«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բացառիկ հովանավորությամբ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 24-ը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը:
Վերադարձի փառատոն խորագրով ծրագրի իրականացման հիմնական նպատակը ընգծված է հենց վերնագրի մեջ:
Այն կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից եւ իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին:
Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթացՙ այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրելու հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
Սեպտեմբերի 18-ին, ժ.12.00-ին, «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունում (Վարդանանց 7) տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնի հանդիսավոր բացման համերգին նվիրված մամլո ասուլիսը:
Մասնակցում են կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժող.արտիստ Էդվարդ Միրզոյանը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն, փառատոնի հիմնադիր Գարիկ Նազարյանը, Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), Միքայել Բալյանը, կլավեսին (Գերմանիա), դիրիժոր Արամ Թալալյանը:
Փառատոնի հիմնադրման օրից «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը փառատոնի բացառիկ հովանավորն է, եւ գլխավորապես այդ հանգամանքի շնորհիվ է կայացել եւ շարունակական ընթացք ստացել Վերադարձի դասական երաժշտության փառատոնը: