Ասեկոսեների տարափով եւ տեղեկատվության հոսքով լեցուն ամիսներից հետո Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի միջնորդությամբ օգոստոսի 31-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` հանրությանը ներկայացնելով երկու արձանագրություններ, որոնց նպատակը իրենց երկրների խնդրահարույց հարաբերությունների կարգավորումն է:
Ապրիլի 22-ին հրապարակված նախորդ հայտարարության մեջ հայ եւ թուրք պաշտոնյաները նշել էին, որ համաձայնել են մի «ուղեցույցի» (բառացի` «ճանապարհային քարտեզի») շուրջը, որը «ողջամիտ ժամանակացույցով» պետք է առաջնորդեր իրենց դեպի հարաբերությունների կարգավորում: Երկու կողմերը նշել էին նաեւ, որ սկզբունքային համաձայնության են եկել նախաստորագրելով երկու արձանագրությունները, որոնք, սակայն, մինչ օգոստոսի 31-ը չհրապարակվեցին: Ուշացման պատճառն Ադրբեջանի կողմից իրականացված ճնշումների հետեւանքով ուղեցույցից Թուրքիայի հրաժարումն էր: Նախագահ Ալիեւը պնդում էր, որ Թուրքիան փակ պահի Հայաստանի հետ իր սահմանը` մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հետագա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների մեջ որեւէ առաջխաղացման բացակայությունը առիթ էր տալիս ենթադրություններ անելու, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայնի հոկտեմբերի 14-ին այցելել Թուրքիա` ներկա գտնվելու երկու երկրների ֆուտբոլային խաղին: Հայաստանի նախագահը փորձեց ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վեջինս հարգի ուղեցույցի շուրջը ձեռք բերված համաձայնության իր բաժինը, հայտարարելով, որ կայցելի Թուրքիա, միայն եթե սահմանը բաց լինի կամ լինի բացման նախաշեմին:
Ամերիկյան կառավարությունը նույնպես ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա. որպեսզի վերջինս ընդառաջ գնա Հայաստանի հետ վերոհիշյալ համաձայնությանը: Օրեր առաջ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսային խոսակցություն էր ունեցել ինչպես նախագահ Սարգսյանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ` նպատակ ունենալով օգնել հաղթահարելու առկա մի քանի խոչընդոտները: Քանի որ ապրիլի 24-ի իր ուղերձում «Հայկական ցեղասպանություն» արտահայտության չգործածմամբ նախագահ Օբաման դրժեց նախընտրական իր խոստումը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «զգայուն» բանակցությունները չականահարելու պատճառաբանությամբ, Միացյալ Նահանգները փորձեց առաջխաղացում ապահովել երկու երկրների հարաբերություններում` նպատակ ունենալով վերականգնել ԱՄՆ նախագահի հեղինակությունը:
Արդյունքում, օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան առաջին անգամ քննարկեցին երկու արձանագրությունները եւ հայտարարեցին, որ համաձայն են սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» եւ «Հարաբերություները զարգացնելու» արձանագրությունների շուրջը: Այս խորհրդակցությունները պետք է ավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, որից հետո երկու պետությունները պետք է ստորագրեն եւ իրենց համապատասխան խորհրդարանների վավերացմանը ներկայացնեն վերոհիշյալ արձանագրությունները:
Առաջին արձանագրությունը երկու կողմերին պարտավորեցնում է բացել իրենց միջեւ սահմանները եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այս արձանագրությունը Հայաստանից ու Թուրքիայից պահանջում է ճանաչել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ներկայիս սահմանները` միջազգային իրավունքի համաձայնագրերի համապատասխան: Սա կարեւոր պահանջ է Թուրքիայի համար` Թուրքիայի Հանրապետության մաս կազմող հայկական պատմական հողերի պահանջին վերջ դնելու առումով: Մյուս կողմից, մեծ թվով հայեր մերժում են այս դրույթը, քանի որ նրանք ցանկություն ունեն օրակարգում պահել զավթված հողերի, ներառյալ` Արարատ լեռան հարցը, ապագայում Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:
Երկրորդ արձանագրությունը ներառում է զույգ փաստաթղթերի մեջ առկա ամենախնդրահարույց տարրերը: Այն նշում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնում են «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Առաջին հերթին պետք է ստեղծվի «միջկառավարական երկկողմ հանձնաժողով», որի ենթահանձնաժողովներից մեկը պիտի առնչվի «պատմական» հարցերին: Երկրորդ արձանագրությանը կցված «ժամանակացույցը» հավելյալ կարգով հստակեցնում է «հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների» մասնակցությունը «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի» խորհրդակցություններում:
Նախատեսվում է, որ այս երկու արձանագրությունները լուրջ խնդիրներ կբարձրացնեն եւ քաղաքական մեծ տագնապի առիթ կտան Ադրբեջանում, Թուրքիայում ու Հայաստանում:
Նախագահ Ալիեւը, հավանաբար, եւս մեկ անգամ կզայրանա Թուրքիայի վրա, ինչպես արեց ապրիլի 22-ին` առաջին ուղեցույցի հրապարակման ժամանակ: Ադրբեջանի արժեքավոր էներգետիկ ռեսուրսները եւ Թուրքիայի տարածքով դրանց փոխադրումը հաշվի առնելով, Անկարայի ղեկավարներին ձեռնտու չէ անտեսել Ալիեւի ջղագրգիռ «նոպաները»:
Թուրքիայում եւս կարող են առաջ գալ անհանգստություններ: Քաղաքական ընդդիմությունն, ինչպես նաեւ «խորքային պետության» մասնիկները կարող են կազմակերպել զանգվածային ցույցեր` նախագահ Գյուլին եւ վարչապետ էրդողանին մեղադրելով հայրենասիրության պակասի, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները «եղբայր» Ադրբեջանից ավելի բարձր դասելու մեջ: Այս տիպի մեղադրանքները կարող են բավարար չափով կրճատել խորհրդարանի իշխող մեծամասնության քվեները` արձանագրությունների վավերացումը մերժելու համար:
Վավերացումը երաշխավորված չէ նաեւ Հայաստանում: Ավելի քան մեկ տարի մեծ թվով հայեր թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում բողոքում են նման համաձայնության գնալու կառավարության անխոհեմության դեմ: Նրանք դեմ են պատմական հարցերը քննարկող ենթահանձնաժողովի ստղծմանը, որն իր բնույթով կարող է կասկածի տակ դնել Հայկական ցեղասպանության իրողությունը: Ավելին, բազմաթիվ հայեր չեն ընդունում Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանը, որպեսզի ապագայում չխափանեն հայկական հողային պահանջները: Այս փստաթղթում առկա դրույթները կարող են առաջացնել մեծածավալ բողոքի ցույցեր թե՛ Հայաստանի ներսում եւ թե՛
Հայաստանից դուրս, ինչպես նաեւ պատճառ հանդիսանալ քաղաքական լուրջ դժգոհության` վտանգելով Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը:
Նկատի ունենալով այն ճնշումը, որ գործադրում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան Հայաստանի կառավարության վրա, Երեւանի համար հեշտ չի լինի հետ կանգնել վերոհիշյալ համաձայնությունից: Այնուհանդերձ, ամեն բան դեռ կորած չէ: Մեծ հավանականություն կա, որ այս հարցի շուրջը Ադրբեջան-Թուրքիա սուր հակամարտության արդյունքում, զուգորդված Գյուլ-Էրդողան վարչակարգի դեմ ներքին ընդդիմությամբ, թուրքական կառավարությունը անաղմուկ իր խորհրդարանական մեծամասնությանը կստիպի չվավերացնել այս արձանագրությունները:
Թուրքիայի վրա ճնշումը պահելու եւ ստիպելու համար, որ առաջինն ինքն աչքը թարթի, Հայաստանը ներկայումս չպետք է Արցախի շուրջը որեւէ համաձայնություն ստորագրի Ադրբեջանի հետ: Կարելի է նաեւ, որ այս արձանագրություններին դեմ ամբողջ աշխարհի հայերի բողոքը կհամոզի հայկական կառավարությանը, որպեսզի չշարունակի այդ համաձայնության գործընթացը եւ կոչ անի խոհրդարանի մեծամասնությանը դրան դեմ քվեարկելու:
Դժբախտաբար, բանակցությունների հենց սկզբից, հոդվածիս հեղինակի եւ այլոց շարունակական զգուշացումները` ուղղված Հայաստանի իշխանություններին, արհամարհվեցին: Այն ժամանակ շատ ավելի հեշտ կլիներ քաղաքական ճշգրտումներ եւ համապատասխան շտկումներ կատարելը: Հիմա, եթե Հայաստանն առաջինը հրաժարվի այս համաձայնությունից` իր վրա կուղղի հզոր երկրների զայրույթը: Այդուհանդերձ, այս ճակատագրական խաչմերուկում Հայաստանի կառավարության գլխավոր մտահոգությունը պետք է լինի երկրի ազգային շահերի պաշտպանությունը, օտար ուժերից դիվիդենտներ շահելու փոխարեն:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»-ի խմբագիր