«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԴԵՌ ՇՈՒՌՈՒՄՈՒՌ ԿՏԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ ողջ օրը տեղի ունեցած խորհրդարանական քննարկումները եւ ավելի ուշ` ժամը 18:30-ին գումարված արտահերթ նիստը նվիրված էին բացառապես 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացությանը: Այս քննարկումներին բացահայտումների պակաս չեղավ, չնայած գլխավոր հարցի պատասխանը, թե ո՞ւմ գործողությունների հետեւանքով է 10 մարդու մահ պատճառվել, բազմաթիվ վիրավորներ են եղել, չտրվեց` բազմաթիվ անգամ փաստվեց պառճառըՙ հանձնաժողովը չուներ նախաքննական մարմնի լիազորություններ: Իսկ ընդհանրապես` եզրակացությունը առաջին բերան լսելու եւ դեռ հարեւանցի ուսումնասիրության արդյունքում կարելի է համարել քաղաքական փաստաթուղթ, որն ավելի շատ հասարակության տվյալ ժամանակի պատկերն է տվել ու տարբեր վերնագրերի տակ խորհուրդներ տվել` ինչպե՞ս անել, որ երկրում մթնոլորտ եւ իրավիճակ փոխվի, չկրկնվեն մարտի 1-ի դեպքերը: Սակայն անգամ այս փաստաթուղթը չի տալիս եւ չէր կարող տալ այն հավերժական դիլեմմայի պատասխանը, թե ինչպե՞ս անել, որ բոլոր ժամանակների ընդդիմությունները չօգտագործեն հասարակության դժգոհ շերտերին` իշխանության գալու համար, նրանց չմղեն իշխանության ու նրա տիրապետած «դուբինկեքի» բերան, իսկ իշխանությունն էլ երբեք իշխանությունը պահելու համար չհամարձակվի այնպիսի գործողությունների դիմել, որի արդյունքում սեփական քաղաքացիները խեղվեն ու անգամ զոհվեն: Ինչեւէ, քննարկումների առանձին հատվածներին տարբեր առիթներով կանդրադառնանք, քանի որ ուշ երեկոյան խմբագրություն վերադառնալուց հետո` լրագրողական լեզվով ասած թերթը «լցված» գտանք: Այժմ ներկայացնենք միայն արտահերթ նիստի ռեժիմով հնչած ԱԺ խմբակցությունների տեսակետները եզրակացության վերաբերյալ, որոնց հավանաբար ավելի քիչ լրատվամիջոցներ կհասցնեն անդրադառնալ այսօր: Ասենք, որ կիսատ թողեցինք նաեւ ԺՀ նախագահ Սամվել Նիկոյանի եզրափակիչ խոսքը, ուշ էր շատ, ուր նա բողոքում էր, որ իրենց աշխատանքի ամիսները դաժան ամիսներ են եղել, երբ հասարակությունը բաժանվել էր երկու հակընդդեմ հատվածների, եւ ամեն մեկն իրենն էր պնդում, իսկ ամբողջ ընդդիմությունը խնդիր էր դրել հանձնաժողովի դեմ պայքարել:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը նախ «Ժառանգության» անունից կոչ արեց պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին` արտակարգ դրություն մտցնելու «ապօրինի որոշման եւ երկրի քաղաքացիների անվտանգության երաշխավորը չլինելու համար»: Նույն բախտին արժանացան ուժային, զինված ուժերի, դատական համակարգի` այն ժամանակվա եւ ներկա պատախանատուներ Հայկ Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, Աղվան Հովսեփյանը (իսկ դուք ասում էիք-Մ.Խ.), Անդրանիկ Միրզոյանը: Մինչ այդ էլ ասել էր, որ մարտի 1-ից հետո իշխանություններն այդպես էլ չփորձեցին երկխոսել հասարակության հետ ` դրա համար վկայաբերել էր 2008-ի մարտի 2-ի խորհրդարանական նիստը, հետագա դատական գործընթացները, իսկ ավելի վաղ եւ նա, եւ նրա մյուս կուսակիցներն իրենց դժգոհությունն էին հայտնել իրենց խոսքով` միակ մեղավոր ընդդիմությանը դուրս բերող եզրակացությունից:

ՀՀԿ-ն ներկայացնող Գալուստ Սահակյանը նախ քննադատեց «պիոներական ջերմեռանդությամբ հասարակությանը ապակողմնորոշող ելույթները», ապա մարտի 1-ի ձեռագիրը որոնեց Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին տեղի ունեցած Մասիսի, կայարանի, ՀԱԲ-ի հետ կապված դեպքերի համանման ձեռագրերում: Ռոբերտ Քոչարյանին մեղադրելուն էլ («Ժառանգություն», Վիկտոր Դալլաքյան)` համամիտ չէր, այդ օրերին տեղի ունեցածը իշխանության բռնազավթման փորձ որակելով. ըստ նրա` դատվեցին մասնակիցները, իսկ ուղղորդողները մնացին դրսում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնող Վահան Հովհաննիսյանը (ընկեր Վահանի գնահատումներին խիստ համամիտ էր նաեւ Ս.Նիկոյանը) թեեւ համարեց, որ եզրակացության մեջ հիմնականում բացահայտված են այն պատճառները, որոնք մեր ժողովրդին տարան ծայրահեղության, եւ հանձնաժողովը բալանսավորված գնահատականի փորձ է արել, սակայն որ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը չհնչեց` այս առումով միակողմանի գնահատական է: Նա առաջարկ ուներ` ժամանակավոր հանձնաժողովի ահռելի աշխատանքն իզուր կլինի, եթե ԱԺ-ն այս առթիվ որոշման նախագիծ չունենա (ՀՅԴ-ն 2 օրվա ընթացքում այդպիսի նախագիծ բերելու է ԱԺ, որպեսզի որոշման արդյունքում հանձնաժողովի եզրահանգումները գործնական ընթացք ստանան), ապա եւ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին եւ ՀՅԴ-ական հանձնաժողովականներին` կատարած հսկայական աշխատանքի համար:

ԲՀԿ տեսակետը ներկայացնող Արամ Սաֆարյանը հիշեց, որ սկզբից ոչ այնքան համոզված, թե ԺՀ աշխատանքն արդյունք կտա, ապա իր եւ իր գործընկերուհի Նաիրա Զոհրաբյանի ամիսների աշխատանքից հետո համոզվել էր ԺՀ-ի արդյունավետ եւ օգտակար աշխատանքում: Նրա կարծիքով` այն մարդիկ, ովքեր կասկածով կվերաբերվեն եզրակացությանը, միեւնույն է, ունենալու են ամենալավագույն, ամենահամապարփակ փաստաթուղթը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ. հանձնաժողովականներն իրենց կյանքի 16 ամիսները ծախսել են զեկույցը պատրաստելու վրա, եւ թող դատավոր լինի ժողովուրդը:

Նրանց ելույթներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ գնահատեց, թե ԺՀ-ի եզրակացությունը անկաշառ եւ անկողմնակալ է, եւ սպառիչ պատասխաններ է տվել հիմնական հարցերին, բաց թողնելով միայն այն, թե ո՞ւմ գործողությունների հետեւանքով է մահ պատճառվել, դա էլ` օբյեկտիվ պատճառով:

Այսպիսով` ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը կա, որին մեկ անգամ չէ, որ հղումներ եւ անդրադարձներ կարվեն, ափսոսում ենք միայն, որ հնչած շատ հետաքրքրական ելույթների չկարողացանք հենց այսօր անդրադառնալ: Բացը կլրացնենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4