«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


ԱՆՀԱՇՏ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Սեւիլիայում սկսվել է Կասպարով-Կարպով շախմատային յուրօրինակ մրցավեճը, որը նվիրված է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նրանց միջեւ անցկացված մրցամարտի 25-ամյակին: Մրցակիցները 4 պարտիա կանցկացնեն արագ շախմատի կանոններով, 8 պարտիայում էլ ուժերը կչափեն կայծակնային խաղում:

Արագ շախմատի առաջին երկու պարտիաներն էլ ավարտվեցին Գարի Կասպարովի հաղթանակով: Առաջին պարտիայում 20-րդ քայլին Կասպարովը նորույթ կիրառեց` զոհաբերելով զինվորը, իսկ չորս քայլ հետո Կարպովը սպառեց ժամանակը: Երկրորդ պարտիայում 21-րդ քայլին արդեն Կարպովը փորձեց զոհաբերել զինվորը, սակայն Կասպարովը չընդունեց, փոխարենը ձիուն զոհաբերեց եւ մատային սպառնալիք ստեղծեց մրցակցի արքայական թեւում: Կարպովը ստիպված էր 28-րդ քայլին ընդունել պարտությունը:

Մինչեւ մրցախաղի մեկնարկը Կարպովն ու Կասպարովը մասնակցեցին միաժամանակյա խաղի սեանսին, որը կազմակերպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ, անգլիական «Պորտսմուտ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Սուլեյման ալ Ֆահիմը: Նա շախմատի մեծ սիրահար է, 5 տարեկանում իր հասակակիցների շրջանում դասակարգման ցուցակում 5-րդ տեղն էր զբաղեցնում: Նա եւս մասնակցեց սեանսին: Կասպարովը հաղթեց իր բոլոր 20 մրցակիցներին, իսկ Կարպովի հակառակորդներից միայն իսպանացի անվանի շախմատիստուհի Իրենա Արկեսին հաջողվեց ոչ-ոքի ավարտել պարտիան:

46-ամյա Կասպարովը 3 տարի առաջ պաշտոնապես ավարտեց ելույթները եւ իրեն ամբողջովին նվիրեց քաղաքականությանը` դառնալով Ռուսաստանի ընդդիմության ակտիվ ներկայացուցիչներից մեկը: Նա Կարպովի հետ մրցախաղին նախապատրաստվել է տանը` Խորվաթիայում, ապա Օսլոյում մի քանի պարտիայից բաղկացած մրցախաղ է անցկացրել Մագնուս Կառլսենի հետ, որին ժամանակին իր հետնորդն էր համարում: Կասպարովը Սեւիլիա է ժամանել մոր` Կլարա Շահենովնայի հետ:

Իսկ ահա 58-ամյա Կարպովը մրցավայր է ժամանել իր մարտավկաների հետ: Գլխավոր մարզիչը մոլդովացի Վիորել Բոլոգանն է, որին օգնում են ուկրաինացի Ալեքսանդր Օնիշչուկն ու ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւը:

Մրցանակային հիմնադրամի մասին ոչինչ հայտնի չէ: Բայց կարելի է ենթադրել, որ խոշոր գումարներ են խաղարկվում, այլապես Կարպովն ու Կասպարովը դժվար թե համաձայնեին մրցախաղ անցկացնել: Ի դեպ, միջադեպերից խուսափելու համար մրցախաղի կազմակերպիչները մասնակիցներին տարբեր հյուրանոցներում են տեղավորել` հաշվի առնելով նրանց միջեւ ժամանակին եղած հակամարտությունը:

Տարեց շախմատասերները կհիշեն, թե ինչպիսի լարված մթնոլորտում էր տեղի ունենում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Մոսկվայում անցկացվող Կարպով-Կասպարով մրցախաղը: Անատոլի Կարպովին աշխարհի չեմպիոնի տիտղոսը շնորհվել էր այն բանից հետո, երբ շախմատային թագի տիրակալ Ռոբերտ Ֆիշերը հրաժարվել էր մրցախաղից: Այնուհետեւ Կարպովն ուժեղագույնի տիտղոսը երկու անգամ հաջողությամբ պաշտպանել էր Վիկտոր Կորչնոյի հետ մրցախաղերում: Վերջինս հեռացել էր ԽՍՀՄ-ից ու բնակվում էր Շվեյցարիայում:

Եվ ահա 25 տարի առաջ` 1984-ի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում տրվեց Կարպով-Կասպարով մրցախաղի մեկնարկը: Մրցակարգի համաձայն, չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ էր 6 հաղթանակ տոնել: Մեկնարկն անհաջող դասավորվեց Կասպարովի համար, որն առաջին 12 պարտիաներում 4 պարտություն կրեց: 31-րդ պարտիայից հետո Կարպովը մրցախաղը շահում էր 5-0 հաշվով եւ թվում էր, թե ուր որ է, աշխարհի չեմպիոնը վերջնական հաջողության կհասնի: Սակայն 32-րդ պարտիայում Կասպարովն առաջին անգամ ստիպեց մրցակցին հանձնվել, այնուհետեւ երկու անընդմեջ հաղթանակ տարավ:

Այն ժամանակ Անատոլի Կարպովին համակրում էր խորհրդային իշխանության կուսակցական վերնախավը, որը շահագրգռված էր աշխարհի չեմպիոնի հաղթանակով: Եվ ահա զգալով, որ մրցախաղում կշեռքի նժարը թեքվում է Կասպարովի կողմը, որոշվեց մրցախաղը դադարեցնել` պատճառաբանելով մասնակիցների առողջական վիճակը: 1985-ի փետրվարի 8-ին ՖԻԴԵ-ի այն ժամանակվա նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսը հայտարարեց, որ խորհրդակցելով մրցախաղի մասնակիցների հետ, մտահոգվելով նրանց առողջությամբ, որոշվել է դադարեցնել հանդիպումը: Այդ պահին 48 պարտիա էր խաղացվել, 5-3 հաշվով մրցախաղը շահում էր Կարպովը:

Կասպարովը մինչ օրս էլ համոզված է, որ իրեն խաբել են, որ այդ մրցախաղում ինքը կհաղթեր: Կարպովն էլ նշում է, որ իրեն կհաջողվեր 6-ր հաղթանակը տոնել ու պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

7 ամիս անց մրցակիցները կրկին նստեցին խաղատախտակի շուրջը: Այս անգամ մրցակիցները պետք է 24 պարտիա անցկացնեին: Կասպարովը հաղթեց 13-11 հաշվով եւ դարձավ աշխարհի 13-րդ չեմպիոնը: Դրանից հետո Կասպարովը եւս 3 անգամ Կարպովի հետ վիճարկեց շախմատային թագը: Դրանցից երկուսում նա հաղթեց, 3-րդն ավարտվեց ոչ-ոքի, որը հնարավորություն տվեց Կասպարովին պահպանելու շախմատային թագը: Ամեն դեպքում, Կասպարովի եւ Կարպովի դիմակայությունը նախորդ դարի 80-ականների շախմատային գլխավոր իրադարձությունն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4