«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


Ի՞ՆՉ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ «ՆԱԲՈՒԿԿՈՆ»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը երեկ «Արմատ» ակումբում խոսեց «Նաբուկկո» էներգատարի հետ կապված իրադարձություններից:

Սեւակ Սարուխանյանը լրագրողներին նախ պատմեց «Նաբուկկո»-ի ստեղծման մասին, ինչն, ըստ բանախոսի, առաջացել է Եվրոպական միության անդամ խոշոր էներգետիկ պետությունների ջանքերով եւ ֆինանսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից:

Վերջինիս խոսքերով` «Նաբուկկոյի» նպատակն է եվրոպական էներգետիկ համակարգով ստեղծել այլընտրանք, որն ի սկզբանե համարվում էր Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքմենստանի գազը:

Սակայն Սարուխանյանը նկատում է, որ գազատարի ծրագիրը բավականին անորոշ է, քանի որ գազատար երկրները դրան չեն միացել դեռեւս: Գազատարը պետք է ձգվի Կենտրոնական Եվրոպայից, Ավստրիայից եւ հասնի մինչեւ Թուրքիայի Էրզրում քաղաք: Գազը պետք է հավաքվի Էրզրում քաղաքում եւ տեղաբաշխվի եվրոպական պետություններին: Գազատարի ընդհանուր ծավալները 25-100 մլրդ խորանարդի չափով պետք է լինեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում գազատարը անցնի Հայաստանով, Սարուխանյանը նշեց, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի մասնակցությունը այդ գազատարի ծրագրին հնարավոր է: Իսկ որ հայ-թուրքական սահմանը կբացվի ու ադրբեջանական գազը կանցնի Հայաստանով, Սարուխանյանը այդ տեսակետին կողմ չէ, քանի որ, ինչպես նկատում է «Նորավանքի» փոխտնօրենը, «ԼՂՀ-ի խնդրի կարգավորման դեռեւս որեւէ զգալի առաջընթաց չկա, եւ Ադրբեջանից գազ Հայաստանի տարածքով դժվար անցնի: Եթե պատկերացնենքՙ չկա հայ-ադրբեջանական խնդիր եւ պատկերացնենք, որ չի էլ եղել, ինչը այս մոտակա շրջանում չեմ համարում իրական, ապա չի կարելի սպասել, որ հաջորդ օրը Ադրբեջանից գազատար կկառուցվի Հայաստան եւ Հայաստանից Թուրքիա, քանի որ էներգետիկ քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը երկարաժամկետ վստահությունն է: Անգամ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ վստահություն չի կարող ձեւավորվել»:

«Բայց կա բավականին մեծ հնարավորություն, որ Իրան -Հայաստան գազատարը կարող է հզորացվել եւ հասնել մինչեւ Թուրքիայի տարածք, եւ դրանով իսկ Հայաստանը դառնա «Նաբուկկո» նախագծի մասնակիցներից մեկը», ասում է Սարուխանյանը:

Ի դեպ, «Նաբուկկոյի» ծրագրին Իրանի մասնակցությունն էլ դեռ որոշված չէ: Սարուխանյանը նկատում է, որ «Նաբուկկոն» ուղղված է հենց Իրանինՙ վերջինիս բնական գազը պետք է հասցվի եվրոպական շուկա:

«Իմ կարծիքով, Իրանի Իսլամական Հանրապետությունը գազատարին կմիանա, քանի որ գազատարը հնարավորություն է տալիս Իրանին բավականին մեծ ծավալներով գազ արտահանելու Եվրոմիություն: Իրանի գազի պաշարները հսկայական են, եւ այդ պաշարները դեռեւս ոչ մի տեղ չեն արտահանվում», ասում է Ս. Սարուխանյանը:

«Ազգի» հարցինՙ ի՞նչ կտա Հայաստանին «Նաբուկկոն», եթե գազատարն անցնի Հայաստանով եւ ինչ առավելություն կունենանք տարածաշրջանում, Սարուխանյանը նշեց. «Մեզ համար կարեւոր է այն, որ կուժեղանան Հայաստանի հետ ենթակառուցվածքային կապերը: Կստեղծվեն Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքային խոշոր կապեր, Հայաստանն ու Թուրքիան, ոչ միայն էներգետիկ տեսակետից, կկապվեն իրար, Հայաստանը կկապվի եվրոպական էներգետիկ համակարգի հետ: Կնպաստի Հայաստանի տնտեսությանը, կստեղծվեն աշխատատեղեր, իսկ էներգետիկ ոլորտն այնպիսի ոլորտ է, որն իր հետեւից տանում է այլ ոլորտներ` գիտատար հետազոտություններ, շինարարություն, որոնք Հայաստանի համար ռազմավարական նշանակություն կունենան, քանի որ հնարավորություն կտան Հայաստանին բավականին ակտիվորեն ընդգրկվելու տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական գործընթացներում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4