«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԳՈՒՅՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՐԲՈՒՆՔԻ ՄԵՋ

Բնաշխարհը Նիկոլ Աղաբաբյանի նկարչական տարերքն է: Դրա վկայությունը գոնե վերջին երեք տարիների նրա անհատական ցուցահանդեսներն ենՙ «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, Թումանյանի տուն-թանգարանում եւ այս օրերինՙ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Նիկոլի նկարչությունը ոչ պատում է, եւ ոչ էլ նկարագրություն, սա իր վերաբերմունքն է, հիացմունքը բնության զարթոնքի, արբունքի ու հասունացման հանդեպ. գույնը լիաթոք «շնչում է» խոտի ծնունդը, նրա հասակ նետելը, դեղին հունձքը: Այդ գույնի արեւամուտը նույնքան կենսատու եւ շարունակելի է, ու բերկրանքը անվերջ է («Վերջի սկիզբը կամ սկզբի վերջը»): Մի նկար խորագրված է «Դառը ճակատագիր. ահա եւ վերջ», բայց ինքը անավարտ մի աշխարհի տեսիլք է մեզ բերում: Նրա նկարչությունը իր հուզաշխարհի ինքնաբուխ արտահայտությունն է հայրենիքի, ծննդավայրի, բնության հետ: Եվ կտավների հերոսները հենց նրանք ենՙ ծառերը, երկինքը, խոտը, ծաղիկը: Բնության վայրի տարերքը գունային վառ հնչողությամբ հեռվից գունային մրրիկ է հիշեցնումՙ դեպի խորք գնացող տարածության պատրանքով: Հայրենի եզերքի ամեն անկյուն, բնաշխարհի ամեն ձեւ, տարր մասունքի պես թանկ էՙ ապրված, զգացված ու վերարտադրված դրանց մեջ եղած սիրո կենսականությամբ: Իսկապես էլ դժվար է չտրվել գունամտածողության, գունազգացողության այսպիսի հուզական տարերքին:

Երբ օրեր առաջ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նրա նոր աշխատանքների ցուցադրությունը եղավՙ դահլիճում եւ նրան կից փոքրիկ պարտեզում, բացօթյա նկարները բնական լույսի ջերմության մեջ ներսուծվածՙ պատմում էին գույնի, նկարչի լույսի մասին, որից շուրջը ավելի էր գունավորվում: Այս նոր աշխատանքներում էլ երկրի ձգողականությունը,բնության արարող ոգին, նրա զարգացման ու արբունքի պահերն ենՙ դեղին-դեղին արեւածաղիկն ու մուգ կարմիր կակաչները, խոտի կանաչ ծփանքն ու ծառերի գունագեղ վարսերը, սիզամարգերն ու խոտի դեզերի դեղին շարանը. բոլորըՙ հայրենի հողի հարազատության ու սիրո ծնունդ, երկունքի, արարման կանչ: Այնքան տենդ ու տաքություն են կրում գույները, որ երեւակայության մեջ բորբոքում են հրդեհի, մրրկահողմի պտույտ: Թեեւ նկարչի ձեռագիրն ու արտահայտչամիջոցները չեն փոխվել, սակայն այս նոր գործերում գույնն ավելի հաստատուն է, խիտՙ վրձնահարվածների թանձր առատությամբ:

Նկարիչը մի առիթով ասել է. «Ես պետք է նկարեմ իմ երկինքը», ու նա շարունակում է նկարել իր հոգու երկինքը, ամպերի թափանցիկ, լազուր շարժումը, որտեղ արտացոլված է հայրենի եզերքըՙ թանկ, սիրելի զգացողությամբ, որն էլ Հրաչյա Մաթեւոսյանին հնարավորություն է տվել ասելու, որ Նիկոլի ամեն կտավ մի սիմֆոնիա է, մի բանաստեղծություն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4