պայմանագրերից ու կառույցներից: Օսական, հետագայում վրաց-աբխազական պատերազմը նույն հողի վրա տեղի ունեցավ»: Վահե Սարգսյանը փաստում է, որ սահմանը չի ճանաչել նաեւ Հայաստանի Հանրապետությունը, հետեւաբար, եթե երկու պետություններն իրենց հռչակում են 1918-20 թթ. պետություների իրավահաջորդներ, պետք է հրաժարվեն 1921-ի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրից:

«Ներկայումս չկա որեւէ պետություն, որ ճանաչում է այդ սահմանն ու պայմանագիրը»: Փորձագետը նկատում է, որ սահմանազատման համար կարող է հիմք լինել Փարիզի վեհաժողովի ժամանակ կնքված Սեւրի պայմանագիրը, որը ստորագրել են ԱՄՆ-ն եւ եվրոպական 18 պետություն: Պայմանագրում կա կետ, համաձայն որի, եթե երկու երկրները չկարողանան սահմանազատում իրականացնել, ապա սահմանների հարցը կդրվի Ազգերի լիգայի խորհրդում: Վահե Սարգսյանը նկատում է, որ եթե երկու երկրները չկարողանան հարցը լուծել, խնդիրը պետք է լուծի ՄԱԿ-ը, որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ:

Փորձագետը կարեւոր հանգամանք է համարում, որ պայմանագրում հստակ նշված է, որ սահմանագծում պետք է իրականացնել ազգագրական պատկերի հիմքի վրա: Ազգագրական պատկերի հիմք պետք է ընդունել 1920-ի աշնան տվյալները, ինչպես նշված է պայմանագրում: Այլապես, խորհրդային եւ հատկապես հետխորհրդային շրջանում պատկերը զգալիորեն փոխվել է: Ի տարբերություն 20-ականների, այժմ Հյուսիսային Լոռու գերակշռող մասը մահմեդականացվել է, մահմեդական զգալի տարր կա նաեւ Ջավախքում եւ Ախալքալաքում: Ըստ պաշտոնական տվյաների, Հյուսիսային Լոռիում այժմ բնակվում է ավելի քան 200-250.000 մահմեդական: Խոսակցությունները, որ Խոժոռնի գյուղի դիմաց հայկական կողմը պատրաստ է տարածք զիջել Վրաստանին, Սարգսյանը գնահատում է հայկական կողմի այս հարցերում չիմացության հետեւանք: «Եթե անգամ վրացական կողմը զիջի ինչ-որ գյուղ, մի փոքր տարածք, հայկական կողմը դրա դիմաց չպետք է ոչ մի մետր տա Վրաստանին: Մի կարեւոր հանգամանք եւս: Նոյեմբերի 6-ի պայմանագրով գծված սահմանից Վրաստանը շատ առաջ է եկել ու ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածքը: Անկախ պետության ժամանակ նույնպես տարածք ենք կորցրել, եւ այսօր վրացական անցակետերը եկել ու հասել են հայկական բնակավայրերի մոտ, մինչդեռ խորհրդային շրջանում այդ անցակետերը մի քանի կիլոմետր հեռու էին բնակավայրերից: Վրացիները կատարել են միլիոնավոր ծախսեր եւ կառուցել իրենց սահմանային անցակետերը: Սա հայկական կողմի աչալուրջ չլինելու հետեւանքն է: Իսկ հայկական անցակետերը տեղակայվում են հայկական բնակավայրերի կողքին: Հայկական բնակավայրերից դուրս ես գալիս եւ անմիջապես հայկական անցակետերն են: Մենք ինքնաբերաբար հրաժարվում ենք մեր տարածքներից եւ վրացիներին ստիպում իրենց ուզած չափով առաջ գալ», նկատում է փորձագետը:

Վահե Սարգսյանը նաեւ ազդարարում է, որ սահմանի թեկուզ աննշան սխալ գծման հետեւանքով բազմաթիվ ճարտարապետական կոթողներ կմնան Վրաստանի տարածքում: Դրանցից է 13-րդ դարում կառուցված Խուճապա վանքը: «Այն մոտ է Վրաստանի սահմանին: Հայ զինվորներն ասում են, որ իրենք են հսկում սահմանը, սակայն եթե սահմանագծումն անգամ մի մետր այլ կողմով անցնիՙ Խուճապա վանքը կմնա Վրաստանի սահմանում: Նույնը կարելի է ասել նաեւ Խորակերտի մասին: Այս ամենին պետք է լրջորեն վերաբերվել: Զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ գրասենյակներում նստած սահմաններ գծում», ասում է նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4