Նախկինում երբեք չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված Արշիլ Գորկու 28 ստեղծագործությունները (գծանկարներ եւ կտավներ) ներկայացված են լինելու Մասաչուսեթսի «Ուիսլըր Հաուս» արվեստի թանգարանի «Պարկեր» սրահում կազմակերպված ցուցահանդեսում, որը բացվելու է սեպտեմբերի 17-ին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Արշիլ Գորկու գծանկարներն ու կտավները: Մինա Բոմ Մեցգեր հավաքածուից» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց է մնալու մինչեւ նոյեմբերի 7-ը: Հավաքածուի նշանակությունը մեծ է այն առումով, որ այնտեղ ներկայացված են լինելու «Ամերիկայի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հայրը» հորջորված հայազգի տաղանդավոր նկարչի վաղ շրջանի գործերը, որոնցում զգալի են ինչպես Սեզանի, Միրոյի եւ Պիկասոյի ազդեցությունները, այնպես էլ դրանցից ձերբազատվելու նրա ջանքերը: Առաջին անգամ ներկայացված է լինելու նաեւ արվեստագետի քանդակներից այն միակը, որ պահպանվել է մինչեւ օրս:
Մինա Մեցգերը եղել է Արշիլ Գորկու ուսանողը, հետագայումՙ ընկերը եւ հովանավորը: Նա ծնվել է 1877-ին Վիեննայում: Հայրը Բուֆալու Բիլի հետ արեւմուտքի հետազոտողներից մեկն է եղել, իսկ հետագայումՙ Նյու Յորքի ճանաչված ճարտարապետներից, որոնք ունեցել են իրենց սեփական ընկերությունը: Չնայած արվեստի դասընթացներ ունեցել է, սակայն մինչեւ 1930-ականները լրջորեն չի զբաղվել: Երբ Նյու Յորքի «Գրանդ Սենթրալ» արվեստի դպրոցը նկարչության դասընթացներ է բացել, նա մասնակցել է դրանց եւ հանդիպել Արշիլ Գորկուն: Նա անմիջապես գնահատել է Գորկու տաղանդը եւ ամուսնու հետ որոշել այդ դժվար տարիներին նեցուկ կանգնել արվեստագետին:
Բացի վերոնշյալից, «Արմինյն միրոր սփեքթեյթրը» նաեւ տեղեկացնում է, որ հոկտեմբերին Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը Գորկու հետահայաց ցուցահանդեսն է կազմակերպելու, որը հետագայում տեղափոխվելու է նախ Լոս Անջելես եւ ապա Լոնդոն: Դա առաջին մեծ, ամբողջական ցուցահանդեսն է լինելու 1981-ին Գուգենհայմ (Նյու Յորք) թանգարանում կազմակերպված հետահայացից հետո եւ առիթ է ծառայելու նոր սերնդին ծանոթացնելու տաղանդավոր արվեստագետի ժառանգությանը:
Հ. Ծ.