Ավետ Տերտերյանի 80-ամյակի երեւանյան առաջին հանրային միջոցառման հեղինակը Ազգային գրադարանն էրՙ երաժշտական բաժնի աշխատակցուհի Լալա Ներսիսյանի նախաձեռնությամբ: Նրա խոսքը եւ էկրանին ցուցադրվող կոմոզիտորի մասին պատմող տեսաժապավենը երբեմն զուգորդվում, երբեմն իրար հաջորդում էին:
Ստեղծագործական հաճախակի լռության եւ դրանց շերտերում թաքնված ազգային խիտ գույների առկայությունն է թերեւս այն ընդհանուրը, որ Դավիթ Սարգսյանին առիթ տվեց զուգահեռներ անցկացնելու Տերտերյանի եւ Փարաջանովի արվեստների միջեւ, ինչպես եւ արեւմուտքի ու արեւելքի մշակութային շերտերի համադրումը, ազգային, ավանդական ատաղձի վրա կառուցված նորարարությունը: Ավետ Տերտերյանի ստեղծագործությունը հանգամանալի ներկայացվեց երաժշտագետ Գոհար Շագոյանի խոսքում, մասնավորապես անդրադարձ եղավ «Ցնցում» («Երկրաշարժ») օպերայի եւ դրա պրեմիերայի աննախադեպ հաջողությանը Գերմանիայում, ավելի ուշՙ Երեւանում, ինչպես նաեւ հայոց այբուբենի փառաբանման 6-րդ սիմֆոնիայինՙ նվիրված կնոջըՙ Իրինա Տիգրանովային:
Հստակ ու պատկերավոր էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ելույթը. «Տերտերյանի գործերը հորինվածքներ չեն, դրանք լսվածքներ են: Համաշխարհային կոմպոզիտորական դպրոցում սեւագիր չունեցող կոմպոզիտորներ երկուսն ենՙ Մոցարտը եւ Տերտերյանը»:
Հետկոմիտասյան կոմպոզիտորական դաշտում Ավետ Տերտերյանը, ըստ բանախոսների, դասվեց Արամ Խաչատրյանի կողքին:
Տերտերյանի ստեղծագործական ներշնչումները միայն հայրենի հողում են ծնունդ առելՙ Դիլիջանի կոմպոզիտորների տանը եւ Սեւանին մերձ Այրիվանք բնակավայրի իր տանը: Առաջարկ եղավ այն կոմպոզիտորի տուն-թանգարան դարձնել:
Մ. Բ.