«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԼԵՎՈՆ ՓԱՉԱՋՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿ»

Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Շվեդական ԳԱԻՍ-ը, որի հետ հայ ֆուտբոլիստը 2008-ի սկզբին քառամյա պայմանագիր էր կնքել, Լեւոն Փաչաջյանին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է շնորհելՙ չեղյալ համարելով գործող պայմանագիրը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ԳԱԻՍ-ը չէր հայտավորել Շվեդիայի այս տարվա առաջնությանը: Այնպես որ գարնանը նորվեգական «Ֆրեդրիկստադից» վերադառնալով Շվեդիա, Փաչաջյանը ստիպված էր լինելու մինչեւ հունվար խաղադաշտ դուրս չգալ: Իսկ ԳԱԻՍ-ը, որն առանց այդ էլ ֆինանսական դժվարություններ ուներ, ստիպված պետք է լիներ վճարել Փաչաջյանի աշխատավարձը: Եվ ահա շվեդական ակումբի ղեկավարությունը Փաչաջյանի հետ խորհրդակցելով, որոշեց չեղյալ համարել պայմանագիրը:

Ճիշտ է, վերադառնալով «Փյունիկ», Փաչաջյանը զրկված կլինի նաեւ Հայաստանի առաջնությանը մասնակցելուց, քանի որ տրանսֆերային շրջանում նա հայկական ոչ մի ակումբում գրանցված չէր, ուստի չի կարող այժմ հայտավորվել: Ամեն դեպքում, Լեւոնը սկսել է մարզվել «Փյունիկի» կազմում: Չնայած ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ մեր ընտրանու կազմում չի ընդգրկի խաղային փորձ չունեցող ֆուտբոլիստների, սակայն նա Փաչաջյանին հայտավորել էր Բելգիայի հավաքականի հետ հանդիպմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4