«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻՆ ՏԻՐԵԼԸ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄ ՉԷ

Այսօր «Հանրապետական» մարզադաշտում 2008-ի ֆուտբոլային վերջին ավարը` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կվիճարկեն անցյալ տարվա չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատը»: Չգիտես ինչու, խաղը նշանակվել է բավական ուշ ժամի` 20-ին: Հանդիպումը սպասարկելու է Կարեն Նալբանդյանը:

Եվրոպական երկրներում Սուպերգավաթը սովորաբար խաղարկում են նոր մրցաշրջանի շեմին, երբ նախորդ առաջնության չեմպիոնն ու գավաթակիրը պահպանել են իրենց մարտունակությունը: Հայաստանում սկզբում պատվավոր մրցանակը վիճարկում էին առաջնության ավարտից անմիջապես հետո: Այնուհետեւ որոշվեց վճռորոշ հանդիպումն անցկացնել մայիսին: Վերջին երկու տարիներին մրցանակը խաղարկվում է Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը`սեպտեմբերի 24-ին:

Ցավոք, նախորդ մրցաշրջանի դափնեկիրները զգալիորեն իջեցրել են իրենց խաղամակարդակը: Դա հատկապես վերաբերում է «Արարատին», որի կազմում նախորդ առաջնության մասնակիցներից ընդամենը մի քանի ֆուտբոլիստ է մնացել: «Արարատի» համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է Սուպերգավաթի նվաճմամբ գոնե մի փոքր ուրախացնել իր համակիրներին, որոնց ընթացիկ մրցաշրջանում շատ դառնություններ է պատճառել: Սակայն պետք է փաստել, որ այսօր Սուպերգավաթը Հայաստանում հեղինակություն չի վայելում, մրցանակի նվաճումը ոչինչ չի տալիս թիմերին ոչ ֆինանսական, ոչ էլ եվրոգավաթներին մասնակցության առումով: Ուստի պատահական չէ, որ, օրինակ, անցյալ տարի «Փյունիկը» «Բանանցի» հետ Սուպերգավաթի հանդիպմանը ներկայացել էր փոխարինող կազմով, քանի որ մի քանի օր անց չափազանց կարեւոր մրցախաղ էր անցկացնելու «Արարատի» հետ:

Ինչպես երեւում է, այս անգամ էլ պատմությունը կրկնվում է: Սեպտեմբերի 27-ին «Փյունիկն» առաջնության վճռորոշ խաղ է անցկացնելու «Ուլիսի» հետ, ուստի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատրաստվում է կրկին մրցասպարեզ հանել փոխարինող կազմը: «Արարատը» եւս շատ կարեւոր հանդիպում ունի «Կիլիկիայի» հետ, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին: Այնպես որ արարատցիներն էլ թերեւս հանդես կգան ոչ հիմնական կազմով: Իսկ այդ դեպքում Սուպերգավաթի մրցախաղի նկատմամբ հետաքրքրասիրությունը խիստ կնվազի:

Ինչեւէ, սա է իրականությունը: «Արարատն» ու «Փյունիկը» 2-րդ անգամ են վիճարկելու մրցանակը: 1997-ին կայացած խաղում «Փյունիկը» Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ 2-0 հաշվով հաղթեց Արկադի Անդրեասյանի սաներին, որոնց երկու շաբաթ առաջ պարտվել էին ՀՀ գավաթի եզրափակիչում (0-1):

«Փյունիկը» վեցակի սուպերգավաթակիր է, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Փյունիկցիները 10-րդ անգամ են վիճարկելու մրցանակը, ընդ որում 2002-ից սկսած` անընդմեջ: 2007-ին եւ 2008-ին «Փյունիկը» հաջողության է հասել «Միկայի» (2-1) եւ «Բանանցի» (1-0) նկատմամբ: Թիմի ներկայիս կազմից կրկնակի սուպերգավաթակիրներ են Սարգիս Հովսեփյանը, Գեւորգ Ղազարյանը, Գրիգոր Մելիքսեթյանն ու Արտակ Անդրիկյանը: Արարատցիներից միայն Ռաֆայել Սաֆարյանն է վայելել մրցանակը շահելու բերկրանքը: Դա 2007-ին էր` «Փյունիկի» կազմում:

Հանրապետության չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ Սուպերգավաթի մրցախաղ անցկացնելու գաղափարը ՀՖՖ նախկին նախագահ Արմեն Սարգսյանինն է: Մրցանակն անվանվեց հայկական ֆուտբոլի երախտավոր, 1995-ին 63 տարեկանում մահացած Հակոբ Տոնոյանի անվամբ: Սուպերգավաթի առաջին դափնեկիրը Գյումրիի «Շիրակն» է, որը 1996-ին 3-1 հաշվով հաղթեց «Փյունիկին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4