Համակարգչային վիրուսների, սպամների եւ հաքերային գրոհների դեմ անվտանգության համակարգերի արտադրության առաջատար ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երեկ պայմանագիր ստորագրեցին տեղեկատվական անվտանգության համակարգում համագործակցության մասին: Այդ արարողությանը հաջորդող մամուլի ասուլիսում պայմանագրի դրույթները ներկայացրին «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Պայմանագրի համաձայն, «Կասպերսկու լաբորատորիան» Հայաստանի կառավարությանը կաջակցի պետական մարմինների եւ ուսումնասկան հաստատությունների տեղեկատվական համակարգերի հակավիրուսային պաշտպանության հարցում: Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ջանքեր են ներդրվելու նաեւ բարձրացնելու մարդկանց գիտակցությունն այդ հարցում:
Եվգենի Կասպերսկին իր հերթին նշեց, որ տասնյակ եւ հարյուր հազարավոր վիրուսների դեմ պայքարելու այլ արդյունավետ ճանապարհ, քան տեխնոլոգիականը, գոյություն չունի: Համակարգչային հանցագործների դեմ պայքարելը շատ դժվար է, ուստի ավելի ու ավելի է կարեւորվում այդ պայքարը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ըստ Եվգենի Կասպերսկու, կիբեռհանցագործների դեմ կարելի է պայքարել նաեւ ուսուցմամբ, տեղեկացնելով, թե որ դեպքերում ինչ պետք է անել եւ ինչպես վարվել: Խոսելով իրենց ծրագրերի մասին, աշխարհի համակարգչահենների սարսափը խորհուրդ տվեց օգտվել իրենց օրինական արտադրած, այլ ոչ թե գողացված հակավիրուսային ծրագրերից: Նա այն կարծիքը հայտնեց, որ «պիրատությունը» ոչ թե մտածելակերպի կամ գործելակերպի խնդիր է, այլ տնտեսական կացության հետեւանք: Այն երկրներում, որտեղ բարեկեցությունը բարձրանում է, «պիրատությունը» նվազում է: Այդ երեւույթի դեմ «Կասպերսկու լաբորատորիան» փորձում է պայքարելՙ դժվարացնելով ապօրինի ձեւով իրենց արտադրանքից օգտվելը, որպեսզի մղեն սպառողին ինչ-որ բան կոտրելու եւ ապօրինաբար օգտվելու փոխարեն, այդքան ծախս կատարելու եւ գնելու օրինական արտադրանքը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ