«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԿՍԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սեպտեմբերի 15-ին Անկարայում արտգործնախարար Դավութօղլունՙ հանդիպելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ, Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի մասին մանրամասներ է հաղորդել: Հանդիպումից հետո Բայկալը լրագրողներին հայտարարել է, որ իրենք կարեւորություն են տալիս հայ-թուրքական «հաշտեցմանը», սակայն Հայաստանն առ այսօր չի ճանաչում Կարսի պայմանագիրը, շարունակում է օկուպացված վիճակում պահել Ադրբեջանի տարածքը, ցեղասպանության պնդումներով թշնամական քարոզարշավ է ծավալում ընդդեմ Թուրքիայի, սահմանները դեռեւս փակ են եւ չկան հարաբերություններ:

Այնուհետեւ նա ավելացրել է. «Հիմնարար այս չորս խնդիրներում հավասարակշիռ եւ համոզիչ մոտեցումների դրսեւորումը գոհունակություն կպատճառի մեզ բոլորիս: Սակայն արձանագրություններում միայն նշված է սահմանի բացման ժամանակացույցը, իսկ մյուս երեք հարցերի համար ժամանակացույց չի նախատեսված»:

Երեկ Դավութօղլուն հանդիպել է նաեւ այլ կուսակցությունների ղեկավարների, մասնավորապես Մեջլիսում պատգամավորական 20 տեղ ունեցող քրդամետ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքի հետ: Իսկ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին նախապես մերժել էր հանդիպման առաջարկը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4