Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը. «Հայաստանում եւ ԼՂՀ-ում այս պահին իրականացվող ծրագրերի մի ստվար զանգված դպրոցաշինությունն է: Կառուցվում են նոր դպրոցներ Արցախի Վաղուհաս, Գիշի, Ճարտար գյուղերում եւ Սպիտակաշեն համայնքում: Սպիտակաշենի դպրոցի պաշտոնական հանձնումը կլինի մեկ ամսից: Սկսում ենք Տող գյուղի դպրոցի 2-րդ փուլը եւ Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցումը: ԼՂՀ-ում շարունակում ենք նաեւ ջրատարների, գազատարների վերակառուցումները, մանկապարտեզների, ծննդատների, հիվանդանոցի կառուցումները, Ստեփանակերտի «Արցախ հեռուստառադիո» ընկերության համար սարքավորումների տրամադրման եւ ինտերնետային կայքի ստեղծման աշխատանքներ են տարվում»:
Պրն Վարդանյանը թվարկեց նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը` Նոյեմբերյանում հիվանդանոցի ամբողջական վերանորոգում, Գորիս քաղաքում սրտաբանական կենտրոնի ստեղծումը, Տավուշի մարզում դպրոցների վերանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում եւ շատ այլ ծրագրեր: Գործադիր տնօրենը նշեց, որ Ձորամուտ համայնքին տրամադրվել է դպրոցական ավտոբուս, Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում կառուցվում է մարզադահլիճ, Հաղարծնի հուշահամալիրն է հիմնանորոգվում: Դրանցից զատ վերանորոգվում են ոռոգման ցանցերը, տրամադրվում է գյուղտեխնիկա եւ այլն: Այս օրերին էլ քննարկվում են 2-3 նոր ծրագրեր, որոնք կարճ ժամանակ անց սկսում են իրագործել:
Արա Վարդանյանը տեղեկացրեց, որ այս օրերին ընթանում են առաջիկա մարաթոնի նախապատրաստական աշխատանքները ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Նկարահանվում են հատուկ տեսանյութեր իրականացված ծրագրերի մասին, որոնք կցուցադրվեն նոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ից մինչեւ 27-ի 08.00 Լոս Անջելեսում մեկնարկող հեռուստամարաթոնի ընթացքում: Գործադիր տնօրենը նշեց, որ բացի այդ մարաթոնից, Հայաստանում եւ Արցախում կլինեն նոր դրամահավաքի ձեւեր, որոնց մասին կտեղեկացվի առաջիկայում:
«Ազգի» այն հարցին, թե նախորդ հեռուստամարաթոնին խոստացված, սակայն մուտքագրված գումարների թվերն ինչո՞ւ են շատ տարբեր, ասաց. «Անցած տարի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 5 միլիոն, հայտարարվել էր 35 միլիոն: Նոյեմբերի 1-ին Երեւանում ճաշի ժամանակ 30 միլիոն էին խոստացել, որից ամենամեծ խոստումը տվել էր գործարար Սամվել Կարապետյանը` 15 միլիոն ԱՄՆ դոլար Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցման համար, որը ընթացքում է ու շատ արագ կառուցվում է: 2 միլիոն դոլար էր խոստացել Գագիկ Ծառուկյանը Ստեփանակերտում սպորտային դպրոցի կառուցման համար, նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, շինարարությունը շուտով կսկսվի: Բոլոր նրանք, ովքեր խոստացել են, այդ գումարներով ծրագրերը իրականացվում եմ հենց իրենց կողմից եւ նրանց հետ կնքվել են պայմանագրեր: Ուստի հիմնադրամ մուտք է եղել 5 միլիոն դոլարը»: Իսկ այն հարցը, թե շինարարությունից շատ ժամանակ դժգոհում են ֆինանսավորողները, պրն Վարդանյանը հերքեց, բայց նաեւ նշեց. «Իհարկե, միջազգային չափանիշներով կառուցելու դեպքում կրկնակի, եռակի գումարներ կպահանջվեն, ուստի բարերարները փորձում են հարմարվել, իրենց տրամադրած գումարների սահմաններում վերանորոգումները կամ կառուցումները անել»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ