«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԼԵՊՈՒՄ

Այսօր ի՞նչ վիճակի մեջ է հալեպահայ գաղութը: Ի՞նչ վիճակի մեջ են հայկական դպրոցներն ու մշակութային միությունները: Այս հարցերի շուրջն է մեր զրույցը Հալեպի Թեքեյան մշակութային միության ատենապետիՙ Լեւոն Պլըքյանի հետ:


- Ե՞րբ է հիմնադրվել ԹՄՄ-ն Հալեպում, ի՞նչ գործունեություն է ծավալում:

- 1950-ական թթ. քով-քովի մարդիկ, ընկերներ եկան եւ ԹՄՄ կորիզը հիմնադրեցին Հալեպի մեջ: Մի քանի տարի հետոՙ 1955-ին, պաշտոնական դիմում տրվեց Սուրիո կառավարությանը եւ արտոնվեց միության գործունեությունը որպես Թեքեյան-Մաարի մշակութային միություն: Այնուհետեւ, միության պաշտոնական միջոցառումները կամ գործունեությունները իրականացան «Աբու Լալա Մահարի եւ Թեքեյան» անվան տակ, հայկական եւ արաբական բնույթ ունենալու համար:

ԹՄՄ-ի հիմնական նպատակը (այդ օրերին թուրքախոսությունը տարածված էր գաղութում) հետեւյալն էր. այն հայերու համար, որոնք հայերեն չեն գիտեր, միության մեջ հայերենի գիշերային դասընթացներ պետք է կազմակերպվեին, իսկ մշակութային մակարդակը բարձրացնելու համար պետք է կազմակերպվեին դասախոսություններ, մշակութային միջոցառումներ: Այսօր այս նպատակներից ոմանք, անշուշտ, հարմարեցված են ներկա ժամանակի պահանջներին: Այսօր հայ երիտասարդները հայերենի խնդիր չունին: Նպատակն ալ ազգային հավաքավայր մը տրամադրելն է, որպեսզի երիտասարդները գան, իրենց ազատ ժամանակը անցնեն մշակութային գործունեությամբ զբաղվելով: Կկազմակերպենք դասախոսություններ զանազան նյութերու շուրջ, հատկապես մշակութային թեմաներով, պարախումբի, թատերախումբի, նկարչության դասընթացներ, մարզական որոշ խաղեր, ինչպես նաեւ յոգայի դասընթաց:

- ԹՄՄ-ն ի՞նչ ձեւով է մասնակցում Հալեպի մշակութային կյանքին:

- ԹՄՄ մասնակցությունը գաղութի կյանքին անմիջական է, իսկ համագաղութային եւ համասուրիական կյանքինՙ տարեկան ամառային ֆեստիվալների միջոցով, որոնց հայկական պարախումբերը կմասնակցին: Օրինակՙ Դամասկոսի տարեկան ցուցահանդեսին հայկական պարախումբերը կը մասնակցին եւ հայկական ժողովրդական պարը կներկայացնեն: Մեր մասնակցությունը ընդհանրապես գաղութի կյանքին հիմնականում մշակութային է, բայց երբեմն հայ մյուս միություններու հետ ալ միասնաբար որոշ ձեռնարկներ, տոներ, հուշատոներ կը կազմակերպենք: Օրինակՙ ամեն ապրիլ 24-ի հուշատոնը, որուն հայական զանազան միությունները մեկ մարմնի պես կներկայանան: Երբեմն որոշ ձեռնարկներ միասնաբար կկազմակերպենքՙ մասնակիցներ հրավիրելով Հայաստանեն կամ այլ երկրներե:

- ԹՄՄ-ը ֆինանսական հարցերը ինչպե՞ս կը կարգավորվե:

- Այդ հարցերը ընդհանրապես մտահոգիչ են մեզի համար: Մեր նյութականը կապահովենք մեր անդամավճարներեն, երբեմն նաեւ նվիրատվություններեն: Զանազան ձեռնարկներ կան, որոնք հասութաբեր են: Օգտվելով այդ հասույթեն` մեկ ուրիշ ձեռնարկ կը կազմակերպենք: Այլ խոսքովՙ դուրսեն նպաստ չենք ստանար:

- Որո՞նք են Հալեպի հայ համայնքի հիմնախնդիրները:

- Վերջին տարիներուն ճգնաժամ կապրի ընդհանուր աշխարհը: Անշուշտ տնտեսական պայմանները իրենց անդրադարձը կունենան մեր գործունեության վրա, ինչը ավելի կդժվարացնե մեր ծրագրերուն իրագործումը: Իսկ տնտեսական դժվարության պատճառով արտագաղթը, որ տեղի կունենա, հատուկ չէ միայն հայերուն: Ընդհանրապես երիտասարդությունը երբ դժվարություն կունենա իր կյանքը ապահովելու, գաղթելու մասին կմտածե, ապրելու ավելի լավ պայմաններ կը փորձե գտնել: Հայերս ալ բաժին ունինք ատոր մեջ: Անշուշտ, հայերուն վրա ազդեցությունը ավելի մեծ է, երբ տոկոսային համեմատությունը կփոխվի գաղութին մեջ, այսօր Հալեպի բնակչությունը 5 մլն է, իսկ հայերուն թիվըՙ մոտավորապես 50-60 հազար:

- Ի՞նչ վիճակի մեջ են Հալեպի հայ մտավորականները:

- Մտավորականությունը կփորձե կանգուն մնալ: Այդ խավին դժվարությունները երթալով կավելնան: Դժվարությունները հիմնականին մեջ նորեն կարելի է վերագրել տնտեսական ճգնաժամին: Ժամանակին Հալեպին մեջ մենք ունեինք երեք օրաթերթ, մեկ շաբաթաթերթ, մեկ ամսաթերթ: Գաղութն ավելի աշխույժ էր, հայերու թիվը բավական մեծ էր, իսկ այսօր նվազել է, եւ թերթերը Լիբանանեն կուգան: Տեղի մեր մտավորականները իրենց հոդվածները լիբանանահայ թերթերուն կը ղրկեն տպագրելու: Համենայն դեպս անոնց մեջ առաջվա անունները չկան, առաջվա խորությունը չկա, նվազած է, պատճառները ֆինանսական չեն միայն: Երիտասարդները կնախընտրեն ազատ ասպարեզները, ուստի տասնամյակներու ընթացքին նվազում է մտավորականներու թիվը:

- Ինչ հարաբերության մեջ են հայ համայնքի տարբեր հոսանքները:

- Բաղդատամբ անցյալին, այսօրվա մեր փոխհարաբերությունները բավական կանոնավորված եւ ընդունելի վիճակի մեջ են: Ինչ որ տակավին պակաս է, այն է, որ մեր առջեւ դրված խնդիրները ավելի բարդ են այժմ, հարցեր կան, որ առանձին-առանձին կարելի չէ լուծել, միասին աշխատիլը ավելի հեշտ կըլլա: Ներքին ջերմություն կա, բայց նաեւ ծրագրավորումի պակաս կա, միասնական աշխատանքի պակաս կա, ինչպես նաեւ փորձի պակաս:

Ճգնաժամային հարցեր կըլլան, անմիջապես քով-քովի կուգանք, բայց մեր փափագը այն է, որ սովորական օրերուն ալ կարենանք միասին ըլլալ, որպեսզի ժամանակին դիմագրաւենք խնդիրները:

- Ի՞նչ վիճակի մեջ են Հալեպի հայկական դպրոցները:

- Հայկական դպրոցները ընդհանրապես ուսումնական ծրագրի իմաստով լավ ձեւով առաջ կերթան, բայց դպրոցներու առջեւ դրված ծրագիրը բավական ծանր է, ֆրանսիական ծրագիրն է տակավին որդեգվրած գաղութեն ներս, որ կծանրաբեռնե աշակերտը, կան ծնողներ, որ հաճախ կը գանգատին` առավելությունը տալով ամերիկյան ծրագիրին, այսինքն` անոնք կուզեն, որ աշակերտները ավելի քիչ առարկա առնեն եւ ատոնց մեջ խորանան:

Մեր դպրոցներու խնդիրներեն մեծագույնը տնտեսականն է, իսկ երկրորդըՙ աշակերտներու թիվի նվազումը: Այսօր դպրոցի ծախսերը կավելնան: Մեծ գումարներ կը վճարվին աշակերտներու կողմե, ինչը հասու չէ որոշ ծնողների: Մեր խնդիրն է, որ նյութական պատճառներով որեւէ աշակերտ չզրկվի դպրոցեն: Ընդհանրապես հայկական դպրոցները ջանք չեն խնայեր, որ աշակերտը դպրոց հաճախե: Սակայն, այսուհանդերձ, որոշ դպրոցներու մեջ աշակերտության թիվը հետզհետե կնվազի: Մեր մտահոգությունը այն է, որ տարիներ վերջ դժվար կացության կմատնվին որոշ հայկական դպրոցներ եւ փակվելու վտանգին դիմաց կը կանգնին: Բացառիկ աշխատանք կը տանինք այս ուղղությամբ, բայց չենք գիտեր տարիներ վերջ ինչ պիտի ըլլա:

- Ի՞նչ տեսակետ ունի ԹՄՄ-ն Հայաստան-Թուրքիա ներկա բանակցություններուն մասին:

- Ես այս հարցին մեջ կրնամ անձնական տեսակետս տալ, որովհետեւ մենք ԹՄՄ-ի մեջ արտաքին քաղաքականությամբ կամ ընդհանրապես քաղաքականությամբ չենք զբաղիր: Կը կարծեմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություն մշակելը հավանաբար կդյուրացնե հետագա բոլոր բանակցությունները, որ պիտի ընթանան մեր իրավունքները պաշտպանելու համար: Ընդհանրապես դեմ չեմ երկխոսության, բայց չենք ուզեր զիջումները ըլլան հայ ժողովուրդի իրավունքների հաշվին, պարզապես այդ է, որ կմտահոգե մեզի, թե չէ մենք ալ համոզված ենք, որ երկխոսությամբ պետք է լուծվին հարցերը, որպեսզի, վերջ ի վերջո, արդարությունը տեղի ունենա, եւ մեր ժողովրդը իր արդար իրավունքներուն վերատիրանա:

Շատ լավ կըլլա, եթե կազմակերպությունները սփյուռքեն իրենք ալ, ինչո՞ւ չէ, մոտեն հնարավորություն ունենան հետեւելու այս բանակցություններուն, եթե ոչ մասնակցելու:

Մտավախություն կա, որ թուրքերը կը փորձեն Հայաստանի վրա ճնշել, որ սփյուռքեն տարանջատվի, կարծելով, որ սփյուռքի ժողովուրդը Հայաստանի ժողովրդեն տարբեր է, խորհելով, թե կրնան խրամատ մտցնել Հայաստանի եւ սփյուռքի հայերու միջեւ, բայց չեն գիտեր, որ մեր իրավունքը անժամանցելի է: Մենք մեր իրավունքին պիտի տիրանանք, մեր շահերը Հայաստանի ժողովուրդի շահերն են:

ՄՈՎՍԵՍ ԽԵՉՈ, Հալեպ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4