«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ԵՐԿՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ, ՄԵԿ ՄԱՐԶԻՉ

Ինչպես երեւում է, Հայաստանում կանանց ֆուտբոլի մասնագետները սակավաթիվ են: Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ կանանց Հայաստանի ազգային եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները գլխավորում է միեւնույն անձըՙ Սամվել Ադամյանը: Իհարկե, դրանում սարսափելի ոչինչ չկա: Սակայն ստացվել է այնպես, որ նրա գլխավորած հավաքականները միեւնույն օրը տարբեր վայրերում պաշտոնական կարեւոր հանդիպումներ են անցկացնելու եւ, բնականաբար, գլխավոր մարզիչը չի կարող միաժամանակ ներկա գտնվել երկու մրցախաղերին էլ:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարի անդրանիկ տուրում հյուրընկալվելու է ֆիններին: Իսկ նույն օրը Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականը Հունգարիայում Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում ուժերը չափելու է բելգիացիների հետ:

Ստեղծված իրավիճակում որոշվել է, որ Սամվել Ադամյանը կգլխավորի ազգային հավաքականը ֆինների հետ երեւանյան խաղում, իսկ հանդիպումից հետո 4 ֆուտբոլիստուհիների հետ կմեկնի Հունգարիա, որպեսզի հասցնի իր սանուհիների գործողությունները ղեկավարել գոնե հաջորդ խաղում, որը կայանալու է տանտերերի հետ սեպտեմբերի 21-ին: Ընտրական մրցաշարի վերջին խաղը մեր 19 տարեկան ֆուտբոլիստուհիները կանցկացնեն սեպտեմբերի 24-ին լատվիացիների հետ: Այնպես որ, մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր մրցավայր կմեկնի առանց գլխավոր մարզչի: Իսկ առաջին խաղում հավաքականի գործողությունները կղեկավարի Ադամյանի օգնական Լիանա Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց ազգային հավաքականին, ապա մեր ֆուտբոլիստուհիները բավական դժվարին ընտրական խմբում են հայտնվել: Ընտրական 7-րդ խմբում բացի ֆիններից, մեր թիմի մրցակցուհիները կլինեն Իտալիայի, Պորտուգալիայի եւ Սլովենիայի հավաքականները: Այս տարի մեր հավաքականը կանցկացնի եւս մեկ խաղՙ նոյեմբերի 25-ին հյուրընկալվելով իտալացիներին:

Իհարկե, մեր ֆուտբոլիստուհիներից առանձնակի ակնկալիքներ չկան: Կանանց ֆուտբոլը Հայաստանում ցածր մակարդակի է, թիմերի քանակըՙ շատ սահմանափակ, հետաքրքրասիրություն էլ այս մարզաձեւի նկատմամբ չկա: Գուցե հենց դրանով պետք է բացատրել այն փաստը, որ սեպտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականի մրցախաղի նույն ժամին Երեւանի մեկ այլ մարզադաշտումՙ «Նաիրիում» նշանակված է առաջնության 22-րդ տուրի «Բանանց»-«Փյունիկ» սկզբունքային հանդիպումը, իսկ Աբովյանում մրցելու են «Արարատն» ու «Շիրակը»: Բնականաբար, ֆուտբոլասերները նախընտրելու են առաջնության հանդիպումը: Այնպես որ կանանց հավաքականին հարկ կլինի «Հրազդանում» դատարկ տրիբունաների առջեւ խաղալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4