«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2009-09-16 | #167, 2009-09-17 | #168, 2009-09-18


ՄԵԼԻՔՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

Լուգանսկի «Զարյան», որում հանդես է գալիս Եղիշե Մելիքյանը, ստիպված կլինի դադարեցնել ելույթները ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում: Պաշտոնապես հայտարարվել է, որ «Զարյայի» ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ ակումբի ղեկավարությանը չի հաջողվել նոր հովանավոր գտնել: Ճիշտ է, առայժմ առաջնությունից դուրս գալու փաստաթղթերը չեն ուղարկվել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ թիմի երկրպագուները խնդրել են գոնե փոխարինող կազմով դուրս գալ խաղադաշտ Զապորոժիեի «Մետալուրգի» հետ առաջիկա խաղում: Ըստ տեղեկությունների, գումար չկա նույնիսկ ֆուտբոլիստներին կերակրելու եւ թիմի ավտոբուսի համար վառելիք գնելու:

1972-ի ԽՍՀՄ չեմպիոն Լուգանսկի «Զարյան» հիմնադրվել է 1939-ին: Թիմի համար դժվարին ժամանակները սկսվեցին ակումբի նախագահ Վալերի Բուկաեւի մահից հետո: Նրա պաշտոնը ստանձնեց կինը` Մարինան, որը «Լուգանսկինտերռեսուրս» ԲԲԸ-ի սեփականատերն է: Ակումբը հայտնվեց պարտքերի մեջ, ֆուտբոլիստներն ամիսներով աշխատավարձ չստացան: Մարինա Բուկաեւան փորձեց նոր հովանավորներ գտնել, բանակցեց մարզի ղեկավարության հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց շտկել դրությունը: Ուստի Բուկաեւան ստիպված էր պաշտոնապես հայտարարել թիմի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:

«Զարյան» 3 անընդմեջ պարտություններով սկսեց Ուկրաինայի առաջնությունը: 6 տուրից հետո թիմը միայն մեկ հաղթանակ է տարել բարձրագույն խմբի նորեկ «Զակարպատիեի» նկատմամբ: 4-րդ տուրից հետո թիմի գլխավոր մարզիչ Անատոլի Վոլոբուեւը հեռացվեց պաշտոնից, որին փոխարինեց Յուրի Դուդնիկը: Ինչպես երեւում է, հայի բախտն ուղեկցում է Եղիշե Մելիքյանին, եւ նա էլ շատերի պես ստիպված կլինի վերադառնալ հայրենիք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4