Պատճառաբանելով, թե դրանք ապօրինի կառույցներ են
Ընթացիկ տարում նախագահ Իլհամ Ալիեւի հատուկ կարգադրությամբ Բաքուն հռչակվել էր, այսպես կոչված, իսլամական քաղաքակրթության մայրաքաղաք: Սակայն կարգադրությունից անմիջապես հետո հանկարծ Բաքվում սկսում են մզկիթները նախ փակել, ապա եւ քանդել: Այդ մասին կայքէջում տեղեկացնում է թուրքական «Դունյա բյուլթենի» լրատվական կենտրոնը, նշելով. «Բաքվում նախ փակվեց Թուրքիայի կրոնական հիմնադրամի կառուցած «Աբու Բաքրի եւ նահատակների» մզկիթը: Այնուհետեւ կասեցվեց Յասամալ թաղում կառուցվող «Մարգարեի» մզկիթի շինարարությունը, ապա փլեցին «Նավթահանքի քարերով» կառուցված մզկիթը: Վերջերս էլ Ենի Գյունեշլի թաղամասում կառուցված «Ֆաթիմա-ի Զեհրա» մզկիթը փլելու որոշում է ընդունվել: «Կրոնական հավատ եւ խղճի ազատություն» կազմակերպության նախագահ Իլգար Իբրահիմօղլին «Մուսաֆաթ» թերթին տված հարցազրույցում իրավիճակը բնութագրել է օրհասական, զգուշացնելով, որ Ենի Գյունեշլիի մզկիթը փլելուց հետո հերթը հասնելու է մյուս մզկիթներին, որովհետեւ իշխանությունները կազմել են փլուզման ենթակա մզկիթների ցանկը»:
Հիրավի, Կրոնի պետական խորհրդի նախագահ Հիդայաթ Օրուջովը նշել է, որ Ադրբեջանում գործող 1700 մզկիթների մեծագույն մասը, գրեթե բոլորը, կառուցված են ապօրինի ճանապարհով: Թուրքական կայքէջը հարցնում է. «Ինչո՞վ բացատրել այս խոսքերը», ապա պատասխանի փոխարեն մեջբերում է կատարում Իբրահիմօղլիից. «Եթե չկանխվի մզկիթների քանդումը, ապա դա կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների: Առնվազն կդառնա քաղաքացիական պատերազմի պատճառ Ադրբեջանում»:
Ի դեպ, նույն կայքէջի վկայությամբ, մինչեւ վերջերս լռություն պահպանող Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխուլիսլամ Հաջի Ալաշուքուր Փաշազադեն սեպտեմբերի 16-ին Բաքվում վերջապես մամուլի ասուլիս է կազմակերպել եւ մզկիթների քանդման ողջ պատասխանատվությունը բարդել է բյուրոկրատների վրա, թե փողի դիմաց իրենց հավատքն են վաճառում: Միաժամանակ նա նշել է, որ ինքն անձամբ հանդիպել է Իլհամ Ալիեւին եւ կանխել «Ֆաթիմա-ի Զեհրա» մզկիթի քանդումը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ