«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԻՄ ԿՅԱՆՔԸ, ԻՄ ՍԵՐԸ, ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ...

Երիտասարդ ստեղծագործող Արեւիկ Պետրոսյանն իր յուրօրինակ մտածելակերպով ու արտահայտչաձեւով վերջին տասնամյակում աչքի ընկավ ու ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում` մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների: Կյանքը գունեղ տեսնելու եւ դարձնելու ձգտումը նրան տարան մի նոր միջավայրՙ դիզայն: Հայկական հեռուստաընկերությունների եթերասրահների ինքնատիպ, գույների զուգորդված ձեւավորումները ոչ միայն գեղագիտական ճաշակի մասին էին հուշում, այլեւ նպաստում էին հաղորդումների որակին, նաեւ հեռուստադիտողի ընկալմանը:

2005-ից Արեւիկ Պետրոսյան նկարչուհի-դիզայներն իր առաջին անհատական ցուցահանդեսով հայ արվեստասեր հասարակությանը ներկայացավ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթովՙ «Ծաղիկներս նահատակաց» խորագիրը կրող գործերով, որոնցով կարողացել էր յուրովի արտահայտել իր վերաբերմունքն ու զգացումները: Գունային ու լուսային խաղերը, նկարների խորություններն ու ներշնչանքները դիտողին կարծես «կապում» են կտավներին ու խորհելու առիթ տալիս... Անդրանիկ ցուցահանդեսին հաջորդեցին եւս երկուսըՙ «Իմ Ոսկե քաղաք» եւ «Նվիրում»: Առաջինը նվիրված էր Երեւանի 2790-ամյակին, երկրորդըՙ հոր, անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հիշատակին: Շուրջ երկու տասնյակ ցուցահանդեսների, բարեգործական ակցիաների մասնակցած Արեւիկ Պետրոսյանը գեներով ստացած տաղանդը, իր անվան ցոլքերն է փռում շուրջ բոլորն ու արժանանում բարձր գնահատանքի ու գովեստի:

Եվ ահա Արեւիկ Պետրոսյանը սեպտեմբերի 18-ին Կամերային թատրոնում կներկայացնի իր չորս տարիների քրտնաջան աշխատանքի առհավատչյանՙ կատալոգը եւ «Արտացոլանք-Ներթափանցում» խորագիրը կրող ֆիլմը, որոնցում ամբողջովին բացահայտվում են Արեւիկ Պետրոսյանի ներաշխարհը, գործերի վերլուծությունն ու նրանց բնութագրումը: 140 էջանոց հրաշալի տպագրությամբ շքեղ գիրք-ալբոմը, որի խորագիրն է «Իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը», ներկայացնում է «իր տեսակի մեջ նոր` իմ արվեստը», ահա այսպես է ներկայացնում Արեւիկը` իր էության մի ցոլքը նվիրելով իր արվեստի երկրպագուներին:

  «Ազգի» հետ զրույցի ժամանակ Արեւիկը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը եղավ հիմք, որ նոր ոճով ու նոր տեխնիկայով փորձեց ներկայանալ, ասաց. «Եկավ մի ժամանակ, որ գրքի, նաեւ ֆիլմի ստեղծումն ինձ բերեց մի գաղափարի, որն իմ կյանքն է, իմ սերը, իմ առաքելությունը... այն հիմնական երեք կետերը, որոնք ես կրում եմ իմ մեջ: Երբ ես քիչ թե շատ հայտնի դարձա իմ գործերով, փորձեցի իմ զարգացումը ներկայացնել մի նոր ճյուղով, մի նոր արվեստի ստեղծման միջավայրի մեջ, որտեղ անգամ ես ինքս ինձ զգում եմ կարծես երկու աշխարհների սինթեզ»: Եվ ահա այսպես, նոր տեխնիկայով, նոր արտահայտչամիջոցներով, նոր կատարման եղանակներով է Արեւիկ Պետրոսյանը ներկայանում` իր ձեւի մեջ եզակի արտահայտվելով:

Շնորհանդեսի ժամանակ կատալոգ-ալբոմի հետ մեզանում առաջին անգամ կտրվի նաեւ ֆիլմի DVD տարբերակը, որը հրաշալի ուսումնական ձեռնարկ կարող է լինել երիտասարդ ստեղծագործողների համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4