Ընդգծվեց բանկի նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ
«Արմսվիսբանկի» նորակառույց մասնաշենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ, որին, ի թիվս բազմաթիվ հյուրերի, մասնակցեցին նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, բանկի աշխատակիցները 4 տարի սպասում էին այս օրվան եւ արդեն 2 ամիս է, ինչ տեղափոխվել են նոր մասնաշենք: Գործադիր տնօրենը հավաստիացրեց, որ բանկը շարունակելու է իր ուղինՙ զարգացնելով կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիտ բանկինգ ուղղությունները:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր շնորհավորանքի խոսքում նշելով, որ «Արմսվիսբանկը» վերջերսՙ 2005-ին է հայտնվել Հայաստանի բանկային համակարգում, ընդգծեց նրա բարձր միջազգային ծառայությունները կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիտ բանկինգ ուղղություններով: ԿԲ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ «Արմսվիսբանկի» ակտիվների միջին տարեկան աճը կազմել է 60 տոկոս, որն աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգում, իսկ այս տարվա օգոստոսի դրությամբ այդ աճը 30 տոկոս է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես շեշտեց «Արմսվիսբանկի» արագ տեմպերով զարգացումը եւ հույս հայտնեց, որ դա կնպաստի բանկային համակարգում մրցակցության զարգացմանը եւ խորացմանը: Նա այն կարծիքը հայտնեց, որ «Արմսվիսբանկը» տարբերվում է հայկական բանկերից իր առանձնահատկությամբՙ ներդրումային գործունեությամբ: Վարչապետը ներկաներին հիշեցրեց, որ տնտեսական բարեփոխումների փաթեթով բանկերին հնարավորություն է տրվածՙ ներդրումային գործունեություն ծավալելու եւ նպաստելու արժեթղթերի շուկայի զարգացմանը:
Խոսելով բանկային համակարգի խնդիրների մասինՙ վարչապետը մատնանշեց ներգրավված միջոցների եւ վարկերի տրամադրման տոկոսադրույքների բարձր միջակայքի մասին: Նա հայտնեց, որ ԿԲ նախագահի հետ քննարկումներ են անցկացվում, թե ինչպես բարձրացնել ֆինանսական միջնորդությունը Հայաստանում եւ ավելացնել նրա տեսակարար կշիռը: «Պետք է խրախուսենք ակտիվացնելու համար վարկավորումը», ասաց Տիգրան Սարգսյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ