Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի-պլազա» հյուրանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր զեկույցը պատրաստած «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում 2009-2010-ին Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցրել է 97-րդ տեղը: Նա երեկ նույնպես անդրադարձավ այդ ցուցանիշին` նշելով, որ Հայաստանը 2009-ին անցում է կատարել զարգացման որակապես նոր փուլ, որտեղ փոխվում է մրցակցության խթանիչների դերը:
Մանուկ Հերգնյանն ընդգծեց, որ մրցունակության համեմատաբար լավ արդյունքներ գրանցվել են հիմնարար ոլորտներում եւ, մասնավորապես, զգալի առաջընթաց կա ենթակառույցների եւ մակրոտնտեսական կայունության առումով: Որոշակի հետընթաց է արձանագրվել ապրանքային շուկայի արդյունավետության եւ նորարարության ոլորտում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշեց, որ զեկույցը կլինի մասնավոր եւ պետական սեկտորի հուսալի գործընկերը: Նա հետաքրքրական համարեց հաջողության հասած տարբեր երկրների փորձը, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ճանապարհով հասել է հաջողության եւ որոնց մասին նշված է զեկույցում: Ըստ վարչապետի, չնայած համաշխարհային ճգնաժամի հետեւանքներին, Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի հաղթահարի այս փորձությունը: Տիգրան Սարգսյանը նաեւ հույս հայտնեց, որ զեկույցը տարբեր ծրագրերում լուրջ բարեփոխումների խթան կլինի:
Հայաստանում USAID-ի փոխտնօրեն Ջոն Սյոնգը նշեց, որ այս զեկույցի նպատակն է օժանդակել մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ ընդգրկուն երկխոսությանը եւ քննարկումների կայացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի մրցունակության բարձրացմանը եւ արդյունավետ նորարական ազգային համակարգի ձեւավորմանը:
Ա. Մ.