ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը սկսեց ներկայացնել պատգամավորներին: Զեկույցը 138 էջ է, հանձխաժողովի նախագահը ժամը 14:30-ից մինչեւ 16:00-ն հասավ ընդամենը 53-րդ էջին, մի քանի անգամ ջուր խմեց, բայց միեւնույն է, դեռ առյուծի բաժինն այսօր է ներկայացնելու: Նախաբան խոսքում Ս. Նիկոյանը նշեց, որ եզրակացության իմաստն այդ իրադարձություններին այնպիսի գնահատական տալն է, որը կօգնի այդպիսի դեպքերի էլ երբեք չկրկնվելուն: Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովն աշխատել է հնարավորինս բաց. երկու անգամ երկարաձգել է գործունեության ժամկետը, հանձնաժողովականները 16 անգամ այցելել են քրեակատարողական հիմնարկներ, լսել կալանվածներին, նախաքննության ընթացքում տարբեր իրավասուների հրավիրել` անկախ դրանից, դա կարելի է եղել, թե ոչ, բայց արվել է ներքաղաքական վիճակից ելնելով: Հանձնաժողովի հիմնական խնդիր մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքների ճշտումը, որ հանձնաժողովը պետք է աներ, փաստորեն տեղի չի ունեցել: Փաստորեն հանձնաժողովը չի պատասխանել այդ հարցին շատ պարզ պատճառով` նա նախաքննական մարմին չէ, այդպիսի լիազորություններ չունի: Զեկույցը նախ նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական զարգացումների գնահատականը տվեց, համարելով որ այս շրջանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ հիմնախնդիրները, լուծում չստանալով` հասարակության որոշակի հատվածի արդարացի դժգոհությունն են առաջացրել: Այս թեման բացելիս եզրակացության մեջ օգտվել են մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կազմակերպությունների զեկույցներից, մեջբերումներ են արվել լրատվամիջոցների գնահատականներից, ընդդիմության լիդերների` ժողովրդային տրամադրություններ ստեղծող խոսքից, որոնք բոլորն էլ, ըստ եզրակացության, ազդեցություն են ունեցել դեպքերի զարգացման վրա: Որպես այս բաժնի ամփոփումՙ զեկույցը եզրակացնում է, թե ընտրապայքարի առաջին իսկ օրից անտեսվեցին պետության ձեռքբերումները, շեշտվեցին չլուծված խնդիրները, որդեգրվեց թշնամանքի եւ ատելության քարոզչության քաղաքականությունը, հասարակության մեջ իշխանության նկատմամբ անվստահությունը խորացվեց, ընտրությունների օրը եւ հաջորդած 10 օրերին ընդդիմության կազմակերպած հանրահավաքներն ապակայունացնում էին իրավիճակը, իշխանության եւ ընդդիմության փոխադարձ անհանդուրժողականությունը եւ փոխզիջման որոնման անհնարինությունը հանգեցրին մարտի 1-2-ի դեպքերին:
Մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ եզրահանգումների եզրահանգումն այն է, որ ոստիկանության գործողությունները ընդհանուր առմամբ եղել են իրավաչափ եւ համաչափ, բխել են «Ոստիկանության մասին» օրենքի համապատասխան կետերից: Չնայած եզրահանգումների մանրամասնություններում ասվում է, թե որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցները ցուցաբերել են անհարկի միջամտություն, առանձին դեպքերում իրականացրել բռնություն, եւ հենց տվյալ գործողություններն ոչ իրավաչափ եւ անհամաչափ էին, որոնք, ի դեպ, քննության են առնվել հատուկ քննչական ծառայությունում, իսկ հանձնաժողովի տրամադրած նյութերով երեք քրեական գործ է հարուցվել:
Բացի այդ` նշվում է , որ միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որը հանձնաժողովն անընդունելի է համարում զանգվածային միջոցառման համար: Բացի այդ` տեսանյութերը քչություն են արել, որպեսզի պարզվի, թե ինչ հանգամանքներում է սկսվել ոստիկանության ու ցուցարարների բախումը, մինչդեռ ոստիկանները խլել ու փչացրել են «Երկիր-մեդիայի», ԱԼՄ-ի, Ա1+-ի տեսանյութերը, եւ այս բոլոր վեր բերված արարմունքները մերոնք էլ չեն անի, եթե բոլոր այս ուղղություններով... դասընթացների գնան: Իսկ մարտի 1-ի առավոտյան «Ազատեք հրապարակը» կոչ ոստիկանության կողմից եղել է, սակայն գործողությունը չի սկսվել ժամը 7:00-ին, ինչպես ոստիկանությունն է պնդում, այլ 20 րոպե ավելի վաղ:
Մարտի 1-2-ի հետագա իրադարձությունների հետ կապված ոստիկանության գործողություններն էլ իրավաչափ են որակվել, էլի որոշ վերապահ դեպքերը բացառյալ: Ոստիկանության իրականացրած գործողությունները եղել են ոչ այնքան օպերատիվ եւ կազմակերպված` առանձին ծառայողների մասնագիտական ցածր պատրաստվածության պատճառով, «Չերյոմուխա-7» հատուկ միջոցն օգտագործել են ՀՀ ոստիակնության 10/33 զորամասի եւ հատուկ նշանակության ջոկատի ենթասպաները, եւ միշտ չէ, որ պահպանվել են դրանց օգտագործման կանոնները` որ դրանք արգելվում է օգտագործել մարդկանց կուտակումների ուղղությամբ:
Մնացյալը` վաղը: Ավելացնենք միայն, որ այս զեկույցը չեն ստորագրել ԱԺՄ-ն ներկայացնող Արտավազդ Վարդանյանը, որը համարում է, որ եթե մեղավորները, սպանություն կատարածնեը չեն նշվում, ուրեմն զեկույցն իր առաջ դրված խնդիրները չի լուծել, եւ «Նոր ժամանակների» ղեկավար Արամ Կարապետյանը: Իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու Արտաշես Շահբազյանը հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվում է զեկույցին: Հատուկ կարծիքը վերաբերում է հիմնականոււմ ոստիկանության գործողություններն իրավաչափ եւ համաչափ գնահատելուն. «Մենք համակարծիք չենք այդ միանշանակ գնահատականին, որովհետեւ հենց զեկույցում էլ փաստված են այն առանձին դեպքերը, երբ ոստիկանության առանձին աշխատակիցներ գործադրել են անհամաչափ ուժ եւ առանձին դեպքերում դուրս են եկել նախատեսված սահմաններից, ինչը պատճառ է դարձել հետագա զարգացումների համար, ուստի երեկոյան, երբ գործադրվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցը, որը, մեր կարծիքով, ոչ միայն ոչ համաչափ, ոչ իրավաչափ է եղել, այլ նաեւ այսպիսի՛ գործողություններն են հանգեցրել վատ հետեւանքներին», ասաց Ա. Մինասյանը: Առարկությունը վերաբերում է նաեւ նախաքննության եւ հետաքննության ընթացքում եղած բացթողումներին, որոնք, ըստ ՀՅԴ-ականների, հիմք չեն տալիս պնդելու, որ նախաքննական գործողություններն ամբողջությամբ արժանահավատ են, եւ բացի այդ, քանի դեռ 10 մահվան, վիրավորված անձանց հանգամանքները բացահայտված չեն, պատճառված վնասի մեղավոր անձինք բացահայտված եւ պատասխանատվության ենթարկված չեն, անհրաժեշտ է հավելյալ քննություն:
Այդ դեպքում ՀՅԴ ներկայացուցիչներն ինչո՞ւ են ստորագրել զեկույցը: Նրանք զեկույցի մյուս մասերին համաձայն են: