«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ՀԱՍՆԻ՞ՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏՆԻ՞ՆՔ ՎԱՆ

Այսօր քաղաքականության հետ քիչ թե շատ կապ ունեցող գրեթե յուրաքանչյուր ոք առիթը բաց չի թողնում խոսելու հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների բացման մասին: Բոլոր կուսակցությունները հանդես են գալիս հայտարարություններով, ոմանք հանրահավաք են անում, ոմանք կողմ են, ոմանք` դեմ: Նույնիսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է իր հրավիրած ասուլիսում խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Այո, «պահը բեկումնային է»:

Այս քննարկումներում, սակայն, չի լսվում կամ թույլ լսելի է ժողովրդի ձայնը. ուզո՞ւմ են արդյոք նրա տարբեր խավերը, տարբեր սերունդները այդ սահմանի բացումը` այս դրույթներով, կամ առհասարակ ուզո՞ւմ են «հարեւանություն» անել Թուրքիայի հետ: Չէ՞ որ սահմանի բացումը առաջին հերթին ենթադրում է ժողովուրդների շփում:

«Ազգ»-ը որոշեց լսելի դարձնել ժողովրդի, ինչպես ասում են, ամենաակտիվ ու ամենաանպաշտպան խավի` ուսանողության ձայնը:

ԵՊՀ-ի բակում անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ ուսանողության մեծամասնությունը (համենայն դեպս, իմ կողմից հարցվածների) տեղյակ չէ «Հայ-թուրքական արձանագրությունների» մասին, իսկ ոմանց կարծիքով` Թուրքիայի հետ սահմանի բացումը կնպաստի «ամառները ավելի էժան Անթալիա գնալուն», իսկ սա, նրանց կարծիքով, իհարկե, շատ լավ է:

Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Արմենն այս ամառ հանգստանալով նույն Անթալիայում` շատ տպավորված էր թուրքական հյուրասիրությունից ու ծառայություններից: «Սահմանը բացեն, ավելի շատ մարդ կգնա, մեկը` ես, ճար լինի, ամեն տարի կգնամ», նշեց նա:

Պատկերը փոքր-ինչ ավելի ամբողջական դարձնելու համար, զրույցի հրավիրեցինք մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Կարենին, հայ բանասիրականից` Աիդային, արեւելագիտության ֆակուլտետից` ապագա թուրքագետ Վահեին եւ հայոց պատմության ֆակուլտետից` Լիանային:

«Ի՞նչ եք մտածում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին», նրանք պատասխանեցին. Կարեն (միջ. հար. ֆակ.). «Սահմանի բացումը պետք է: Երբ որեւէ շենքում հարեւանները միմյանց հետ չեն խոսում, չեն շփվում, դա վնաս է ամբողջ շենքին, դա խոսում է ողջ շենքի վատը լինելու մասին: Նույնը քաղաքականության մեջ է. մենք հո չե՞նք ուզում, որ վատ տարածաշրջանում ապրենք: Հիմա այսպիսի հարեւաններ ունենք, ի՞նչ անենք, խռովենք, նստենք «տա՞նը»: Ո՛չ, սահմանի բացումը, շփվելը` բոլոր ոլորտներում, մեզ երկուսիս էլ պետք է, դրանից շահելու ենք եւ մենք, եւ Թուրքիան»:

«Ես համաձայն չեմ», շարունակեց բանասիրականի ուսանող Աիդան,- սահմանի բացումը, առանց ցեղասպանության ճանաչման, չի կարելի: Կարենն օրինակ բերեց շենքի մասին, ուրեմն ասեմ, եթե երկու հարեւան վիճում են, ապա միշտ առաջին քայլն անում է վիրավորողը: Թուրքիան մեզ, մեղմ ասած, «վիրավորել» է, եւ առաջին քայլը, այսինքն` Ցեղասպանության ճանաչումը, պետք է նրա կողմից լինի: Բայց, մյուս կողմից էլ, անշուշտ, սահմանի բացումը մեզ հնարավորություն կտա անարգել այցելելու մեր պատմական հայրենիք եւ առհասարակ` Թուրքիա: Իսկ վերջինս այսօր, եկեք խոստովանենք, մեր երիտասարդության մեջ բավական «հարգարժան» երկիր է` հյուրընկալվելու համար»:

Ապագա թուրքագետ Վահեի կարծիքը հետեւյալն էր. «Ես, ճիշտն ասած, այնքան էլ ծանոթ չեմ այդ արձանագրություններին, բայց գտնում եմ, որ Թուրքիայի հետ վաղ թե ուշ պետք է ունենանք բաց սահման: Դա, նախ, կմեծացնի մեր հեռանկարները տարածաշրջանում, ապա նաեւ, ըստ իս, զգալիորեն կբարելավի այսօր Թուրքիայում ապրող հայերի իրավական կարգավիճակը, իսկ նրանց թիվը մի քանի տասնյակ հազար է: Նրանք անհամեմատ ավելի ազատ կզգան իրենց այդ երկրում: Եվ մի բան էլ ասեմ, Թուրքիան, ժողովո՛ւրդ, «բոբո» չէ, նա նորմալ երկիր է, որն, այո, կատարել է մեծ հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ, բայց սա չի նշանակում, թե մենք չենք կարող հասնել արդարության վերականգնմանը` արդեն բաց սահմաններով ապրելիս»:

«Ինձ առավել մտահոգում են արձանագրություններում նշված պատմական հանձնաժողովների քննարկումները,- սա ապագա պատմաբան Լիանայի կարծիքն է,- ի՞նչ պետք է նրանք քննարկեն, եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: Վերջերս հենց «Ազգ»-ում կարդացի, որ քաղաքական գործիչներից մեկը ասում է, եկեք պահանջենք Թուրքիայից նրանց պատմական արխիվները` դրանցով ապացուցելով ցեղասպանության իրողությունը, բայց մի՞թե Թուրքիան կտա մեզ այդ արխիվները, կամ պահպանած կլինի՞ արդյոք: Սահմանի բացումը պետք է, բայց միայն լայն քննարկումներից հետո: Եթե կուզեք, իմ կարծիքն է, որ այս հարցը հանրաքվեի դրվի, իհարկե, եթե հնարավոր է` իրավական տեսանկյունից: Սա կուսակցությունների, կառավարության որոշելիքը չէ միայն: Այդ սահմանով պատգամավորները չեն անցնելու, այլ` ժողովուրդը, ուրեմն սա ժողովրդի լուծելիք հարցն է»:

ԵՊՀ այլ ուսանողների հետ իմ զրույցներից իմացա, որ նրանցից ոմանք արդեն թուրք ընկերներ ունեն, որոնց հետ համացանցի միջոցով են ծանոթացել: Նրանց խոսակցությունների թեմաները բազմազան են` առօրյան, միմյանց հետաքրքրությունները, նկարների փոխանակում, նույնիսկ սիրո խոստովանություններ են լինում: Բայց կա մի թեմա, որի մասին համակարգչի առջեւ նստած հայ եւ թուրք ընկերները խուսափում են միմյանց հետ խոսել` Հայոց ցեղասպանության թեման:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4