Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ Թուրքիայի խորհրդարանը օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները կկիրառի` կապելով ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հետ: «Որեւէ կասկած չկա, որ այդպես է լինելու: Իսկ Հայաստանի խորհրդարանն, ակնհայտ է, որ կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից»:
Ընդդիմադիր գործիչը խոստանում է, որ երբ մոտենա Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման պահը, իշխանություններին մի առաջարկություն կանի, որից դժվար կլինի հրաժարվել: Շահնազարյանը նկատեց, որ առաջարկությունը կանի լրագրողների միջոցով, իսկ թե ինչ առաջարկության մասին է խոսքը` Շահնազարյանը չցանկացավ բացահայտել:
Սերժ Սարգսյանի` Հայաստանում գործող կուսակցությունների ղեկավարներին հավաքելու ու հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու նախաձեռնությունը Շահնազարյանն անվանեց հերթական անլուրջ եւ ոչ քաղաքական քննարկումը: «Սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսվեցին քննարկումները քաղաքական ուժերի հետ: Քաղաքական բովանդակություն բացարձակապես չեմ ակնկալում այս քննարկումներում», նկատեց նա:
Շահնազարյանը անլուրջ նախաձեռնություն անվանեց նաեւ արձանագրություններում Դաշնակցության առաջարկած փոփոխությունները:
«Փոփոխություններ անելը անլուրջ է, եւ ընդհանրապես Դաշնակցության գործունեությանը գնահատական տվեք` ելնելով այն բանից, որ դրանք բացառապես ներիշխանական գործընթացներ են, եթե դա կարելի է գործընթաց անվանել: Դաշնակցությունն ուղղակի սրանով փորձում է խուսափել այն պատասխանատվությունից, որ ինքը որպես կուսակցություն ունի թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակի, թե՛ ղարաբաղյան հարցի վերաբերյալ», հավելեց Շահնազարյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ