«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

Թեեւ Հայաստանի հետ հաշտեցման հարցում բախվում է հակազդեցության

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Սեպտեմբերի 14-ին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի նկատմամբ կառավարության դիրքորոշման մասին պարզաբանումներ տալու նպատակով հանդիպել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին: Սեպտեմբերի 15-ին նա արդեն սկսեց հանդիպել խորհրդարանական Ժողովրդա-հանրապետական եւ Ձախ ժողովրդավարական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք 550 տեղանոց Մեջլիսում ունեն համապատասխանաբար 98 եւ 13 պատգամավորական տեղեր, ապա այցելեց իսլամականների արտախորհրդարանական «Երջանկություն» կուսակցության ղեկավարին:

Դավութօղլուի հանդիպումը Մեջլիսում պատգամավորական 20 տեղ ունեցող քրդամետ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ղեկավարի հետ, որը նույն օրն էր նախատեսվում, հետաձգվել է: Համենայն դեպս այս կուսակցությունը, ի տարբերություն մյուսների, դրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի հետ հաշտեցման գործընթացին, իսկ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունըՙ հակադրվելով նախապես հաշտեցմանը, կտրականապես մերժել էր Դավութօղլուի հանդիպման առաջարկը:

Այդ իսկ պատճառով էլ սեպտեմբերի 16-ին, այսպես կոչված իրազեկված հանդիպումների երկրորդ օրը, Դավութօղլուն այցելել է թուրք ազգայնամոլների «Մեծ միասնություն» եւ «Դեմոկրատական» կուսակցությունների ղեկավարներին: Կառավարամետ «Ենի շաֆաք» թերթն այս հանդիպումներին անդրադառնում է «Չհաջողվեց լիարժեք համոզել ընդդիմությանը» վերնագրով եւ գրում է. «Ընդդիմադիր այն առաջնորդները, որոնց հետ հանդիպեց Դավութօղլուն, ընդգծեցին, որ Հայաստանի հետ հարաբերություններին ընթացք տալու համար անհրաժեշտ է վերջ դնել Ղարաբաղում շարունակվող օկուպացիային»: Ընդդիմության պարագայում խոսքն առաջին հերթին վերաբերում է «Մեծ միասնություն» կուսակցությանն այն առումով, որ քաղաքական այս կազմակերպության հիմքը «գորշ գայլերի» երիտասարդական թեւն էր, օժտված ուլտրաազգայնամոլ հայացքներով եւ ընդդիմանում էր նույնիսկ Ալփարսլան Թյուրքեշին: Համենայն դեպս, ընդունելով Դավութօղլուին, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Հյուսամեթդին Ջինդորուքն ասել է. «Հաշտեցման գործընթացում Թուրքիան պետք է հետամուտ լինի ավելի շատ զիջումների ձեռքբերմանը եւ ձգտի առկա խնդիրներում համաձայնության ավելի շատ եզրեր գտնել: Գործընթացը բնականոն պետք է դարձնենք: Մեր կուսակցությունը հարգանքով է ընդունում հաշտեցման աշխատանքները, սակայն դրանց ամբողջությամբ հավանության չի տալիս»:

Ինչ վերաբերում է «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Յալչըն Թոփչուին , ապա նա Դավութօղլուի հետ հանդիպելուց հետո լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի հետ հաշտեցման ձեռնարկումները կատարվում են ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան: Նա միաժամանակ Հայաստանից պահանջել է նախքան հաշտեցումը պաշտոնապես հայտարարել Լեռնային Ղարաբաղում օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման մասին:

CNN-Turk-ի տվյալներով, Թոփչուն ավելացրել է. «Խոջալուում կատարվեց 21-րդ դարի ահավոր կոտորածը: Դա բազմաթիվ երկրներում բնութագրվել է որպես ցեղասպանություն: Քաղաքավարությունից դրդված խուսափեցինք հարգարժան արտգործնախարարին ցույց տալ Խոջալուում սպանված երեխաների լուսանկարները: Խոջալուի կոտորածը պետք է նշվեր արձանագրություններում: Եթե Շվեյցարիայում որեւէ մեկը փորձի ասել, թե Հայոց ցեղասպանությունը սուտ է, իսկույն կբանտարկվի: Հետեւաբար պետք է մտածել, թե որքանով էր նպատակահարմար արձանագրություններիՙ հենց Շվեյցարիայում ստորագրումը: Կարծում ենք, որ արձանագրությունների առնչությամբ զուգահեռ խորհրդակցություններ պետք է անցկացնել ազերի եղբայրների հետ: Ապրիլի 28-29-ին ե՛ւ վարչապետը, ե՛ւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել էին, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ղարաբաղում օկուպացրած տարածքներից»:

Վերջում «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հաշտեցման համար Հայաստանը անհապաղ պետք է հայտարարի Կարսի պայմանագիրն ընդունելու եւ Ցեղասպանության պնդումներից հրաժարվելու մասին: Հատկանշական է, որ թուրքական «Սթար» թերթն էլ, ի տարբերություն CNN-Turk-ի, անդրադառնում է ՀՀ Ազգային ժողովում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին, մատնանշելով. «Ելույթում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Երեւանը երբեւէ չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: Նա կրկնելով Ցեղասպանության անվիճարկելիությունը, միաժամանակ հիշեցրեց, որ դրա մասին բազմիցս ընդգծել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ինքն անձամբ արտահայտել է հենց Թուրքիայում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4