«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԵՄԱՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ»

«Եթե մենք տարբեր ոլորտներում` պատմություն, մշակույթ եւ այլն, ինֆորմացիայի փոխանակում չանենք, ապա հայերի (եւ այլ ազգությունների) սպանությունները Ռուսաստանում շարունակական կլինեն», ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում:

Շարունակելով թեման` բանախոսը ավելացրեց, որ Հայաստանում մատակարարվող ինֆորմացիան շատ վատ ու չափազանցեցված է ներկայացվում. «Միգուցե հրահրո՞ղ կա», ավելացրեց նա:

«Սպանության փաստը ներկայացնելով` չի նշվում, միգուցե մարդասպանը ռուս չէ: Այսօր ՌԴ-ում, մասնավորապես Մոսկվայում կատարվող նման սպանությունների միայն 13 տոկոսի «հեղինակներն» են ազգությամբ ռուս, մնացածն արդեն միջհամայնքային սպանություններ են: Բացի այդ, սովետական ժամանակաշրջանի համեմատ Ռուսաստանում հայերի սպանության դեպքերը չեն ավելացել»: Շարունակելով դիվանագետը շեշտեց. «Յուրաքանչյուր հայի սպանությունից իմ սիրտը կարծես դանակ է խրվում, եւ ինձ համար անչափ ցավալի է, որ շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին ուղարկել ռուսական բուհեր»:

Անկախ այս ամենից, բանախոսը նկատեց, որ հայերը շարունակում են մեկնել Ռուսաստան, բացի այդ, այնտեղ էլ մեծ թիվ են կազմում ու պարբերաբար գումարներ ուղարկում Հայաստան: «Հայերի վերաբերյալ ինֆորմացիայի պակասը լրացնելու համար մենք գիրք ենք հրատարակել հատուկ մոսկովյան ոստիկանության համար` «Հայերի մասին», եւ ես հուսով եմ, որ այն ինչ-որ չափով կվերացնի «կովկասյան արտաքինով անձ» բնորոշումը: Նաեւ նշեմ, որ հայերը միշտ էլ ցանկալի հյուր են եղել Ռուսաստանում, երբեմն նույնիսկ մենք ձեզ չենք համարել հյուր: Դեռեւս հին Ռուսիայի ժամանակներից հայ վաճառականները տեղավորված են եղել Մոսկվայի կենտրոնում», ասաց Կրիվոպուսկովը:

Ըստ բանախոսի` միայն համագործակցության, միմյանց պատմության, մշակույթի իմացությամբ է հնարավոր մաքրել այս կեղտը հայ-ռուսական հարաբերություններից:

Անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվի խնդիրներին` Կրիվոպուսկովը անչափ կարեւորեց «Ռուսական խոսքի» օրերի անցկացումը այստեղ: Ըստ նրա` ռուսերենի պահանջարկը շատ մեծ է Հայաստանում. «ԱՊՀ այլ երկրների համեմատ, Հայաստանում ռուսերենի ամենամեծ պահանջարկը կա: Հայերի 70-80 տոկոսն ուզում է, որ իր երեխան անպայման խոսի ռուսերեն»:

Կրիվոպուսկովի վկայությամբ` չկա մի որեւէ այլ լեզու, որ կարողանա մրցակցել ռուսերենի հետ` հայերենից թարգմանություններ կատարելու մեջ. «Վերջերս թարգմանված Ե. Չարենցի գործերը Գրականության միջազգային ինստիտուտը լավագույնն է ճանաչել հետխորհրդային շրջանում», շեշտեց նա:

Ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը, ըստ բանախոսի, նկատելի է հատկապես Ղարաբաղում. «Սովետական ժամանակներում դեռեւս, Ղարաբաղում չէր ողջունվում հայկական դպրոցը, ուստի ավելի նպատակահարմար է համարվել ստեղծել ռուսական դպրոցներ», նկատեց դիվանագետը, ավելացնելով, որ ինքը Ղարաբաղի մասին գիրք ունի գրած եւ այն հատուկ ներկայացրել է ադրբեջանական ներկայացուցչին` իրավական հակասություններ գտնելու համար: «Գրքում ես գրել եմ Ադրբեջանի կատարած ղարաբաղյան հողերի զավթման, Սումգայիթի մասին: Ըստ իս` Ղարաբաղի բնիկ ժողովուրդը բոլոր իրավունքներն ունի ապրելու այդ հողի վրա, որը պատկանում է Արցախի հայ ժողովրդին», շեշտեց բանախոսը:

Պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման հարցին` դիվանագետը նկատեց, որ եթե կարծիք կա, որ դրանով Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, ապա այդ կարծիքն իրավունք ունի լինելու:

«Ես չեմ կարծում, որ մեր ընդհանուր անցյալը, միասին շահած պատերազմները, Հայաստանում մեր արած եւ արվող ներդրումները կարող են թույլ տալ «մեր բաժանումը»: Սակայն ՀՀ-ն կոմպլիմենտար քաղաքականություն է վարում, եւ ՌԴ-ն այսօրվա զարգացումները ճիշտ է համարում:

«Այնուամենայնիվ չունե՞ք մտավախություն» հարցին Կրիվոպուսկովը պատասխանեց. «Ես լուրջ մարդ եմ, պետք է աշխատել եւ ճիշտ որոշումներ ընդունել»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4