Հայ թատերարվեստում պատմական օրեր են: Առաջին անգամ Հայաստան է ժամանել հանրահայտ բեմադրիչ, Ֆրանսիայի հեղինակավոր Իրինա Բրուկի թատերախումբը, մասնակցելու Վահրամ Փափազյանի անունը կրող ամենամյա Շեքսպիրյան թատերական փառատոնին: Կինոյի եւ թատրոնի բեմադրիչ Փիթեր Բրուկի եւ դերասանուհի Նատաշա Պարիի դուստր Իրինա Բրուկը չէր կարող անտարբեր մնալ թատերարվեստից ու սկզբնական շրջանում հրաշալի կերպարանավորում էր բարդ ու հոգեբանական դժվարին դերեր: Բայց երբ զգում է, որ իր մեջ կուտակվածը չի կարող ազատ արտահայտել, քանի որ կրթվել է Բրիտանական պանսիոնում. «Ու երբ ինձ համար բացահայտեցի ռեժիսուրան, որով ես ազատ կարող եմ իմ մեջ կուտակված լիցքերը դուրս մղել, այդ տարբերակը ինձ համար ավելի ընդունելի էր», բացատրեց Իրինա Բրուկը` երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը իր թատերախմբի հետ կազմակերպված դեսպան Սերժ Սմեսովի ընդունելության ժամանակ:
Ընդունելությանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը , ՀԹԳ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը , որոնք էլ հատուկ շնորհակալություն հայտնեցին ու կարեւորեցին տարիներ առաջ Իրինա Բրուկի բեմադրած Կալինովսկու «Գազանը լուսնի վրա» գործը` բնութագրելով որպես բարձրարժեք թատերական աշխատանք, որը նաեւ քաղաքական նշանակություն ունեցավ: Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ու սպասումներ ունի հայ հանդիսատեսից հարցին Իրինա Բրուկը ասաց. «Ինձ թվում էՙ ակնկալիքներն ու սպասումները նույնն են, ինչպես դուք եք զգում, որպեսզի կարողանանք սրտանց ինչ-որ բան կիսել ձեզ հետ: Քննարկումներից, վերլուծություններից առաջ, ինձ համար կարեւորն այն է, որ ներկայացման ավարտին, արդյունքում բոլորս զգանք, որ միասին ինչ-որ խորը զգացում ենք ապրել: Եվ ինչպես պիեսում է ասվում, կիսենք թե՛ արցունքները, եւ թե՛ ժպիտը»: Իրինա Բրուկը շեշտեց, որ մշտապես մնում ու մնացել է հավատարիմ իր հավատամքին, ավելացնելովՙ «ամենամեծ ողբերգություններում կարելի է նաեւ ծիծաղել...»:
Իր թատերախմբին մեկիկ-մեկիկ ներկայացնելով, Իրինա Բրուկն ասաց. «Որքան էլ սենտիմենտալ թվա, բայց պետք է նշեմ, որ իմ խումբը հրաշալի մարդկանցից է կազմված, եւ նրանք իմ «ընտանիքն» են, իմ թիկունքը, աշխարհի ամենաչքնաղագույն անձինք են եւ դրանց թվում երեք հայ դերասաններ կանՙ Ժիրայրը, Լորիկը եւ Հովնաթանը: Նրանք արտակարգ սրտի տեր մարդիկ են»:
Իրինա Բրուկը Հայաստանում հյուրընկալվելը նշանակալից ու հիշարժան պահ համարեց եւ իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանացել են կազմակերպել, հրավիրել ու ընդունել թատերախմբին եւ կես լուրջ, կես կատակ, նշեց. «Միշտ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ են հայերն այդքան շատ ձեր ներկայացումներում, գուցե նրանք ձեզ հաջողություն են բերում: Ճիշտ է այն, որ հայերն ինձ երջանկություն են բերում, ու նրանց մասնակցությունը իմ ներկայացման մեջ ինչ-որ մի տեղ իր կարեւորությունը բերեց: Ճիշտ է նաեւ այն, որ այդ երջանկությունը շարունակվում է փոխանցվել նաեւ իմ խմբին, ուղեկցելով մեզ աշխարհով մեկ մեր հյուրախաղերի ընթացքին: Եվ Հայաստան գալիս, ինքնաթիռի մեջ խորհելիս, ինձ համար բացահայտեցի եւս մեկ պատճառ, որը ինձ մոտեցնում եւ ավելի հարազատեցնում է հայերին: Ակնհայտորեն, երեւի Շեքսպիրն էլ հայ էր: Դա ինչ-որ մի տեղ համապատասխանում է իրողությանը, որովհետեւ այն սերը, որով տոգորված եմ իմ հայ բարեկամների նկատմամբ, շատ յուրահատուկ նմանություն ունի եւ կա, ու գրանցվել է Շեքսպիրի մոտ»:
«Ազգի» հետ առանձնազրույցում Իրինա Բրուկն ասաց. «Ինձ դուր եկավ այն միտքը, որ այս փառատոնին ամեն տարի հնարավորություններ է ստեղծվում գալ ու մասնակցել, սակայն իմ միակ խնդիրն այն է, որ ես երկու փոքրիկ երեխաներ ունեմ, եւ նրանք Մասաչուսեթսում դպրոց են հաճախում, իսկ ամուսինս մեկ այլ երկրում է, եւ այս պարագայում ինձ համար դժվար է այլ երկիր գնալը: Բայց կցանկանայի Հայաստանում բեմադրություն անել, եթե նման դժվարություններ չլինեին: Գուցե ավելի ուշ այդ մասին մտածեմ, երբ հրավեր ստանամ: Ձեր երկիրը նաեւ ինչ-որ չափով իմը դարձավ ու մտավ սրտիս մեջ»:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Իրինա Բրուկի թատերախմբի «Երազին սպասելիս» կատակերգությամբ երեւանյան Շեքսպիրյան փառատոնը կփակվի: Իսկ սեպտեմբերի 20-ին փառատոնից դուրս, թատերախումբը կներկայացնի Սերվանտեսի «Դոն Քիշոտ» ստեղծագործության հիման վրա «Ինչ-որ տեղ Լամանչում» տրագիկոմեդիան, որին Իրինա Բրուկը տվել է յուրովի մոտեցում, ներառելով նաեւ ժամանակի շունչը:
Հուսանք, որ ինչպես Դավիթ Մուրադյանը խոստացավ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժորժ Սմեսովի հետ երկարաժամկետ ծրագրեր կմշակեն, որպեսզի հայ հանդիսատեսը քաջատեղյակ լինի ֆրանսիական թատերարվեստին, եւ տարին մեկ հյուրախաղերով այցելեն մեր երկիր:
Մ. Մ.