Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը կմասնակցի սեպտեմբերի 18-26-ը բելգիական Անտվերպեն քաղաքում կայանալիք մրցաշարին: Գաբրիելն իր վարկանիշով (2678) զիջում է միայն ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին (2709): Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Իսրայելը ներկայացնող Էմիլ Սուտովսկին (2676), հնդիկ շախմատիստ Կրիշնան Սասիկիրանը (2661), լեհ Բարտոզ Սոչկոն (2637), Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դավիթ Հովելը (2624), հոլանդացի փորձառու գրոսմայստեր Յան Թիմանը (2588), ուկրաինուհի Աննա Մուզիչուկը (2542), բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան (2535) եւ բելգիացի Բարտ Միխելսը (2451):
Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2610 է: Շրջանաձեւ մրցակարգով կանցկացվի 9 տուր: Այսօր կայանալիք անդրանիկ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով մրցելու է ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ: Այդ պարտիան մեկնարկային տուրի կենտրոնական հանդիպումը կլինի: Կկայանան նաեւ Թիման-Ստեֆանովա, Միխելս-Սասիկիրան, Մուզիչուկ-Հովել, Սուտովսկի-Սոչկո պարտիաները: