Երեկ մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր քաղաքական կուսակցությունների նախագահներին` մասնակցելու երրորդ թեմատիկ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փուլը» թեմայով քննարկմանը: Նախագահի հետ հանդիպման հրավեր էր ուղարկվել ՀՀ-ում գրանցված 64 կուսակցությունների ղեկավարներին, որոնցից հանդիպմանը մասնակցում էր 52-ը: Հանրապետության ղեկավարը բացման խոսքում նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության եւ նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո սկսվել է գործընթաց, որն իսկապես դրական եւ կարեւոր է: «Նկատի ունեմ հասարակական-քաղաքական քննարկումների այս փուլը», հավելեց նախագահը: Սերժ Սարգսյանը նշեց, որ արձանագրությունների հրապարակումից հետո մանրամասն ծանոթացել է հանրայնորեն հնչած ամենատարբեր կարծիքներին: «Լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատություն, այդ թվում` խիստ, լսել եմ նաեւ մտահոգություն: Ես ել եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերն ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները», ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով եւ նախաձեռնելով այս ողջ գործընթացը` նպատակ է հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար, ցույց տալ, որ ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը եւ Հայաստանը բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու: «Այս օրերին բազմաթիվ մարդիկ հարցեր են տալիս, եւ հարցը հետեւյալ կերպ է հնչում` ո՞րն է ձեր նվազագույն կամ առավելագույն ծրագիրը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանների բացումը չեմ համարում ոչ նվազագույն եւ ոչ էլ առավելագույն ծրագիր: Այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսելու երկխոսություն: Շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական», ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը փաստեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը դեմ դիրքորոշումները չկան կամ քիչ են: «Եթե մենք մեր տրամաբանական ճանապարհը սկսում ենք այս ելակետից, ապա պետք է կարողանանք հասկանալՙ որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք եւ ո՞ւր ենք գնում: Անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու: Եթե որեւէ խնդրի լուծման համար որեւէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացույց անել: Եկեք միասին հասկանանք այս խնդիրները: Եթե մենք իրոք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, ապա եկեք հասկանանք, թե ով ինչ է անելու եւ, ընդհանրապես, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու: Կարծում եմ, սա է ամենից կարեւորը», եզրափակեց Սերժ Սարգսյանը:
Ավելի քան հինգ ժամ տեւած կլոր-սեղան քննարկման ժամանակ կուսակցությունների ղեկավարներին ընձեռվեց 3 րոպե` ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Ներկայացված առաջարկները հիմնականում կառուցողական էին, իսկ քննարկումից հետո ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց մտահոգությունները չեն փարատվել:
Դաշնակցական գործիչը կարծում է, որ քննարկումների արդյունքում նախագահի մտահոգությունների առումով որոշակի փոփոխություններ են արձանագրվել: «Մտահոգությունները հասկանալով սակայն` իշխանությունները պատրաստ են ստորագրել փաստաթուղթը: Իրենց ասածն այն է, որ պայքարը կշարունակվի. մենք մեր ուժերին վստահ ենք, եւ այն մտահոգությունները, որ գոյություն ունեն, մենք մեր աշխատանքով կչեզոքացնենք: Հարց է առաջանում, թե ո՞վ է ավելի ընդունակ ու կարող կլինի այս փաստաթղթից օգտվել», ասաց Արմեն Ռուստամյանը:
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Արմեն Մանվելյանն իր ելույթում նշեց, որ կուսակցությունը դրական է գնահատում երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ջանքերը, սակայն սեղանին դրված փաստաթղթի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում: «Պատմական փաստերի ուսումնասիրման» փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը Թուրքիան կշահարկի, կփորձի կասեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը նշելով, որ իբր այս հարցում դեռ քննարկումներ են ընթանում, իսկ երրորդ երկրների միջամտությունը խանգարում է»: Նա նկատեց, որ երկկողմ համաձայնագիրը վերախմբագրման կարիք ունի: Արմենական-ՌԱԿ-ի ատենապետն ասաց, որ փաստաթղթի վերաբերյալ սփյուռքում միակարծություն չկա, եւ հիմնական խնդիրը թերեւս հարցի նկատմամբ տեղեկատվության պակասն է: Մանվելյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 3-ին Երեւանում կկազմակերպվի Ռամկավար ազատական կուսակցության համաժողովը, որին մասնակցելու են մեծ թվով սփյուռքահայ ռամկավարներ: Նրանց այցը պայմանավորված է նաեւ տեղի ունեցող` Հայաստան-Թուրքիա գործընթացի մասին հնարավորինս շատ տեղեկություն ստանալու պահանջով: Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ կայցելի սփյուռքյան մի շարք գաղթօջախներ` Հայաստան-Թուրքիա պայմանագիրը ներկայացնելու եւ նրանց կարծիքը լսելու համար:
«Արձանագրությունները, դիվանագիտական լեզվով, այդքան էլ կոռեկտ չեն ներկայացված, դրանց մեջ ուղղումներ մտցնելու եւ խմբագրելու կարիք կա, սակայն մեզ հայտարարում են, որ այդ ուղղումները հնարավոր չեն», ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Ներսում տիրող մթնոլորտից խոսելիս` Արամ Սարգսյանն ասաց, որ տպավորություն այնպիսին է, որ «կանգնած ենք ընտրության առջեւ. կամ ընդունել ամբողջությամբ, կամ մերժել արձանագրությունները: Համոզվեցի միայն մեկ հարցում, որ այն, ինչ անհրաժեշտ է եւ նախագահը ուզում է իրականցնել, շատ կարեւոր է: Բայց այսպիսի իրավիճակում հայկական կողմը որոշակիորեն թերացել է բանակցությունների ժամանակ, քանի որ դիվանագիտական առումով ձեւակերպումները չեն համապատասխանում այն նորմերին, որոնք այսօր գործում են», եզրափակեց դեմոկրատը:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ դեմ է արձանագրություններում տեղ գտած կետերին: «Փաստորեն այդպիսով մենք Թուրքիային հրավիրում ենք տարածաշրջան: Ստացվում է, որ Թուրքիան դեր է խաղալու տարածաշրջանում», ասաց Կարապետյանը: Այդ մտահոգությունները նա ներկայացրել է Սերժ Սարգսյանին, սակայն նախագահը դրանք համարել է տարօրինակ: