Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ առաջարկած փոփոխությունները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկվում է առանց նախապայմանների բարելավել ու խորացնել երկկողմ հարաբերությունները` փաստաթղթում առկա «երկկողմ հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու» փոխարեն:
Նախաստորագրված փաստաթղթում առկա «Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման եւ առաջարկների ձեւակերպման համար» տեքստային այս տարբերակի փոխարեն` ՀՅԴ-ն կարճ ու կոնկրետ առաջարկում է.«Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն»:
Նախաստորագրվածում`«Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները», ըստ ՀՅԴ-ի առաջարկի. «Վերահաստատելով հավասարության , ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց միջազգային պարտավորությունները»:
Նախաստորագրվածում`«Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը», ըստ ՀՅԴ-ի` «Կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու որոշումը»:
Եվ ամենակարեւորը. «Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովով (երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար)` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ» փաստաթղթային տարբերակի փոխարեն` ՀՅԴ-ն առաջարկում է. «Երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման ենթահանձնաժողով» ձեւակերպումը:
Իսկ թե ի՞նչ մեխանիզմով կարելի է այս փոփոխությունները ներառել փաստաթղթում` ՀՅԴ-ականներն էլ դեռ չգիտեին: Արմեն Ռուստամյանը հույս ուներ դա պարզել Ազգային ժողովում այս թեմայով լսումների ընթացքում, իսկ Հրայր Կարապետյանը համարում էր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ձեւաչափով սրանք կներկայանեն, իսկ բանակցողը նախագահն է, նա էլ հետագայում պետք է ներկայացնի` եթե առաջարկները նրա կողմից ընդունելի լինեն:
Մ. Խ.