«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ

Դիմացինին չճանաչելով` անհարկի վիրավորական խոսքեր ասելը, դժբախտաբար դարձել է, մեր օրերում առավել եւս, հայի կարեւոր հատկանիշներից մեկը: Ավելին, այդ խոսքերը պետք է անպայման զուգորդվեն նաեւ գերակայությամբՙ դիմացինի նկատմամբ, մոռացության մատնելով այն, որ նա էլ մեկ ուրիշ բնագավառում կարող է մասնագիտացած լինել:

Ասվածի վառ օրինակ է «Ազգի» սեպտեմբերի 15-ի համարում լույս տեսած Քնարիկ Աբրահամյանի «Ճանաչենք բանաստեղծին» հոդվածըՙ ի պատասխան «Ազգի» սեպտեմբերի 10-ի լրատվության Իգնա Սարըասլանի մասին:

Հոդվածագրի եւ ընդհանրապես նման մտածելակերպի տեր մարդկանց մտքով չի անցնում, որ տվյալ թեմային քաջածանոթ լինելուց կամ չլինելուց բացի այլ պատճառներ էլ կարող են լինել թերթի տեղեկատվության մեջ սխալ թույլ տալու համար:

Տվյալ դեպքում լրատվությունը ընդամենը ընդօրինակություն էր կանադահայ «Ապագայ» թերթից, որտեղ հստակ նշված էր «բանաստեղծ» բառը (բայց այնտեղ էլ, ի դեպ, սխալ էր գրված ազգանունըՙ Սարըսլան), որն իմ կողմից ուղղակի ոչ ճիշտ էր արտագրվել: Պատճա՞ռը: Պատճառները տարբեր կարող են լինելՙ անուշադրություն, ուշադրության շեղում մեկ ուրիշի կողմից, հեռախոսազանգ եւ այլն:

Իհարկե, պատճառը կամ պատճառները որպես սխալի արդարացում չպետք է ծառայեն: Բայց ոչ էլ պետք է իրավունք տան վիրավորական խոսքերով հանդես գալու:

Իսկ ի՞նչ անել, կհարցնի ընթերցողը: Լուռ անցնե՞լ սխալ տեղեկատվության վրայով, չարձագանքե՞լ: Պատասխանեմ: Անշուշտ պետք է արձագանքել եւ ճշտել, բայց դա կարելի է անել առանց ավելորդ վիրավորանքի, ասենք, հեռախոսազանգովՙ խնդրելով որ ապատեղեկատվությունը ճշտվի:

Հաջորդ օրն իսկ թերթում կհայտնվի ճշգրտված տարբերակը: Այդքանը: Առանց զայրույթի կամ գայթակղության, ինչպես ընթերցողն է նշում:

Սկզբնատառերով արդեն ծանոթ ստորագրությունս պահպանելովՙ

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4